«Արևածաղիկ» Փառանձեմ Հովհաննիսյանին. «Մեդիալաբն» արժանացել է իր երրորդ մրցանակին

09/12/11

Այսօր ամփոփվել են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հայտարարած «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման իններորդ մրցույթի արդյունքները, որում «Մեդիալաբն» արժանացել է իր երրորդ մրցանակին:

«Լավագույն տպագիր նյութ» անվանակարգում «Մեդիալաբի» թղթակից Փառանձեմ Հովհաննիսյանն արժանացել է երրորդ մրցանակի` «Առանց ընտանիքի. մանկատան երեխաներն ամեն օր սպասում են իրենց ծնողներին» հոդվածի համար:

Այս անվանակարում առաջին մրցանակ չի շնորհվել, երկրորդ մրցանակի է արժանացել haynews.am կայքից Արփի Մաղաքյանը:

Ամենամյա մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է:

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների հայտարարած լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթին այս տարի մասնակցել էր 44 լրագրող Երևանից և հանրապետության մարզերից: Ներկայացվել է 60 աշխատանք (40 տպագիր, 5 ռադիո, 15 հեռուստատեսային):

Հանձնաժողովի գնահատմանը կարող էին ներկայացվել 2010 թ. նոյեմբերի 20-ից 2011 թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը, որոնք պետք է հիմնված լինեին հաշմանդամության խնդիրների խոր և համակողմանի ուսումնասիրության վրա, վեր հանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնախնդիրները` ներկայացնելով դրանց հաղթահարման դրական օրինակներ, նպաստեին նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարին և պահպանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց նկարահանելու և ձայնագրելու էթիկան:

Թեև այս տարի ներկայացված էին նաև մուլտիմեդիային նյութեր, ժյուրին բոլոր աշխատանքները գնահատեց` ելնելով արդեն իսկ սահմանված անվանակարգերից և դասական մեդիայի չափանիշներին համապատասխան, նոր անվանակարգերը թողնելով հաջորդ` 2012-ի համար:

«Լավագույն տեսանյութ» անվանակարգում 1-ին մրցանակին է արժանացել «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող Լիանա Մինասյանը, 2-րդ մրցանակը շնորհվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանին` ներկայացված տեսանյութի համար: «Ար» հեռուստաընկերության լրագրող Արմինե Օլեյանն արժանացել է 3-րդ մրցանակին:

Խրախուսական մրցանակների են արժանացել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Աննա Հայրապետյանը, «Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանը և Մանե Գրիգորյանը` haynews.am լրատվական-վերլուծական ինֆորմացիոն կայքից:

«Լավագույն ռադիոնյութ» անվանակարգում ևս մրցանակներ չեն շնորհվել:

Հատուկ մրցանակ է շնորհվել Մերի Ալեքսանյանին` hra.am առցանց պարբերականում զետեղված «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը» նյութի համար:

Մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շնորհակալագիր հանձնեց «Առավոտ» օրաթերթին հաշմանդամության խնդիրը պարպերաբար լուսաբանելու և հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար:

© Medialab.am

scroll back to top
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner