Մինչ խոսքի ազատության եւ ժողովրդավարության անհրաժեշտության, եւ իշխանությունների քաղաքական կամքի մասին խոսակցությունները նոր թափ են ստանում ընտրությունների նախաշեմին, վերջին երկու օրերին` հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալությունից հետո, դատախազությունն հայտարարել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է եւ նա ազատ է արձակվել:
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը փետրվարի 6-ին որոշում է կայացրել փոփոխել Հ.Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Նկատի ունենալով, որ Հ.Գեւորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր՝ դատախազի գնահատմամբ նման պայմաններում բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Ուստիեւ որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին»,-տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:
Տեղեկացնենք, որ փետրվարի 3-ին, առավոտյան աշխատանքի գալու ճանապարհին լրագրող եւ օրաթերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանին շրջապատել են քաղաքացիական հագուստով անձինք և տարել անհայտ ուղղությամբ, իսկ ավելի ուշ նա ձերբակալվել եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռեւս հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ:
Սակայն, «Հայկական ժամանակի» տարածած հայտարարությունը, ինչպես նաեւ լրագրողական շրջանակները այս օրերին սոցիալական ցանցերում ծավալած բուռն քննարկումներում, լրագրողի ձերբակալությունը որակում է որպես շինծու ու սարքած:
«Զարգացումները, կասկածի տեղ չեն թողնում, որ Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը եւ շինծու քրեական հետապնդումը հրահանգավորված են անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից: Ենթադրում ենք, որ վերջինիս նյարդերը վերջնականապես տեղի են տվել «Հայկական ժամանակի» 2012թ. փետրվարի 3-ի թողարկման առաջին էջում լույս տեսած «Մե պուճուր նվեր» հրապարակման պատճառով, որը վերաբերում է Վովա Գասպարյանի 120-150 հազար դոլար արժողությամբ «G» դասի «Մերսեդեսի» ծագումնաբանությանը»,-նշվում է «Հայկական ժամանակի» հայտարարության մեջ` նշելով, որ իրադարձությունների այսօրինակ ընթացքը հիմք է տալիս արձանագրելու, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ»:
Ըստ դատախազության, Հայկ Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով. ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար, ինչը Գեւրոգյանին ճանաչողների համար առնվազն անհեթեթություն է:
Ինքը տուժողը` ներկայումս գործազուրկ Աշոտ Ֆրանգուլյանը, ոստիկանության տեսանյութում պնդում է, որ «Հայկական ժամանակ»-ի լրագրող Հայկ Գեւորգյանը իրեն վրաերթի ենթարկելով` թողել է անօգնական ու հեռացել` միեւնույն ժամանակ իրարամերժ փաստեր ներկայացնելով:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հրավիրած երկու ասուլիսներում հայտարարել է, որ Հայկի գործով «ամեն ինչ նախապես բեմադրված է եղել»:
Նա նշել է, որ նմանատիպ գործողություններով եւ նման կարգի լկտի կեղծիքներով իշխանությունները փորձում են լռեցնել լրագրողներին:
«Փորձում են լռեցնել մի լրագրողի, որը ընդամենը շատ փոքրիկ կոռուպցիոն երեւույթներ է բացահայտել, պատկերացրեք, թե ինչ կլինի այն լրագրողների հետ, ովքեր շատ շուտով կսկսեն բացահայտել ընտրակեղծիքներ, կբացահայտեն այնպիսի երեւույթներ, որոնք ցույց կտան, որ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու` Սերժ Սարգսյանի խոստումը ընդամենը փուչիկ է, ընդամենը հանրության` հայաստանյան եւ միջազգային հանրության աչքերին թոզ փչելուն ուղղված արտահայտություն է»,-ասել է Փաշինյանը։
Հայկ Գեւորգյանի գործի հետ կապված խոսել է նաեւ իշխանության ներկայացուցիչը:
«Ազատություն» ռադոկայանին տված մեկնաբանությունում, ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ թեեւ շատ հարգում է հայկական լրատվամիջոցների խոսքի ազատության եւ մարդկանց անմեղության կանխավարկածի իրավունքը, սակայն չի մեկնաբանում իրավական հարցերը, մանավանդ որ «նախաքննության փուլ է»։
«Մեր բոլոր խնդիրները ուղղված են նրան, որպեսզի Հայաստանում իրոք լինի ժողովրդավարություն։ ժողովրդավարություն առանց խոսքի ազատության հնարավոր չէ։ Դրա համար ես այս պահին ձեռնպահ կմնամ գնահատական տալուց, չեմ ցանկանում միջամտություն անել, գտնում եմ, որ սա իրավական խնդիր է, եւ հավատում եմ, որ Հայաստանում այնպիսի համակարգ է, որ հնարավոր չէ` այստեղ խոսքի ազատության որեւէ ոտնահարում հանդուրժվի. սա հստակ իմացեք», - հայտարարեց Շարմազանովը։
© Medialab.am
|