«Թուրքիայի կողմից կարելի է ակնկալել ագրեսիվ և անհավասարակշիռ քայլեր». Ֆրանսիան ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

22/12/11

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ  ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Այս օրինագիծը նախատեսում է 1 տարվա ազատազրկում, կամ 45.000 եվրո տուգանք, բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն Հայոց Ցեղասպանության փաստը:

Փորձագետների կարծիքով, այս օրինագիծը լուրջ լարվածություն կառաջացնի թուրք-Ֆրանսիական հարաբերություններում:

Հիշեցնենք, որ Թուրքիան օրինագծի ընդունման վերաբերյալ բազմիցս սպառնալիքներ և քննադատություն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին: Մասնավորապես Թուրքիան սպառնում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի նկատմամբ: Իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ սպառնացել է որպես պատասխան քայլ ճանաչել Ֆրանսիայի կողմից իրականացված «Ալժիրցիների ցեղասպանությունը»: Այս կապակցությամբ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն անգամ ի պատասխան այս օրինագծի ընդունման Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց տեղադրելու է «Ալժիրցիների ցեղասպանությանը»  հուշարձանը:

Ֆրանսիային քննադատել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա մասնավորապես ասել է. «Սարկոզիի արարքն «ամոթալի» է։ Եթե ես մեկնեմ Փարիզ և ինձ հարցնեն «այսպես կոչված» Հայոց ցեղասպանության եղելության մասին, ի՞նչ պետք է պատասխանեմ ես»։

Փորձագետները նշում են, որ այս օրինագծի ընդունումը ոչ այնքան կապված է Հայոց Հարցի հետ, որքան թուրք-ֆրանսիական հարաբերությունների: Այսպիսով Ֆրանսիան ապտակ հասցրեց, վերջերս արտաքին քաղաքականության մեջ չափից դուրս ակտիվություն ցուցաբերող Թուրքիային:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքերով, Թուրքիան դարձել է սեփական արտաքին քաղաքականության զոհը, և վաղուց արդեն չի կառավարում ոչ սեփական խոսքերը, ոչ արարքները:

«Թուրքիան այսօր գտնվում է շատ ջղագրգիռ վիճակում: Եվ հաճախ նրա քայլերը դուրս են ինչպես տրամաբանությունից, այնպես էլ էթիկայի սահմաններից:  Այնպես որ յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է պատմական ճշմարտության ճանաչմանը, Թուրքիայում ընկալվում է խիստ հիվանդագին: Ես կարծում եմ, որ Թուրքիայի կողմից կարելի է ակնկալել ագրեսիվ և անհավասարակշիռ քայլեր»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մելքոնյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am

scroll back to top
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner