Թուրքիան նորից խոսում է սպառնալիքների լեզվով. «Զրո խնդիր հարևանների հետ» հայեցակարգը ձախողվեց

20/09/11

Եթե Կիպրոսը ստանձնի Եվրամիության նախագահությունը, Թուրքիան կդադարեցնի Եվրամիության հետ բոլոր հարաբերությունները: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի  փոխվարչապետ Բեշիր Աթալայը: Փորձագետները նկատում են` Թուրքիան սկսել է ավելի հաճախ խոսել սպառնալիքների լեզվով: Սա նշանակում է լուրջ փոփոխություններ երկրի արտաքին քաղաքականության մեջ:

«Այն, որ Թուրքիան սկսել է սպառնալիքների լեզվով խոսել, դա արդեն ակնհայտ է: Դրանից առաջ էլ հենց Կիպրոսին է սպառնացել, ընդ որում կարելի էր դա բնութագրել որպես ռազմական սպառնալիք: Այժմ դժվար է ասել, թե Թուրքիայի ագրեսիվությունը մինչև ուր կտանի, պարզապես նա Եվրամիութան հետ հարաբերություններում կփորձի ճնշման, շանտաժի քաղաքականություն վարել»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Թուրքիան վաղուց էր հասկացրել, որ չի հավանում Կիպրոսի` Եվրամիության նախագահությունը ստանձնելու հեռանկարը: Օրերս էլ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարեց, որ եթե Կիպրոսի հետ բանակցությունները անարդյունք մնան և Եվրամիության նախագահությունը 2012 թվականին Կիպրոսի Հանրապետությանը փոխանցվի, ապա Թուրքիան կսառեցնի Եվրամիության հետ հարաբերությունները:

«Այս որոշումը կայացրել է մեր կառավարությունը: Եթե առանց կիպրական խնդրի լուծման Եվրամիության նախագահությունը փոխանցվի Կիպրոսին, ապա մենք Եվրամիության հետ մեր հարաբերություններն ամբողջապես կսառեցնենք»,-ասել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում գտնվող Աթալայը:

Իր հերթին Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը պատասխանել է Եվրամիության հասցեին ուղղված Թուրքիայի սառնալիքներին։ «Մենք Թուրքիային կոչ ենք անում ջանքերն ուղղել կիպրական հիմնախնդրի լուծմանը, այլ ոչ թե լարվածություն ստեղծել տարածաշրջանում»,–  ասել է Խրիստոֆիասը։

Հիշեցնենք` Թուրքիան չի ճանաչում Հարավային Կիպրոսը` Կիպրոսի Հանրապետությունը։ 1974 թ. կիպրացի հույների և թուրքերի միջև բախումներից հետո Թուրքիան գրավեց կղզու մեկ երրորդը և թուրք-կիպրական կառավարություն ստեղծեց կղզու հյուսիսում ու այն ճանաչեց որպես անկախ հանրապետություն։

Վերջերս Թուրքիայի արտգործնախարարառաջ Ահմեթ Դավութօղլուն Կիպրոսի հյուսիսային հատված կատարած այցի ժամանակ հույս էր հայտնել, որ 2012թվականին Կիպրոսի միավորման վերաբերյալ հանրաքվե կանցկացվի, որից հետո Կիպրոսը կկարողանա որպես միացյալ պետություն ստանձնել Եվրամիության նախագահությունը։

Մինչդեռ Եվրամիությունը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Ավելին` թուրքագետ Արտակ Շաքարյանը նկատում է, որ փաստացի այսօր ստացվում է, որ Թուրքիան օկուպացրել է Եվրամիության տարածքները` Հյուսիսային Կիպրոսը: Քանի որ Կիպրոսը Եվրամիություն է մտել իր ամբողջ կազմով:

«Թուրքիան չի ճանաչում Հարավային Կիպրոսը և պնդում է, որ քանի դեռ Հյուսիսային Կիպրոսի հետ խնդիրը չի լուծվել, ապա սխալ կլինի Կիպրոսի հետ որևէ առնչություն ունենալ»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Թուրքագետը ամենևին էլ չի զարմանում Եվրամիության հասցեին արված Թուրքիայի հանդուգն հայտարարություններից: Նրա կարծիքով Թուրքիան ամենևին էլ չի կատակում: Բանն այն է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները բավականին բարդ են և չի կարելի ասել, որ դրանք զարգանում են դրական ուղությամբ:

«2005 թվականին սկսվել են Թուրքիայի վերաբերյալ բանակցությունները: Ընդհանուր առմամբ կա 35 մեծ թեմա, որոնք կազմում են թուրք-եվրոպական բանակցությունների հիմքը: Ու սրանցից ընդամենը մեկն է Թուրքիան ամփոփել, այսինքն դեռ 34 քննարկման մեծ թեմա կա, և այդ 34-ից 18-ը սառեցված է»,- պարզաբանում է Արտակ Շաքարյանը:

Նրա կարծիքով Եվրամիության և Թուրքիայի բանակցություններն այսքան դանդաղ և ոչ խոստումնալից ընթացք են ստանում բազում պատճառնեով, որոնցից ամենաակնառուներից մեկն էլ հենց Կիպրական խնդիրն է:

Ըստ փորձագետների, սակայն, Թուրքիան Եվրոպայի հետ սպառնալինքերի լեզվով է խոսում ոչ միայն չլուծված խնդիրների պատճառով: Այստեղ հարցն ավելի լուրջ է: Իրականում Թուրքիան փոխվել է: Այն այլևս 2000 թվականի եվրոպամետ Թուրքիան չէ: Անկարայում այսօր ավելի հաճախ նայում են դեպի արևելք` ետևում թողնելով արևմուտքը:

«Եթե մինչև 2003-2004 թվականները Թուրքիայի միակ ուղվածությունը դեպի արևմուտք էր, ապա այսօր, և հատկապես միջազգային տնտեսական ճգնաժամից հետո, Թուրքիան ավելի շատ նայում է դեպի արևելք: Թուրքիայի առևտրատնտեսական բալանսը հիմնականում կապված է արևելքի հետ, թուրք ղեկավարության ներդրումները հիմնականում գտնվում են Մերձավոր արևելքում, և Թուրքիան փորձում է Մերձավոր արևելքում դառնալ առաջնորդ երկիր»,- «Մեդիալաբին» ասում է Արտակ Շաքարյանը:

Թուրքագետը նաև նկատում է ` Թուրքիան արդեն փոձում է Մերձավոր արևելքում ոտք գցել և մրցել Եվրոպայի հետ: Փաստորեն նրա ատաքին քաղաքականությունը հիմնովին փոխվում է: Այս պարագայում բարդ է մնում Հայաստանի հարցը, քանի որ Թուրքիան զոհ գնալով իր քաղաքական նկրտումներին, ձախողում է իր իսկ առաջ քաշած «Զրո խնդիր հարևաննեի հետ» կոնցեպցիան:

«Փաստորեն Թուրքիայի` զրո խնդիր հարևաների հետ քաղաքականությունը ձախողվում է, ինչին ականատես ենք լինում իր հարևանների հետ հարաբերություններում` Հայաստանի հետ, Սիրիայի հետ վերջին զարգացումները, Իսրայելի խնդիրը, վերջում Կիպրոս, Հունաստան և ինչու ոչ, կարելի է նաև նշել Իրանի մասին»,-նկատում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Այս պարագայում Հայաստանը դեռ երկար ժամանակ դժվար թե հայ-թուրքական հարաբերություննեի բարելավմանը ուղղված քայլեր տեսնի:

«Բավականին հետաքրքիր տենդենց է նկատվում: «Զրո խնդիր հարևանների հետ» հայեցակարգը, փաստորեն ստանում է նոր ձևակերպում` «ագրեսիվ խնդիրներ հարևանների հետ»»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am

scroll back to top
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner