Բողոքի ալիք տարածաշրջանում. վերլուծաբանների կարծիքով` Հարավային Կովկասում իրավիճակը հիմնովին փոխվում է

27/05/11

Վրաստանում 100-ից ավելի ցուցարար է ձերբակալվել, Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն աճում է, իսկ Հայաստանում համաներում է: Շատերն այս իրադարձությունների մեջ արաբական հեղափոխությունների արձագանքն են տեսնում: Մինչդեռ վերլուծաբանների կարծիքով, անկախ պատճառներից, այսօր կարելի է արձանագրել հետևյալը` տարածաշրջանում քաղաքական իրավիճակը լիովին փոխվում է:

«Բավական երկար ժամանակ Հարավային Կովկասում ժողովրդավարության կղզյակ էր համարվում Վրաստանը: Սակայն պարզվեց, որ Վրաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված բոլոր արևմտյան ծրագրերն իրականում ծառայեցին ավտորիտար ոստիկանատիրական պետության կառուցմանը»,- «Մեդիալաբին» ասում է Ռազմավարական մշակումների կենտրոնի նախագահ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ի տարբերություն հարևան երկրների` Հայաստանում ընդդիմության և իշխանության բախումների փոխարեն երկխոսության գործընթաց է առաջ քաշվել, որի վերջին իրականացումը համաներումն էր: Մի որոշում, որից գոհ մնացին թե´ իշխանությունները, թե´ ընդդիմությունը:

 

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշմանը` ասել է. «Ուշադիր հետևում ենք զարգացումներին, տեսնում ենք, որ ջանքեր են գործադրվում քաղբանտարկյալներին ազատելու համար: Շատ դրական է նաև, որ դա ուղեկցվում է հարյուրավոր մարդկանց ազատ արձակումով»:

Վերլուծաբաններն ընդգծում են, որ այսօր Հայաստանի ներքաղաքական գործընթացները դրականորեն տարբերվում են հարևան երկրներում տիրող իրավիճակից:

«Հարկավոր է տարբերել գործընթացները: Այն փաստը, որ վերջերս Հայաստանում նորից սկսվեց 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների հետաքննությունը ու նաև համաներման մասին օրենքի ընդունումը, կբերի ընդդիմության ակտիվության անկմանը: Վրաստանում հակառակը`մայիսի 25-26-ի գիշերվա իրադարձությունները ակտիվության նոր ալիք և նոր ցույցեր կբերեն»,- «Մեդիալաբին» ասում է վրացագետ Ջոննի Մելիքյանը:

Վերջին օրերին ամբողջ աշխարհը հետևում է Վրաստանում տեղի ունեցած բախումներին: Երկու զոհ, 37 վիրավոր, 100-ից ավելի ձերբակալվածներ. այսպիսին են մայիսի լույս 26-ի գիշերվա Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում իրականացված ոստիկանական գործողության արդյունքները:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` հատուկ ջոկատայինները ընդդիմադիրների առաջնորդներից մեկի` Նինո Բուրջանաձեի կողմնակիցներին քաղաքի կենտրոնական պողոտայից դուրս մղելու գործողությունը սկսել են ուղիղ կեսգիշերին՝ ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտներ կրակող հրացանների կիրառմամբ:

«Երբ խոսում են, թե իբր ոստիկանությունը եկել էր հրապարակն ազատելու, դա իրականությանը չի համապատասխանում։ Դա հստակ պատժիչ գործողություն էր»,- հայտարարել է «Ժողովրդական ժողով» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Նինո Բուրջանաձեն։

Շատերը Վրաստանի ընդդիմության ակտիվության մեջ տեսնում են «արաբական գարնան» արձագանքը: Մինչդեռ վրացագետ Ջ. Մելիքյանի կարծիքով` Վրաստանում ընդդիմության բողոքը նոր երևույթ չէ, և սխալ է այն կապել արաբական աշխարհում տեղի ունեցածի հետ:

«Վրաստանում ընդդիմության ակտիվությունը 2-3 տարին մեկ պարբերաբար կրկնվում է: «Արաբական գարունը», իհարկե, կարող էր ոգևորիչ գործոնի դեր խաղալ ժողովրդի համար, բայց միայն առանձին մարդկանց մակարդակով»,-«Մեդիալաբին» ասում է վրացագետ Մելիքյանը:

Վերլուծաբանը նշում է, որ Վրաստանի բնակչության բողոքը և ընդդիմության ակտիվությունը նոր երևույթ չեն: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ անգամ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում որոշ առաջընթացի գրանցման դեպքում երկրում սոցիալական բողոք կա, որն օգտագործում են ընդդիմադիր ուժերը:

«Վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ Վրաստանի իշխանությունների կոշտ հարկային քաղաքականությունը, ոստիկանական վերահսկողությունը և սոցիալական դժվար իրավիճակը ժողովրդական հուզումների և ցույցերի հիմք հանդիսացան»,- «Մեդիալաբին» ասում է Մելիքյանը:

Այդուհանդերձ, նրա կարծիքով` չպետք է գերագնահատել ընդդիմության ազդեցության ուժը Վրաստանում: Երկրի բնակչության մեծ մասը թերահավատ է թե´ բողոքի ցույցերի, թե´ ընդդիմության առաջնորդների նկատմամբ:

Ի տարբերություն Վրաստանի` մահմեդական Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ ոգևորվել են արաբական աշխարհի հեղափոխությունների ալիքով: Ընդդիմությունը, սակայն, այստեղ նույնպես դժվարությունների է բախվում:

Բաքվում ցույցերը պարզապես արգելված էին: Ոստիկանները ձերբակալում էին թե´ լրագրողների, թե´ ցուցարարների: Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդմամբ` ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը քաղբանտարկյալների խնդիրների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն անցնում է 60-ից:

Ի տարբերություն Վրաստանի` Ադրբեջանում լուրջ ու լայնածավալ բախումներ չեն եղել ընդդիմության և ոստիկանության միջև: Ադրբեջանցի մտավորական, կինոռեժիսոր Ուլվի Մեհթիի կարծիքով` խնդիրն այն է, որ Ադրբեջանում չկա ձևավորված, պինդ ընդդիմություն:

«Անկեղծ ասած` ես համարժեք ընդդիմություն չեմ տեսնում: Ամեն ինչ տարերային է, այդ իսկ պատճառով շուտ մարում է»,- «Մեդիալաբին» ասում է Մեհթին:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը բացատրում է, որ թույլ ընդդիմության առկայությունը բնական է: Հաշվի առնելով Ալիևների իշխող ռեժիմի հզորությունը` այդ երկրում պարզապես շատ դժվար է այլախոհ լինել:

«Քաղաքական այլախոհներին, նույնիսկ նրանց, ովքեր ժամանակին եղել են Հեյդար Ալիևի կողքին, Իլհամ Ալիևը վաղուց չեզոքացրել է: Բռնապետության այդ մեխանիզմները Իլհամ Ալիևի իշխանության տարիներին պարզապես անհնար է դարձրել քաղաքական ընդդիմության առկայությունը Ադրբեջանում:

Սակայն ռեալ, ուժեղ ընդդիմության բացակայությունը դեռևս չի նշանակում հասարակության լայն խավերի համակերպում ստեղծված իրավիճակի հետ»,- «Մեդիալաբին» ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը վերջերս է վերադարձել Բրյուսելից և նշում է, որ արևմտյան վերլուծաբանները դժգոհում են Վրաստանում և Ադրբեջանում ընդդիմության հետ իշխանությունների բախումներից, բայց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները դրական են գնահատում:

«Դատելով արևմտյան փորձագետների հետ շփման իմ փորձից` կարելի է հանգել այն եզրակացության, որ տարածաշրջանում ժողովրդավարության զարգացման ամենառեալ հնարավորություններն այսօր Հայաստանում են: Բրյուսելում և Վաշինգտոնում տեսնում են, որ եթե Ադրբեջանում և Վրաստանում բռնություններ են կիրառվում ընդդիմադիրների հանդեպ, ապա Հայաստանում տեղի է ունենում լիովին հակադիր գործընթաց»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Մելիք-Շահնազարյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am

scroll back to top
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner