Քրոնիկական բնույթի առողջական խնդիրների պատճառով հնարավոր չի եղել փրկել ընձառյուծի կյանքը

20/02/12

Չնայած բժիշկների հոգածությանը և պարբերական զննումներին` հնարավոր չի եղել փրկել Երևանի կենդանաբանական այգու տարեց բնակիչներից մեկի` Ռոստիկ ընձառյուծի կյանքը (Panthera onca):

2001-ից Ռոստովի կենդանաբանական այգուց Երևան տեղափոխված ընձառյուծի մոտ, ըստ կենդանաբանական այգու գիշատիչների բաժնի վարիչ Յունոնա Խանզադյանի, վերջին չորս տարիներին լուրջ առողջական խնդիրներ էին ի հայտ եկել:

«Ռոստիկը ստամոքսի լուրջ խնդիրներ ուներ, որի պատճառով վիճակը ժամանակ առ ժամանակ վատանում էր, և կենդանին օրեր շարունակ հրաժարվում էր սննդից»,-ասում է Խանզադյանը:

Հաշվի առնելով ընձառյուծի քրոնիկական առողջական խնդիրները` կենդանին վերջին տարվա ընթացքում եղել է անասնաբույժի մշտական հսկողության ներքո: Անցյալ տարի Երևանում գտնվելու ընթացքում նրան զննել է նաև Ամստերդամի կենդանաբանական այգու անասնաբույժ Մարկ Հոյերը: Նրա հետազոտությունները ևս հաստատել էին ստամոքսի խնդիրները, որից հետո ընձառյուծին բուժում էր նշանակվել:

«Բուժումն օգնել էր, բայց մեկ շաբաթ առաջ կենդանու վիճակը կրկին վատացավ»,- ասում է այգու անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանը:

«Ընձառյուծի մոտ ի հայտ եկած առողջական խնդիրները խոր քրոնիկական բնույթի էին: 4 տարի կենդանին լուրջ խնդիրներ ուներ, դրան գումարած նաև կենդանու տարիքը, որը խոչընդոտում էր բուժման արդյունավետությանը»,- ասում է Հ. Հովհաննիսյանը:

Ընձառյուծների կյանքի տևողությունը սովորաբար 12-20 տարի է: Ռոստիկը 13 տարեկան էր:

© Medialab.am

scroll back to top
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner