Կիրակի` օգոստոսի 28-ին, Ծաղկաձորում թեեւ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, որ պետք է «ավելի առարկայական մոտեցում ցուցաբերել գիտության ֆինանսավորման հարցին» եւ նշել է, թե իր աջակցությամբ ստեղծվելիք առանձին ֆոնդը կաջակցի երիտասարդ գիտնականներին, սակայն շատերը թերահավատ են, թե մոտ ժամանակներս իրավիճակի փոփոխություն տեղի կունենա:
«Երիտասարդ գիտնական լինելը շատ բարդ է…միջինում գիտական աստիճան ունեցողների կեսից ավելին գնում են արտասահման: Ցավալի է, որ պետությունը չի ստեղծում նախադրյալներ, որպեսզի գիտնականը տեղում կայանա»,- ասում է 30-ամյա ֆիզիկոս Արթուր Մովսիսյանը:
ՀՀ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում աշխատող երիտասարդ գիտնականը նշում է, որ շատ գիտնականներ փոխում են գործունեության ոլորտը, քանի որ աշխատավարձն այնքան ցածր է, որ աշխատել կարելի է հիմնվելով միայն «էնտուզիազմի» վրա:
Այս եւ ոլորտին առնչվող մի շարք խնդիրների մասին քննարկումներ էին կազմակերպվել օրերս` Ծաղկաձորում, Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի, ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցի, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» Facebook-ում գործող խմբի նախաձեռնությամբ:
Հիմնական խնդիրների շարքում էին գիտության ֆինանսավորումը ՀՆԱ 1 տոկոս̀ ներկայիս 0.24-ի փոխարեն բարձրացնելը, թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների չափանիշների հիմքում միջազգային գիտական վարկանիշային (ազդեցության գործակից ունեցող) ամսագրերում տպագրվող հոդվածների թիվը բարձրացնելն, երիտասարդ գիտնականներին խրախուսելը եւ մի շարք այլ հարցեր:
2011-ի դրությամբ, Հայաստանում հաշվառվում է 4500 գիտնական: Ըստ վիճակագրության, տարեկան հանրապետությունում 500-530 գիտական աստիճան է տրվում, սակայն գիտական ոլորտում աշխատանքներ շարունակողները կազմում են ընդամենը 1-10 տոկոս:
Ըստ փորձագետների, նման ցածր ներգրավածության պատճառը գիտությանն հատկացվող փոքր գումարներն են` տարեկան մոտ 24 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի մոտ 0.24 տոկոսը` գոյացնելով գիտնականների միջին` 32 հազար դրամ աշխատավարձերը:
ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի լաբորանտ, 28-ամյա ասպիրանտ Աննա Պողոսյանը «Մեդիալաբին» ասում է, որ ներուժ ունեցող շատ երիտասարդներ 30-40 հազար դրամով չեն կարող գոյություն պահպանել:
«Խելացիները գնում են, փոխարենը ասպիրանտ են դառնում այնպիսի մարդիկ, ովքեր ապրուստի խնդիր չունեն, և քանի որ ասպիրանտի պակաս է լինում, այսօր հեշտացել է գիտնական դառնալը»,-ասում է Պողոսյանը:
Նույն կարծիքն է կիսում ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը: Նա ասում է, որ նախընտրում է չխոսել գիտնականների աշխատավարձերի մասին: Պապոյանը ցավով է խոսում այն մասին, որ իր ուսանողներից շատերը լքում են երկիրը, ինչի հետեւանքով ֆիզիկայի ինստիտուտում գիտաշխատողի միջին տարիքը հասել է 60-ի:
«Դրսում մենք ունենք շատ լավ կենտրոններում աշխատող գիտնականներ: Պետությունն առաջնորդվում է վաղվա շահերով, ուստի գիտնականները պետք է հեռոււն գնացող ծրագրեր մշակեն, իսկ պետությունը կարող է ներդրումներ կատարել ու սպասել արդյունքների»,-ասում է նա:
Բյուրականի աստղադիտարանի Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը թեեւ նույնպես մտահոգություններ ունի Հայաստանում գիտությունների հանդեպ դրսեւորվող վերաբերմունքից, սակայն նա ասում է, որ լուծումներն ինչ որ առումով կարելի է նաեւ դրսում փնտրել:
«Մեր պետության կողմից այսօր պրակտիկապես չի ֆինանսավորվում գիտությունը, նման ցածր ֆինանսավորման պայմաններում ամեն հաջորդ ամիսը քայքայիչ է գիտության համար»,- ասում է Միքայելյանը:
Միքայելյանը նշում է, որ Հայաստանում գիտության բնագավառում միջազգային համագործակցության ու ֆինանսավորման բազմաթիվ հնարավորություններ կան, սակայն քչերն են օգտագործում դրանք:
«Հատկապես երիտասարդ գիտնականները հնարավորություն ունեն մասնակցելու թեկուզ դրամաշնորհային, համաֆինանսավորման կամ գիտական այլ ծրագրերի (արերկրում անցկացվող սեմինարներ, գիտքննարկումներ) »,-ասում է նա:
Հայ-ռուսական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 24-ամյա աստպիրանտ Արամ Ջիվանյանը «Մեդիալաբին» ասում է, որ երիտասարդ գիտնականները պետք է ակտիվություն ցուցաբերեն, և այն միջազգային գիտական գործընթացներին ինտեգրվելու հնարավորություն կընձեռի.
«Օրինակ ես հույսս այստեղի գիտական ղեկավարի վրա չեմ դրել, փոխարենն ընտրել եմ Հայաստանում դեռևս չլուսաբանված գիտական թեմա, կապ հաստատել Գերմանիայի հետ և համատեղությամբ աշխատում եմ գերմանախան գիտական խմբի հետ,-ասում է նա:- Իսկ դա օգնում է երիտասարդ հայ գիտնականներին կամ գիտական ոլորտում աշխատող ու հաստատվել ցանկացող երիտասարդներին ընդգրկվել միջազգային գիտահետազոտական գործընթացներին, այլ ոչ թե սպասել»:
Փառանձեմ Հովհաննիսյան
© Medialab.am
|