Հանրապետության միակ կին փայտագործը. վանաձորցի Սուսաննա Օհանյանն ամեն օր ու ամեն ժամ կենդանի շունչ է հաղորդում փայտին

07/11/11

Ամեն օր` կեսօրից հետո, տնային գործերն ավարտելուն պես միջահասակ, կանոնավոր դիմագծերով կինը շտապում է արհեստանոց, որտեղ իրար կողք կողքի սպասում են նրա փայտե զավակները:

Փայտե հին ժամացույցի տակ դրված կտորը վերցնելով` նա մոտենում է յուրաքանչյուր արձանիկի, խնամքով մաքրում նրանց վրա գիշերը նստած փոշու բարակ շերտն ու նստելով մի անկյունում` սկսում աշխատել…

 

Փայտը կերպարանափոխելն ու դրան շունչ ու տրամադրություն հաղորդելը 54-ամյա Սուսաննա Օհանյանի ողջ կյանքն է, որը ոչ մի վայրկյան չի դադարում ` անգամ քնած ժամանակ:

«Սա ինձ համար հեքիաթային մի աշխարհ է, ինքնաարտահայտման յուրօրինակ միջոց: Ամեն մի գործ ստեղծելիս չափազանց բծախնդիր եմ դառնում: Մի փայտի կտորից գործ ստեղծելու համար տաշեղ-տաշեղ, միլիմետր-միլիմետր հանելով` մետրերի ես հասնում: Արդյունքի հասնելու համար համբերություն ու գրագիտություն է պետք: Եթե աշխատանքդ գրագետ չարեցիր, ոչ ոք այն չի գնահատի, ու առաջ չես գնա»,- ասում է արհեստավոր կինը, իսկ նրա խոսելու ընթացքում տաշեղները թափվում են գետնին` մեծ կույտ դառնալով ու ազատելով իրենց ավելորդ բեռից ապագա արձանիկը:

Նրա արհեստանոցում իրար կողք կողքի գեղեցիկի յուրօրինակ մթնոլորտ են ստեղծում կանանց կիսանդրիները, մարդկային ձեռքը, ուխտավորի կոշտացած ու հոգնած ոտքը, հորովելի եզները, թումանյանական շարքը` մեկ կոճղի վրա ամփոփված, Մհեր Մկրտչյանի հիշատակին արված Գարսևանի տակառիկը, հող մշակող հղի կինը…

Օհանյանը միակ կինն է հանրապետությունում, ով զբաղվում է այս գործով, ինչի համար, նրա խոսքով, թե´ ֆիզիկական և թե´ հոգեբանական ուժ է հարկավոր` փայտի կտորներին կենդանի շունչ հաղորդելու համար:

Նա դեռ մանկությունից անտարբեր չէր բնության մասնիկները գեղեցիկի վերածելու գործի նկատմամբ: Երբ փոքր էր, քարհանքում աշխատող հայրը քարաբեկորներ էր բերում-թողնում բակում ու աշխատանքից ազատ ժամանակ խաչքարեր պատրաստում: Ինքն էլ հորը ջուր տանելիս մնում էր այնտեղ և հետաքրքրությունից ու զարմանքից լայն բացված աչքերով հետևում վարպետի ձեռքի նուրբ ու կուռ շարժումներին.

«Դատարկ քարը կարծես կենդանի շունչ էր ստանում` զարդարվելով գեղեցիկ նախշերով»:

Արդեն 38 տարեկան էր, երբ լրջորեն սկսեց փայտի հետ աշխատել:

Երբ 1995 թվականին կորցրեց հաշվապահի աշխատանքը, մի պահ թվաց, թե այս կյանքում ավելորդ է: Սակայն հիշեց, որ 19 տարեկանում շատ էր ուզում ընդունվել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, սակայն ընտանիքը չէր կարող համակերպվել նրա բացակայությանը: Դստերը սփոփելու համար հայրը փայտ էր բերում, ինքն էլ, ժամերով նստելով տան խաղաղ մի անկյունում, փայտից արագիլներ էր պատրաստում:

Հիմա, երբ արդեն 16 տարի փայտագործ է, ասում է, որ հաճախ փայտն ինքն է հուշում, թե ինչ է հնարավոր իրենից արարել:

