|
Այսօր ձերբակալված «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի տարօրինակ գործի կապակցությամբ հայտարարություն է տարածել «Հայկական ժամանակը»` կապելով տեղի ունեցածը նրա` լրագրողական գործունեության հետ:
Տեղեկացնենք, որ առավոտյան աշխատանքի գալու ճանապարհին հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանին շրջապատել են քաղաքացիական հագուստով անձինք և տարել անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ պարզվել է, որ Գևորգյանը տարվել է Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, իսկ ավելի ուշ ձերբակալվել եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռեւս հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ:
Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ, եւ նա խուսափում է քննությունից:
«Հայկ Գեւորգյանը` ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, ամենօրյա ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ մեքենայով ներկայացել աշխատանքի, վերադարձել տուն, մասնակցել կառավարության նիստերին, լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների` ընդհուպ նախարարների ասուլիսներ»,-նշված է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի քիչ առաջ տարածած հայտարարություն մեջ:
Ըստ հայտարարության, Հայկ Գեւորգյանը այս ընթացքում նաեւ մի քանի հեռախոսազրույց է ունեցել ճանապարհային ոստիկանության` նրա նկատմամբ հետախուզում հայտարարած քննիչի հետ եւ ասել, որ պատրաստ է ներկայանալ քննության, եթե իրեն պատշաճ, ՀՀ օրենսդրությանը համապատասխանող ծանուցագիր ուղարկվի:
Գործով քննիչին հայտնվել է նաեւ Հայկ Գեւորգյանի կողմից վարվող ավտոմեքենայի գտնվելու վայրը եւ առաջարկվել այն զննության ենթարկել տեղում:
«Խիստ իրավաչափ այս առաջարկությունները, սակայն, չեն ընդունվել»,-նշվում է հայտարարության մեջ:
«Իրադարձությունների այսօրինակ ընթացքը հիմք է տալիս արձանագրելու, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ»,-նշում են Հայկ Գեւորգյանի գործընկերները:
Հայտարարության մեջ նշվում է, որ այս տարի հունվարի 12-ի կառավարության նիստից հետո Հայկ Գեւորգյանը մասնակցել է լրագրողների հետ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հարցուպատասխանին, նրան առաջադրել մի քանի սուր հարցեր եւ այդ հարցուպատասխանի արդյունքում «Հայկական ժամանակում» հանդես եկել Վովա Գասպարյանի համար խայտառակ բովանդակություն ունեցող հրապարակմամբ:
Հրապարակման խայտառակ բնույթը, սակայն, պայմանավորված է ոչ թե լրագրողի կանխատրամադրվածությամբ, այլ ՀՀ ոստիկանության պետի հետ կապված մի քանի ուղիղ, լրագրողական մեկնաբանության չտրված փաստերի արձանագրմամբ (տես 2012 թվականի հունվարի 13-ի «Հայկական ժամանակը»):
Տեղեկացվում է, որ հրապարակման լույսընծայման օրը` երեկոյան, փորձ է արվել վրաերթ-միջադեպ սադրել Հայկ Գեւորգյանի վարած մեքենայի մասնակցությամբ: Գեւորգյանի զգոնության արդյունքում, «սակայն, ծրագիրը չի իրագործվել»:
«Դրան հետեւած զարգացումները, ահա, կասկածի տեղ չեն թողնում, որ Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը եւ շինծու քրեական հետապնդումը հրահանգավորված են անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից: Ենթադրում ենք, որ վերջինիս նյարդերը վերջնականապես տեղի են տվել «Հայկական ժամանակի» 2012թ. փետրվարի 3-ի թողարկման առաջին էջում լույս տեսած «Մե պուճուր նվեր» հրապարակման պատճառով, որը վերաբերում է Վովա Գասպարյանի 120-150 հազար դոլար արժողությամբ «G» դասի «Մերսեդեսի» ծագումնաբանությանը»,-նշվում է «Հայկական ժամանակի» հայտարարության մեջ` նշելով, որ.
1.Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը իշխանության վերնախավի եւ, մասնավորապես, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից հրահանգավորված ապօրինի եւ լկտի հետապնդում է, որի նպատակը Գեւորգյանի նկատմամբ անձնական վրեժ լուծելն ու նրա լրագրողական գործունեությունը կասեցնելն է:
2. Վովա Գասպարյանը եւ իշխանական վերնախավի մյուս ներկայացուցիչները այս հարձակմամբ նպատակ ունեն խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, վախի մթնոլորտ սերմանել հայաստանցի բոլոր այն լրագրողների նկատմամբ, ովքեր կոռումպացված իշխանության որեւէ ներկայացուցչի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները հրապարակելու հոգեբանական դժվարություններ չունեն:
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հայկ Գեւորգյանին, միեւնույն ժամանակ հայտարարելով, որ շարունակելու են անհաշտ պայքարը կոռուպցիայի, ամենաթողության, իշխանական սանձարձակության դեմ` ի կատարումն խոսքի ազատության:
Լուսանկարում` Հայկ Գեւորգյանը:
© Medialab.am
|