Շաբաթ`հուլիսի 30-ին «շորթում կատարելու պահին» ձերբակալված լրագրող Էլինա Խաչատուրովայի գործի առնչությամբ թեեւ որեւէ նորություն չի հաղորդվում, իսկ ԱԱԾ-ն հրաժարվում է որեւէ մեկնաբանություն անել այդ կապակցությամբ, այնուամենայնիվ, լրագրողական եւ մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին գործը տարօրինակ է թվում:
«Մեդիալաբի» հարցմանն ի պատասխան կազմակերպությունները նման անունով լրագրող եւ թերթ չեն մտաբերում:
«Ինձ ոչ թերթի եւ ոչ էլ այդ լրագրողի անունը որեւէ բան չի ասում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանն էլ «Մեդիալաբին» տեղեկացրել է, թե գործով դեռ «ոչ մի նորություն չկա»:
«Ավելին ասել չեմ կարող, ոչ մի մեկաբանություոն չեմ տալիս»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը, ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, «ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում`շորթում կատարելու պահին ձերբակալվել է «Մենք ու Մենք» թերթի հետ համագործակցող լրագրողուհի Էլինա Օսիպի Խաչատուրովան»:
Ըստ հաղորդագրության, Էլինա Խաչատուրովան զանգվածային լրատվական միջոցներում քաղաքացի «Լ»-ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջինիցս շորթել է 50.000 ՀՀ դրամ:
Փաստի առթիվ, ըստ այդմ, քրեական գործ է հարուցվել եւ կատարվում է նախաքննություն: Լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները, սակայն, որոշ անհասկանալի հանգամանքներ են տեսնում այս գործում:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւս շեշտելով, որ չի լսել ոչ թերթի, ոչ էլ այդ լրագրողի մասին` «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է, որ թեեւ ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ գործին, եւ պատրաստվում է հարցում ուղարկել համապատասխան մարմիններին, սակայն, ավելացնում է, որ գործն իր մոտ այնուամենայնիվ մի շարք հարցեր են արդեն առաջացել:
«Ումի՞ց է պահանջել այդ գումարը Խաչատուրովան, քաղաքացի Լ-ն ո՞վ է: Ի՞նչ է նշանակում այն, որ ԱԱԾ-ն է դրանով զբաղվում, ինչո՞ւ պետք է ԱԱԾ-ն զբաղվի լրագրող-քաղաքացի հարաբերությունների հարցվով, դրա համար իրավապահ մարմիններ կան, դա ԱԱԾ-ի խնդի՞րն է: Գործը բավականին տարօրինակ է»,- ասում է Սաքունցը`նշելով, որ «ուշադրության կենտրոնում կպահի այս գործը»:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի համակարգող Աշոտ Մելիքյանն էլ, «Մեդիալաբին» փոխանցեց, որ նոր է տեղեկացել դեպքի մասին:
«Ամեն դեպքում մենք հետեւելու ենք այդ գործին` տեսնենք, թե որքանով են հիմնավորված այդ մեղադրանքները»,- «Մեդիալաբին» փոխանցեց Աշոտ Մելիքյանը:
Քրիստինե Խանումյան
© Medialab.am
|
Մեկնաբանություն
RSS feed for comments to this post