|
Այսօր կայացած «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Մեդիալաբի» լրագրողներն արժանացան միանգամից հինգ մրցանակի` ներառյալ երկու գլխավորը մրցանակը:
Ֆոտոռեպորտաժ անվանակարգում «Մեդիալաբի» ֆոտոլրագրող Փիրուզա Խալափյանն արժանացավ գլխավոր մրցանակի` «Շների դրախտը. Երեւանում` դաշնակահար Նունեի հովանո ներքո» ֆոտոպատմության համար: Երկրորդ մրցանակին արժանացավ Իննա Մխիթարյանը hetq.am-ից, իսկ երրորդին` Ֆոտոլուր գործակալությունը:
«Մեդիալաբի» խմբագիր Մարիաննա Գրիգորյանը եւս արժանացավ գլխավոր հատուկ մրցանակի, որը սահմանել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը` «Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը» թեմայով հրապարակման համար:
Նույն անվանակարգում երկրորդ հատուկ մրցանակի արժանացավ «Մեդիալաբի» լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանը` «Դադարեցված կյանքի պատմություններ. սեռով պայմանավորված աբորտները` մտահոգության տեղիք» հոդվածի համար :
Բացի այս մրցանակը, Փառանձեմ Հովհաննիսյանն Առցանց կամ բլոգի հոդված անվանակարգում`«Թաքնված մարմնավաճառություն. Կապանում պաշտոնապես չեն խոսում տարեցտարի ավելացող սեքս աշխատողների մասին» նյութով երրորդ մրցանակը կիսեց Սառա Խոջոյանի հետ:
Սառա Խոջոյանը մրցանակի արժանացավ «Մեդիալաբում» տպագրված «Երկնագույն էկրանի ուժը. հայկական սերիալները կնոջ դեմ բացասական կարծրատիպեր են ձևավորում» նյութի համար :
Այս անվանակարգում առաջին մրցանակի արժանացավ Երանուհի Սողոյանը / hetq.am/, « Հայրն արգելել է աղջկան դպրոց գնալ. «Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի» հոդվածի համար: Երկրորդ մրցանակին արժացավ ankakh.com-ից Լուսինե Ավագյանը`« Քրդուհին ոսկու, երազանքի ու ասեղնագործ գլխաշորերի մեջ» նյութի համար:
«Նա/Նե» չորրորդ ամենամյա մրցույթը նշանավորվեց ոչ միայն նախորդ տարիների համեմատ ներկայացված նյութերի առավելագույն քանակով, այլև մրցանակների բազմազանությամբ:
136 հեղինակի ավելի քան 240 աշխատանքներից 24-ն այս տարի արժանացան մրցանակների ավանդական և հատուկ անվանակարգերում:
Հաղթողներն արժանացան Նա/Նե արծաթե արձանիկի, դրամական պարգևի եւ պատվոգրերի:
Հիշեցնենք, որ «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ:
Լուսանկարում Փիրուզա Խալափյանը մրցանակ է ստանում:
© Medialab.am
|