|
Թուրքիայի ազգային մեծ ժողովում կարող է հակահայկական լոբբիստական խումբ ձևավորվել. այս միտքն առաջարկել է «Ազգայնական շարժում» կուսակցությունից (MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն:
«Թուրքիայի քաղաքական օրակարգում միշտ էլ հակահայկական պայքարը որոշակի ձևով եղել է, սակայն խորհրդարանական ասպարեզում այն նոր է ակտիվանում»,- «Մեդիալաբին» ասում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իր առաջարկությունն անելիս «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն մասնավորապես ասել է. «Հայկական սփյուռքը 2015 թվականի համար մեծ պատրաստություն է տեսնում: Այսօրվանից ի վեր պետք է գործի անցնենք»:
Ազգայնական պատգամավորը հավաստիացրել է, որ խորհրդարանում իր առաջարկությունը սատարում են «Արդարություն և զարգացում» և Ժողովրդահանրապետական կուսակցություններից պատգամավորներ Սեյիթ Սերթչելիքն ու Ֆարուք Լողօղլուն:
Հալաչօղլուն հավելել է, որ այս հարցի շուրջ կուսակցության ներսում տարաձայնություններ չկան և չեն էլ կարող լինել:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ամենևին էլ չի զարմանում թուրք պատգամավորի առաջարկից: Նրա խոսքով` այս նախագիծը սատարող երեք քաղաքական գործիչներն էլ միշտ աչքի են ընկել հակահայկական գործունեությամբ, և հենց հնարավորություն է ընձեռվել, անմիջապես օգտվել են առիթից ու հանդես եկել հերթական հակահայկական առաջարկությամբ:
«Դրա բացատրությունն այն է, որ վերջին խորհրդարանական ընտրություններում Ազգային ժողովի պատգամավոր դարձան երեք հակահայ գործիչներ, պատմաբաններ, որոնցից մեկն իշխող կուսակցությունից է: Նրանք հայտնի են իրենց հակահայկական գրքերով, հոդվածներով: Գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ են, հայագետներ և հմտացած են հակահայկական քարոզչության մեջ: Եվ սպասելի էր, որ նրանց մուտքը խորհրդարան այդ հակահայկական գործունեությունը կտեղափոխի նաև այդ ասպարեզ, և նրանք կօգտագործեն այդ հարթակը իրենց հակահայկական քարոզչությունն իրականացնելու համար»,- ասում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Փորձագետի կարծիքով` թուրքերը չեն սահմանափակվի միայն Թուրքիայի խորհրդարանով և այս ամենը կօգտագործեն նաև եվրոպական խորհրդարանական ամբիոններում:
«Սա, կարելի է ասել, որոշակիորեն նոր մարտահրավեր է, ավելի ճիշտ` նոր տարրեր է մտցնում Թուրքիայի հակահայկական քարոզչության մեջ, և հարկ է, որ համարժեք քայլեր արվեն նաև մեր կողմից»,- եզրափակում է թուրքագետ Ռ. Մելքոնյանը:
Թուրքական կողմի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելու մեջ հմտացած ՀՅԴ բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը հավաստիացնում է, որ թուրքերին չի հաջողվի շատ բաների հասնել:
«Ցեղասպանության ճանաչման և 100-րդ տարելիցի բոլոր միջոցառումները և´ սփյուռքի կողմից, և´ Հայաստանի Հանրապետության կողմից այնքան արդարացի սկզբունքների վրա են, որ Թուրքիայի կողմը, եթե նույնիսկ ինչ-որ չափով խանգարի, չի կարելի ասել, որ կխոչընդոտի, որովհետև նրանց քայլերն ավելի շատ ուղղված են մարդկանց մտքերում շփոթ առաջացնելուն, իսկ ցեղասպանության փաստն արդեն ամրագրված է»,- «Մեդիալաբին» ասում է Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով` այստեղ ավելի հետաքրքիր հարց կա: Այն փաստը, որ հակահայկական այս առաջարկությունը քննարկվում է Թուրքիայի խորհրդարանում, խոսում է այն մասին, որ թուրքերը չեն էլ պատրաստվում քննարկելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Նրանց դա պարզապես չի հետաքրքրում: Եվ այս երևույթը որոշակի ուղերձ է Հայաստանին, որը պետք է կատարվածից հետևություններ անի:
«Թուրքիայի խորհրդարանի այս վերաբերմունքը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Թուրքիայի իշխանությունները, այս դեպքում` օրենսդիր իշխանությունը, իրականում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարց չի դրել իր առաջ, և, ուրեմն, դա պետք է մեզ հուշի, որ մենք մեկ անելիք ունենք այդ ուղղությամբ` մեր ստորագրությունը հետ վերցնենք Հայաստան-Թուրքիա արձանագրություններից»,- «Մեդիալաբին» ասում է Կիրո Մանոյանը:
Լիաննա Խաչատրյան
© Medialab.am
|