|
Հայաստանում իր լիազորություններն ավարտող ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը Հայաստանից մեկնելուց առաջ հանդես է եկել ուղերձով, որում նշել է, թե Հայաստանից հեռանում է «խառը զգացողություններով»:
«Երեք տարի որպես ԱՄՆ դեսպան պաշտոնավարելուց հետո այս ամռանը ես մեկնում եմ Հայաստանից: Ինձ համար պատիվ էր ներկայացնել իմ երկիրն ու աշխատել այսքան տաղանդաշատ մարդկանց հետ Հայաստանում: Ես հեռանում եմ խառը զգացողություններով. մի կողմից ուրախ եմ վերադառնալ ԱՄՆ` դեպի ընտանիք և ընկերներ, մյուս կողմից` տխուր եմ հեռանալ այս գեղեցիկ երկրից այս պատմական պահին»,- նշել է դեսպան Յովանովիչը իր ուղերձ-նամակում:
«Հավատացած եմ, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը հպարտանալու շատ բան ունեն: Հայ-ամերիկյան հարաբերությունները խարսխված են ժողովրդավարության, բարեկեցության ու խաղաղության ընդհանուր համոզմունքի շուրջ, և այս երկրում ուր էլ գնայի, ամենուր կային մեր հաջող համագործակցության օրինակներ:
Ես խոսել եմ քաղաքացիների շահերի պաշտպանությունն իրականացնող իրավաբանների հետ Արմավիրում, ովքեր օգնում էին մարդկանց կենսաթոշակային իրավունքների ապահովման հարցում, տեսել եմ հանրային առողջապահության ոլորտի բարելավմանն ուղղված մեր համատեղ ջանքերի պտուղները Վանաձորի ծննդատանը և հիացմունք եմ ապրել` տեսնելով Կապանի կամավորների նվիրվածությունը բնապահպանական հարցերին»:
Յովանովիչը գրել է, որ Հայաստանում գտնվելու երեք տարիների ընթացքում ինքը ականատես է եղել մի շարք զարգացումների, որոնք ընդգծում են «մեր ամուր կապերն ու միասին պայծառ ապագա կերտելու մեր հանձնառությունը»:
«ԱՄՆ կառավարության ծրագրերը Հայաստանում օժանդակել են երկրի կայուն զարգացմանը` մրցունակությունը բարձրացնելու, հաստատությունները ամրապնդելու, սոցիալ-առողջապահական ծառայությունների որակը բարելավելու, քաղաքացիական հասարակությանն ավելի մեծ իրավասություններով օժտելու ճանապարհով:
ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ վերանորոգվել են Հայաստանի առավել կարիքավոր գյուղական բնակավայրերի բուժկետերի ու ամբուլատորիաների երկու երրորդը, մոբիլիզացվել են քաղաքացիական հասարակության խմբերի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում: Ավարտին է մոտենում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի 180 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրերի իրականացումը` ուղղված երկրի հիմնական ջրանցքների ու ոռոգման համակարգերի բարելավմանը, որի շահառուներն են 350 գյուղական համայնքների 420.000 բնակիչներ»,- իր ուղերձում գրել է դեսպան Յովանովիչը:
Դեսպանը նշել է, թե վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը գովելի առաջընթաց է գրանցել է մարդկանց թրաֆիքինգ հանցագործության դեմ պայքարում: Հայաստանն ի ցույց է դրել, որ հավատարիմ է գլոբալ անվտանգության ապահովման իր հանձնառությանը` հայկական զորախմբեր ուղարկելով Աֆղանստան և ուժեղացնելով Հայաստանի արտահանման վերահսկողության ռեժիմը:
«Թուլացել են հանրահավաքների ազատության նկատմամբ սահմանափակումները: 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական դեպքերին առնչվող գործողությունների համար անազատության մեջ հայտնված քաղաքացիների նկատմամբ կիրառվել է համաներում, կամ նրանք վաղաժամկետ ազատ են արձակվել: Այնուամենայնիվ առջևում դեռ շատ մարտահրավերներ կան, և Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին իր առավելագույն ներուժին հասնելու հարցում: Միացյալ Նահանգները վճռականորեն պատրաստ է օժանդակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակում ենք օժանդակել հայ-թուրքական հաշտեցմանը թե´ այստեղ, թե´ Անկարայում: Նորություն չի լինի թերևս այն, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել ժողովրդավարության կայացմանը, որն Ամերիկայի հիմնադիր սկզբունքն է և հիմնարար գործոն է Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացման համար»,- գրել է դեսպանը:
Յովանովիչը նաև գրել է, որ իրենք աշխատում են կառավարության և տեղական գործընկերների հետ օգնելու Հայաստանում ժողովրդավարության կայացմանը` օրենքի գերիշխանության, արդյունավետ կառավարման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանման ճանապարհով:
«Առաջիկա ընտրությունները հնարավորություններ են ընձեռում Հայաստանի ժողովրդավարության հանդեպ վստահությունը լայնորեն վերականգնելու համար: Իրենց ժողովրդավարական ձգտումները կյանքի կոչելու համար քայլեր պետք է ձեռնարկեն հենց հայաստանցիները, իսկ ամերիկյան ժողովուրդը պատրաստ է օգնել Հայաստանի ժողովրդին այս պահը հանուն առաջընթացի օգտագործելու հարցում:
Բնական է, որ մեր երկու երկրները չեն կարող համակարծիք լինել բոլոր հարցերում, սակայն ժողովրդավարության, բարեկեցության և խաղաղության մեր ընդհանուր համոզմունքը ուղենիշ կծառայի մեր հետագա համագործակցության համար: Ես հեռանում եմ Հայաստանից` վստահ լինելով, որ մեր հարաբերությունները կշարունակեն խորանալ, և մենք միասին կգտնեք նոր ուղիներ կերտելու ապագա, որ շահավետ կլինի բոլորիս»,- գրել է դեսպան Յովանովիչը:
© Medialab.am
|