Կյանքում ամենամեծ հաջողությունն ու հպարտությունը վանաձորցի կնոջ համար սիրած գործով զբաղվելու հնարավորություն ունենալն է: Նրա 227 փայտե ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են տարբեր թանգարաններում:

Վարպետն ասում է` իր բոլոր գործերը թանկ են ու սիրելի, բայց ամենաշատը փայփայում է այն քանդակները, որոնց հումքը հայրն է բերել իր համար: Կարոտով ու հիացմունքով Օհանյանը ցույց է տալիս իր ձեռքի չափով ստեղծված հոր ձեռքի փայտե տարբերակը. այն «Կարոտ» է անվանել:

«Ձեռքի մեջ ծխախոտ կա: Ծխախոտը վերջացել է, մարդն էլ` նրա հետ: Սա ինձ համար մասունք է, երբեք չեմ վաճառի»:

Ստեղծագործական աշխատանքը, ցավոք, նրա համար փող աշխատելու միջոց չէ, պատվերներ շատ չեն լինում: Կենցաղային խնդիրները լուծելու համար նախատեսված գումարով էլ հոգում է արհեստանոցի ծախսերը:

Այնուամենայնիվ, ասում է, որ եթե հնարավոր լիներ կրկնելու ամեն ինչ, նորից փայտից իրեր կպատրաստեր. «Այս գործն ինձ հոգի է տվել, ուժ, ճանաչում, հպարտություն, անգնահատելի արժեքներ են, չեմ փոխի ոչ մի բանի հետ»:

Նրա որդին ևս կարողանում է փայտե իրեր պատրաստել, ինչը մորը հույս է ներշնչում, որ ապագայում ֆինանսական դժվարություններ չեն ունենա, գուցե որդին շարունակի իր գործը.

«Գեղեցիկն ամենուր է, ամեն ինչի մեջ էլ կարող ես գեղեցիկը տեսնել: Օրվա մեջ ինչ հասցնում եմ, անում եմ այս (փայտե) աշխարհում, հետո նորից վերադառնում եմ իմ ընտանիք»:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am

scroll back to top
 

Մեկնաբանություն  

 
+1 #1 Նելլի Դավթյան 2011-11-08 14:29
Անուշ ջան շատ լավն էր հոդվածդ, ոնց որ մտնես Սուսաննայի արվեսստանոց ու դուրս գաս, բայց փոքրիկ վրիպումներ կան` ինչպես արդեն նշեցի արվեստանոց, ոչ թե արհեստանոց, որովհետև քանդակագործույո ւնն ու փայտամշակումը արվեստ է:
Մեջբերում
 
 
+1 #2 Նելլի Դավթյան 2011-11-08 14:50
Անուշ ջան հոդվածդ շատ լավն էր, դյուրին կարդացվող, կարխես մի քանի րոպեով մտնես Սուսաննայի արվեստանոց, բայց փոքրիկ վրիպումներ կան` ինչպես արդեն ասեցի արվեստանոց ոչ թե արհեստանոց: Արվեստն ու արհեստն իրարից շատ տարբեր են :
Մեջբերում
 
 
+3 #3 ESTER 2011-11-08 16:47
@ntercelov ver@ nshvac@, miayn kasem, vor SUSANNA OHANYAN@ voch miayn ARVESTAGET e, ayl mard MECATAROV.Nra mej aprum e amenakanaci kin@ ev miajamanak patvaxndir mayr, kamqic shat ujex u hamest mi eak, ov arjani e miayn govesti xosqeri. Andzamb chanachelov nran u tesnelov nra gorcer@. Miayn kasem, vor bnutyun@ ev Astvac chi xnayel ayd shnorhq@, shnorhelov nran.
Մեջբերում
 
 
0 #4 SIRARPI 2011-11-10 21:11
SHAT HACHELI E KARDAL AYS AMEN@,HAPKAPES VOR AYS HIASQANCH ANDZNAVORUTYAN ASHXATANQNERI MECH MAS@ TESELEM SEPAKAN ACHQEROV,BAIC AMENA HACHELIN AYNE VOR HANRAPRTUTYAN MIAK KIN QANDAKAGORC@ IM SIRELI MORAQUYRN E,EV IHARKE SHAT HACHELI KLINER TESNEL NRA BOLOR GORCHER@...........
Մեջբերում
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner