Խոսքի ազատություն. վիրավորանքի եւ զրպարտության հոդվածների ապաքրեականացումը վիճահարույց իրադրություն է ստեղծել

05/05/11

Վիրավորանքի եւ զրպարտության հոդվածների ապաքրեականացումն ընդդիմադիր լրատվամիջոցներին կարող է սնանկացման հասցնել:

Հայաստանում զրպարտության եւ վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումը ողջունվել է միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն այս ամենի արդյունքում` երկրում միայն այս տարվա երեք ամիսներին լրատվամիջոցների դեմ դատական հայցերի թիվն անցնել է մեկ տասնյակից, որը հասարակական սեկտորի ներկայացուցիչներն ու լրագրողները խոսքի ազատության լուրջ սահմանափակում են համարում:

Նախկինում վիրավորանքն ու զրպարտությունը համարվում էին քրեորեն պատժելի հանցանքներ (ՀՀ Քրեական օրենսգրքի 135 եւ 136 հոդվածներ)։ Զրպարտության համար նախատեսվում էր տուգանք 500 000-ից 1 մլն դրամի չափով կամ ազատազրկում` առավելագույնը մեկ տարի ժամկետով։ Վիրավորանքի համար սահմանված էր տուգանք 400 000- 800 000 դրամի չափով:

2010 թվականի մայիսի 18-ին ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում ավելացվեց 1087.1 հոդվածը, որի համաձայն` զրպարտության դեպքում սահմանվում է փոխհատուցում նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով (2 մլն դրամ), իսկ վիրավորանքի համար անձը կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով (1 մլն դրամ)։

Փոփոխությունների գաղափարը ողջունեց ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը եւ գնահատեց որպես առաջընթաց խոսքի ազատության ոլորտում։ Դա ամրագրվեց նաեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգի զեկույցում։ Սակայն այս օրենսդրական փոփոխությունը, կարծես ճիշտ հակառակ ազդեցություն է ունեցել:

Հոդվածի ապաքրեականացումից հետո Հայաստանի ներկա ու նախկին պետական պաշտոնյաները սկսեցին անընդմեջ դատական հայցեր հարուցել լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության համար:

Ընդ որում, բոլոր դատական հայցերում պետական պաշտոնյաները պահանջում են փոխհատուցման առավելագույն չափը: «Եթե Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված լիներ մեկ միլիարդ (դրամ), մենք մեկ միլիարդ կպահանջեինք. խոսքը ԱԺ պատգամավորի մասին է, թույլատրելի չէ նման արտահայտություններ օգտագործել ԱԺ պատգամավորի հասցեին», - դատարանում այսպիսի հայտարարություն է արել ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը:

«Հանրապետական» կուսակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը «Երկիր» օրաթերթին դատի է տվել իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու համար եւ պահանջում է 3 մլն 568 000 դրամ: Թերթում տպագրված հոդվածի համաձայն` Արզաքանցյանն ազատ ժամանակն անցկացնում էր խաղատներում:

«Օրենքի ապաքրեականացումը լավ մտածված քայլ էր իշխանության կողմից ընդդիմադիր մամուլը վերահսկելի դարձնելու համար: Ուրիշ պատճառ չեմ տեսնում, քան հաշվեհարդարը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց մասին լավից բացի որեւէ բան կգրեն» , - ասում է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ում ղեկավարած թերթը վերջին շրջանում ամենաշատն է հայտնվել դատական գործընթացներում (Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով 3 դատական հայց է ներկայացվել թերթի դեմ):

Փորձագետների խոսքերով` փոփոխված օրենքի շնորհիվ հայկական լրատվամիջոցները կարող են ավելի մեծ ճնշման ենթարկվել:

Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը դատական հայցերը դիտում է որպես խոսքի ազատության սահմանափակում, որը լուրջ խնդրի առջեւ է կանգնեցնելու մամուլին. «Առաջին հերթին առաջ է բերելու ինքնագրաքննության մթնոլորտ, երբ լրագրողը կամ խմբագիրը կաշկանդված են լինելու եւ մի քանի անգամ պետք է մտածեն` արդյո՞ք հոդվածը հրապարակվելուց հետո կարող է իրենց լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ կանգնեցնել»:

Փորձագետի գնահատմամբ` օրենքում վիրավորանքը եւ զրպարտությունը շատ ընդհանրական են ձեւակերպված, որը հնարավորություն է տալիս դատավորներին կամայական որոշումներ կայացնել:

Վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով առաջին վճիռը կայացվեց 2011 թվականի հենց սկզբին: Դատարանը վճռեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի պատվին եւ գործարար համբավին հասցված վնասի համար յուրաքանչյուրին որպես փոխհատուցում պետք է վճարի 2 մլն 44000 դրամ։

Հետագայում մեկ այլ որոշում ընդունվեց «Հրապարակ» օրաթերթի դեմ` արգելանք դնել լրատվամիջոցի դրամական միջոցների վրա: Արգելանք կիրառելու միջնորդությունը արել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, ով վիրավորանքի եւ զրպարտության հոդվածներով գործ է հարուցել թերթի դեմ: Ավելի ուշ դատարանը բավարարեց արգելանքը հանելու միջնորդությունը լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի շնորհիվ:

Դատական գործը դեռ ընթացքի մեջ է. Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակ» թերթից պահանջում է հերքում եւ 6 մլն դրամ փոխհատուցում: ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքը նույնքան գումար էր պահանջել «Ժամանակ» թերթից իրենց ընտանիքի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը արատավորելու համար:

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը եւ մի քանի այլ խմբագիրներ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են համարում նաեւ Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, ով որպես փորձագետ մասնակցել է օրենքի փոփոխությունների մշակմանը:

Անդրեասյանը ապրիլի 7-ին արձագանքել է խմբագիրների մտահոգությանը` տալով որոշակի պարզաբանումներ։

Օմբուդսմենի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է, որ օրենքի կիրառումը մեծապես կախված է դատավորներից: Նրանք պետք է տեղյակ լինեն եւ կիրառեն Եվրոպական դատարանի նախադեպային գործերից բխող որոշումներ, լինեն անաչառ եւ սահմանեն վնասին համարժեք փոխհատուցում:

«Անընդունելի է լրագրողից պահանջել ապացուցել իր հրապարակած կարծիքների, գնահատող դատողությունների, մեկնաբանությունների ճշմարտացիությունն ու հավաստիությունը: Բացի այդ, լրագրողական ազատությունը լրագրողին թույլ է տալիս նաև դիմել որոշակի չափազանցության, նույնիսկ սադրանքների», - մեկ այլ դատական գործի առիթով ասել էր Մարդու իրավունքների պաշտպանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ օմբուդսմենը իր իրավասությունների շրջանակում արել է հնարավորը, խնդիրը դատական համակարգի մեջ է։

«Ես պնդում եմ, որ ապաքրեականացումը պրոգրեսիվ քայլ էր, բայց Հայաստանն այնպիսի երկիր է, որ նույնիսկ պրոգրեսիվ քայլը կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների»,- ասում է Մելիքյանը` մատնանշելով երկու հիմնական պատճառ` դատական համակարգի ոչ անկախ լինելը եւ հասարակության (այդ թվում`քաղաքական էլիտայի) անհանդուրժողականությունը քննադատության հանդեպ։

Օրենքի հիմնական թերություններն, ըստ փորձագետի, անհամաչափ մեծ տուգանքներն են եւ վիրավորանքի ու զրպարտության ոչ հստակ ձեւակերպումները, որոնք կարող են սուբյեկտիվ մեկնաբանությունների տեղիք տալ։ Ըստ Մելիքյանի, դրամական մեծ փոխհատուցում պահանջելով, քաղաքական գործիչները պարզապես ցանկանում են պատժել եւ հաշվեհարդար տեսնել իրենց քննադատողների հետ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) 2011-ի առաջին եռամսյակի ընթացքում արձանագրել է վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով 10 դատական հայց լրատվամիջոցների դեմ, եւս 3 հայց եղել է 2010-ի երկրորդ կեսին:

Այնուամենայնիվ, այս փոփոխությունները նաեւ դրական հետեւանքներ են ունեցել: Հատկանշական է, որ հոդվածների ապաքրեականացումից հետո կտրուկ նվազել են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը:

«Մինչ այդ ԶԼՄ-ների դեմ կռվում էին այլ միջոցներով` ծեծում էին, վախեցնում էին, մեքենաներն էին հրկիզում, ջարդում էին տեխնիկան եւ այլն: Հիմա որոշել են այլ կերպ հարված հասցնել` ֆինանսական ճնշման միջոցով լռեցնել», - ասում է «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

ՀՀ փաստաբանների պալատի (ՓՊ) ներկայացուցիչները եւս մտահոգված են վիրավորանքի եւ զրպարտության համար որպես փոխհատուցում պահանջվող ոչ ողջամիտ գումարների չափով, որոնց գրեթե կեսը միայն փաստաբանական ծախսերի փոխհատուցման համար պահանջվող գումարն է, քանի որ դա կարող է անվստահություն եւ ոչ հարգալից վերաբերմունք ձեւավորել փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:

Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը եւ մյուս փաստաբանները առաջարկում են դատարանների խորհրդին կրճատել փաստաբանական ծախսերի փոխհատուցման չափերը:

Իսկ լրատվամիջոցների դեմ դատական հայցեր հարուցող պաշտոնյաները հիմնականում դատական նիստերին ներկա չեն լինում ու մեկնաբանություններ չեն տալիս լրագրողներին: Իրենց քայլն իրենք համարում են խոսքի անարխիան զսպելու միջոց, այլ ոչ թե լրատվամիջոցների ազատության սահմանափակում: Իսկ փոխհատուցման գումարը խոստանում են ծախսել բարեգործական նպատակներով:

Մերի Ալեքսանյան

Կարինե Իոնեսյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)

scroll back to top
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner