Հակահայկական հայտարարություններն ավելացել են, Էրդողանի վարկանիշը` բարձրացել. Թուրքիան ներքին խնդիրները լուծում է «հայերի հաշվին»

30/08/11

Վերջերս վարչապետ Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախ է հակահայկական հայտարարություններ անում: Դրան զուգահեռ երկրում նրա վարկանիշը աճում է:

«Այո, ճիշտ է, որ հայ համայնքի նկատմամբ իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության վերաբերմունքը փոխվել է»,- «Մեդիալաբին» ասում է պոլսահայ, «Ակօս» թերթի խմբագիր Արիս Նալջին:

Փորձագետները նկատում են, որ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որքան հաճախ է հակահայկական հայտարարություններ անում, այնքան ավելի է բարձրանում նրա վարկանիշը:

Օրինակ` Թուրքիայում GENAR վերլուծական-հետազոտական կենտրոնը, իրականցրած ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ ընտրություններից հետո Թուրքիայի վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը շարունակել է աճել։

Հարցման մասնակիցների 53 տոկոսի համար ամենանախընտրելի կուսակցության առաջնորդ է համարվել Ռեջեփ Թայիփ  Էրդողանը։ Թուրքիայի գլխավոր ընդդիմության՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին նախընտրել է հարցվածների մոտ 18 տոկոսը, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիին՝ 9 տոկոսը։

Էրդողանի արած հակահայկական հայտարարությունները մտահոգում են նաև Ստամբուլահայ համայնքին: «Ակօս» թերթի խմբագիրներից Արիս Նալջին, սակայն, կարծում է, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, քանի որ, չնայած նրան, որ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները հակահայկական են, այնուամենայնիվ նրանց գործունեությունը հայանպաստ է:

«Այո ճիշտ է, որ Էրդողանի վարմունքը փոխվել է հայ համայնքի վերաբերյալ, սակայն պետք է նաև հասկանալ, թե ինչ է այժմ կատարվում Թուրքիայում, և ինչ իրավունքներ են տալիս հայ համայնքին»,- «Մեդիալաբին» ասում է Արիս Նալջին:

Ասելով «իրավունքներ» Արիս Նալչին առաջին հերթին ի նկատի ունի այն, որ Թուրքիայի իշխանությունների կարգադրույթամբ վերջապես հայ համայնքին են վերադարձնում տարիներ առաջ խլած սեփականությունը:

Այսպես` Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանը որոշում է ընդունել, համաձայն որի Թուրքիան պարտավորվում է վերադարձնել 1936 թվականից հետո բռնագրավված հրեական սինագոգերի և քրիստոնեական՝ այդ թվում հունական ու հայկական եկեղեցիների ունեցվածքը:

Վերադարձի ենթակա եկեղեցական ունեցվածքը ներառում է նախկին մի հիվանդանոց, որբանոցի, դպրոցի շենքեր, գերեզմանատներ, խանութ, հողամաս, ինչպես նաև Սուրբ Հարություն հիմնադրամին պատկանող ողջ ունեցվածքը:


Այս որոշումը Թուրքիան ընդունել է Եվրամիության և Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի ճնշումների ներքո, և այն ամենևին էլ չի ոգևորում Թուրքիայից դուրս բնակվող հայերին:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այս որոշումը:

«Հայերի, հույների և ասորիների դեմ գործադրված ցեղասպանությունից 96 տարի անց, այս հրամանագիրը ծխածածկույթ է` խուսափելու համար այդ վայրագությունների շատ ավելի մեծ հետևանքներից», -ասված է Ամերիկայի Հայ դատի գրասնեյակի հրապարակած հայտարարության մեջ:

Ի դեպ Թուրքիայում գործող ազգայնական «Անատոլիայի» երիտասարդական միությունը» հանդես է եկել հայտարարությամբ, որով քննադատել է մուսուլման թուրքերի փողերով «ոչ մուսուլմանների» սրբատեղիները վերանորոգելու փորձերը:

«Թուրքիայի մուսուլման քաղաքացիների տված միլիոնավոր դոլարների հասնող հարկերը ծախսվում են հայկական և հունական եկեղեցիները վերանորոգելու վրա, իսկ մզկիթներն անտեսվում են: Այդ գումարները ծախսվում են քրիստոնյաների վրա, ովքեր մշտապես անհանդուրժողականություն են ցուցաբերել մուսուլմանների նկատմամբ»,-նման հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության մամուլի խոսնակ Ալի Յուջելը:

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ հենց հայկական համայնքի իրավունքների վերկանգման հետ էլ կապված է Թուրքիայում հակահայկական տրամադրությունների աճը: Մինչդեռ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ իրականում հայկական հուշարձանների վերկանգնումը և համայնքին իր սեփականության վերադարձը շատ փոքր դեր է խաղում Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ:

Ժողովրդի ատելությունն ու թշնամանքը հայերի դեմ ուղղելով Թուրքիայի իշխանությունները փորձում են շեղել հանրությանը երկրի ներքաղաքական խնդիրներից:

« Կարծում եմ, որ ամեն դեպքում սա խուսանավելու նպատակ է հետապնդում: Այսինքն իշխող կուսկացությունը նման կերպ փորձում է խոսանավել քրդական հարցից: Ուստի Թուրքիան շատ հաճախ օգտագործում է հայկական հարցը, միջամտում է Սիրիայի ներքին գործերին , որպեսզի հանրության ուշադրությունը շեղի երկրի ներքին գործընթացներից»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am

scroll back to top
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner