Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անվավեր է ճանաչվել ընդհանուր առմամբ 898 օրինագիծ, որոնց թվում են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունները:
Համաձայն թուրքական խորհրդարանի կանոնակարգի, բոլոր այն օրինագծերը, որոնք չեն հաստատվում նախորդ գումարման խորհրդարանի կողմից, նոր գումարման խորհրդարանում անվավեր են ճանաչվում:
«Անկարան պարզապես հետևել է վարչաիրավական նորմերին և հատուկ հայ-թուրքական արձանագրություններն օրակարգից դուրս չի հանել,- «Մեդիալաբին» բացատրում է թուրքագետ Արտակ Շաքարյանը,- Այլ հարց է, որ Թուրքիան ինքը չի ցանկանում առաջ ընթանալ այդ խնդրում, սակայն տեսականորեն նույն կանոնադրությունը թույլ է տալիս կրկին ներկայացնել օրինագիծը քննարկման, ուստի երբ Անկարան որոշի, որ հարմար է միջազգային հանրությանը ցույց տալ, թե իբր արձանագրությունները մեռած չեն, կարող է նույն Դավութօղլուն կամ մեկ այլ անձ օրինագիծը կրկին ներկայացնել ազգային մեծ ժողով»:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրվել էին 2009 հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, սակայն այդպես էլ չէին վավերացվել ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի խորհրդարաններում:
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով Հայաստանը պետք է Հայ-թուրքական արձանագրություններն ուժը կորցրած հայտարարի:
«Մենք պետք է դա ավելի վաղ անեինք և Հայ-թուրքական արձանագրություններն ուժը կորցրած հայտարարեինք»,- ասել է նա «Պանարմենիան» գործակալությանը:
Սաֆրաստյանն ավելացրել է, որ թեև Արձանագրությունների հանումն օրակարգից մի կողմից գործընթացային հարց է` կապված նոր խորհրդարանի ընտրության հետ, սակայն ավելի կարևոր է այն, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ոչ մի ցանկություն չունեն:
Մինչդեռ թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով իրականում հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգից հանելով Թուրքիան վերջակետ չի դնում: Անկարան հարցը կարող է կրկին բարձրացնել այն պահին, երբ ցանկանա: Մի խոսքով` գնդակը թուրքական կողմում է:
«Ես միշտ քննադատել եմ Հայաստանի Արտաքին քաղաքականությանը «արձագանքելու» համար: Այսինքն եթե մենք գտնում ենք, որ պետք է ստորագրությունները ետ կանչել, ապա պետք է դա անենք ելնելով մեր շահերից, այլ ոչ թե արձագանքելով Անկարայի այս կամ այն քայլին: Այս պահին չեմ կարծում, որ պետք է արձանագրությունները ետ կանչել, որովհետև դա թույր կերպով կարձագանքվի միջազգային հանրության և հատկապես Անկարայի կողմից»,- «Մեդիալաբին» ասում է Արտակ Շաքարյանը:
Թուրքագետի կարծիքով Երևանը պետք է ինքը հաշվարկի, թե երբ ձեռնտու կլինի օգտագործել այս խաղաթուղթը:
«Օրինակ հոկտեմբերի սկզբին լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրության երկու տարին, կարելի է երկու ամյակի հետ կապված ետ կանչել ստորագրությունները, եթե, կրկնում եմ, մենք հաշվարկնք, որ դա ձեռնտու է մեր արտաքին քաղաքականությանը»,-առաջարկում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Լիաննա Խաչատրյան
© Medialab.am
|