Արի տուն. Թուրքիայի դեսպանի հետկանչը Փարիզից` ի պատասխան Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի

22/12/11

Ինչպես եւ կանխատեսվում էր, իրադարձությունները սկսել են զարգանալ անմիջապես Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո։

Ենթադրվում է, որ այսօր ավելի ուշ նախատեսված մամլո ասուլիսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կհաստատի Ֆրանսիայից Թուրքիայի դեսպանի հետկանչը` ի պատասխան այսօր ընդունված օրինագծի:

Ըստ արտերկրի լրատվամիջոցների, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանն արդեն իսկ հավաքում է իրերն` երկիրը լքելու համար:

Հիշեցնենք, որ այսօր, ձայների ճնշող մեծամասնությամբ, Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումն քրեականացնող օրինագիծ: Այս օրինագիծը նախատեսում է 1 տարվա ազատազրկում, կամ 45.000 եվրո տուգանք, բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն Հայոց Ցեղասպանության փաստը:

Այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես էր եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշել էր, որ օրինագծով  Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը եւ մեկ անգամ եւս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին:

«Այս առիթով կցանկանայի եւս մեկ անգամ երախտիքի խոսք ասել Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, Ազգային ժողովին եւ ողջ ֆրանսիացի ժողովրդին», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։

«Դեռեւս 10 տարի առաջ օրենքի ուժով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ ֆրանսիական ժողովուրդը ցույց տվեց, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, իսկ այսօր, ընդունելով այս օրինագիծը, վերահաստատեց, որ մարդկության դեմ գործած հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, եւ որ դրանց ժխտումը ենթակա է միանշանակ դատապարտման», - ասված է ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ բուռն քնարկումների առիթ հանդիսացած օրինագիծն, ըստ փորձագետների կանխատեսումների  կարող է լուրջ լարվածություն կառաջացնել թուրք-ֆրանսիական հարաբերություններում:

«Թուրքիան այսօր գտնվում է շատ ջղագրգիռ վիճակում: Եվ հաճախ նրա քայլերը դուրս են ինչպես տրամաբանությունից, այնպես էլ էթիկայի սահմաններից:  Այնպես որ յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է պատմական ճշմարտության ճանաչմանը, Թուրքիայում ընկալվում է խիստ հիվանդագին: Ես կարծում եմ, որ Թուրքիայի կողմից կարելի է ակնկալել ագրեսիվ և անհավասարակշիռ քայլեր»,- «Մեդիալաբին» ասսել է Ռուբեն Մելքոնյանը:

Վահե Ներսեսյան

© Medialab.am

scroll back to top
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner