Քուրդիստան-Դաշնակցություն-հայեր. տարածաշրջանի քաղաքական առասպելները շարունակում են արդիական մնալ

07/09/11

Վիքիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերից մեկն անդրադարձել էր Հայաստանի և Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հնարավոր կապին:

Թեմայի շուրջ 1993-95թթ ՀՀ-ում Ամերիկայի դեսպան Հարի Գիլմորի հետ զրուցել է այն ժամանակվա Արտգործնախարար Վահան Փափազյանը:

«PKK-ի և ՀՀ կառավարության միջև որևէ կապ չկա: Բայց չի բացառվում, որ նման կապ կարող է լինել որոշ ընդդիմադիր խմբերի, ինչպես, օրինակ, դաշնակների միջև»,-ասել է արտգործնախարարը:

«Փափազյանը դա չի ասում, նա պարզապես չի բացառում: Փոխանակ ասեր, որ բաժակը կիսով չափ լեցուն է, ասել է կիսով չափ դատարկ է: Նպատակը հնարավորինս վարկազրկել էր Դաշնակցությանը »,- պարզաբանում է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Դաշնակցությունը կտրականապես հերքում է Քրդստանի աշխատավորական կուսկացության հետ կապի մասին խոսակցությունները:

«Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապ չունենք: Կապ ունենք քրդական պաշտոնական կուսակցության հետ, որը գործում է Թուրքիայում: Ավելի շուտ սոցինտեռնի շրջանակներում»,- «Մեդիալաբին» ասում է Կիրո Մանոյանը:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը նկատում է, որ չնայած պաշտոնական հայտարարություններին, բոլորն էլ հասկանում են, որ Դաշնակցության և Քրդական աշխատավորական կուսակցության գաղափարները շատ հարցերում համընկնում են ` օրինակ, երկուսն էլ պայքարում են թուրքերի դեմ:

«Տեսականորեն PKK - Դաշնակցություն համագործակցությունը հնարավոր է, որովհետև երկու ուժերն էլ պայքարում են Թուրքիայի դեմ, երկուսն էլ ուժային լուծման կողմնակից են: Այնպես որ դա հավանական է: Պարզապես նաև այստեղ պետք է նշել, որ Վահան Փափազյանը ՀՀՇ-ի ներկայացուցիչ էր և, հիշելով ՀՀՇ-Դաշնակցություն ոչ այնքան հաճելի կապերը, հնարավոր է պարզապես «սև փի-ար» է արել Դաշնակցությանը»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Քրդստանի Աշխատավորական կուսակցության և Դաշնակցության կապերի մասին խոսակցությունները հավաբար եկել են Թուրքիայից: Այս դեպքում խոսքը գնում է «փչացած հեռախոսի» սկզբունքի մասին: Այսինքն հայերի և քուրդ ապստամբների միջև կապը պատմական հիմք ունի, սակայն միանշանակ պնդել, թե թուրք-քրդական պայքարում Դաշնակցության «մատը խառն է», փորձագետների կարծիքով, չի կարելի:

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է: Նպատակը զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումն է:

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում)՝ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում: Կազմակերպությունը Թուրքիայում զինված պայքարը սկսվել է 1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում Թուրքիան, Ամերիկան, Եվրամիությունը և մի շարք այլ երկրներ:

Կուսակցության ամբողջ գործունեության ընթացքում լուրեր են շրջանառվել, թե այն կապ ունի հայկական տարբեր կազմակերպությունների հետ: Թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով Թուրքիայում այս կարծիքը կարող է իրական հիմք ունենալ:

«Դա պատմական հիմք ունի, որովհետև 1930-ականներին տեղի է ունեցել Թուրքիայում հայտնի Արարատի ապստամբությունը, որտեղ քրդերն ապստամբում էին, ու հայտնի է, որ նրանք կապ են ունեցել դաշնակների հետ: Դրանից բացի ԱՍԱԼԱ-ն ( Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն) էր սերտ համագործակցում PKK -ի հետ, իսկ թուրքերի համար մեծ տարբերություն չկա` հայը մնում է հայ, այնպես որ դեռևս այդտեղից են գալիս հայ-PKK համագործակցության մասին լուրերը: Հետո նաև Օջալանի մասին թուրքերն ասում էին, որ հայկական արմատներ ունի, հայ է»:

Իզմիրի տնտեսագիտական համալսարանի դասախոս, թուրք փորձագետ Զաֆեր Յորուքը փաստում է դա:

«Երբ Օջալանը ձերբակալվեց, ես դատարանի գրանցումները կարդացի: Տեսա, թե ինչեր են տեղի ունեցել: Դատարանի գրառումներում գրված էր, որ նահատակների ընտանիքների շահերը ներկայացնող փաստաբանը խոսք է խնդրում և հետևյալն ասում` ես պահանջում եմ, որ Աբդուլլահ Օջալանը հայտարարի իր իրական կրոնի և իրական ազգության մասին: Սրա իմաստն այն է, որ փաստաբանը նկատի ուներ, որ Օջալանը քրիստոնյա և հայ է»,-«Մեդիալաբին» պատմում է Զաֆեր Յորուքը:

Փորձագետների կարծիքով Օջալանի ազգային պատկանելությունը իրականում քչերի մոտ է կասկած առաջացնում, մինչդեռ քուրդ ապստամբների շարքերում հայերին որոնելն այնքան էլ անշնորհակալ գործ չէ:

«Քրդական շարքերում հայերին որոնելը շատ ռեալ է, որովհետև Արևմտյան Հայաստանում կան շատ քրդեր, որոնք հայկական արմատներ ունեն»,-«Մեդիալաբին» ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Թուրք փորձագետ Զաֆեր Յորուքն իր հերթին առաջ է քաշում քրդերի շարքերում հայկական գործոնի մասին առասպելի բացատրության իր տարբերակը: Նրա կարծիքով քուրդ ապստամբների շարքերում թուրքերը հաճախ հայկական տարր են փնտրում, քանի որ չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իրենց երկրում անջատողականները «մահմեդական» են:

«Այսօրվա Թուրքիայի խմորը Օսմանյան կայսրության մահմեդական զանգվածն է: Ու երբ քրդերն ապստամբեցին, այսինքն սեփական խմորի զանգվածինց ինչ-որ հատված պոկվեց, սա մեծ տրավմա էր: Ինչո՞ւ մեզնից մեկն առանձնացավ: Այս իրադարձության տրամաբանությունը սա է` շատ բարդ է քրդին օտարացնելը, իսկ եթե ապստամբները հայեր են, քրիստոնյաներ են, դա ընկալելի է»,-«Մեդիալաբին» ասում է Իզմիրի տնտեսագիտական համալսարանի դասախոս, թուրք փորձագետ Զաֆեր Յորուքը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am

scroll back to top
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner