|
Հունիսի 21-24-ը տեղի ունեցած ամառային նստաշրջանում ԵԽԽՎ-ն` մոնիթորինգի հանձնաժողովի նախաձեռնությամբ, ընդունել է 1827 բանաձևը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: Իր պաշտոնական կայքում ԵԽԽՎ-ն հրապարակել է գործողությունների ծրագիրը, որն առնչվում է անդամ պետություններից 14-ին, այդ թվում` և Հայաստանին` իրենց պարտավորությունները Վեհաժողովի առաջ կատարելու շրջանակներում:
«14 երկրները, որոնք դիտարկվում են մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցում, Ալբանիան է, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիան և Հերցեգովինան, Վրաստանը, Մոլդովան, Չեռնոգորիան (Մոնտենեգրո), ՌԴ-ն, Սերբիան, Ուկրաինան, Բուլղարիան, Մոնակոն, Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիան, Թուրքիան (Վեհաժողովի հետ հետմոնիթորինգային երկխոսության շրջանակներում)»,- գրված է Վեհաժողովի ներկայացրած փաստաթղթում:
Ըստ ԵԽԽՎ կայքի` պատգամավոր Դիկ Մարտիի ներկայացրած զեկույցի հիման վրա տրված ընդհանուր գնահատման մեջ Վեհաժողովը մատնանշում է ընտրական գործընթացներում առկա լուրջ թերությունները, ինչպես նաև խորհրդարանական երկխոսության և սահմանադրական լուրջ խնդիրները, որոնք խոչընդոտում են հետագա առաջընթացը:
1827 բանաձևով Վեհաժողովը կոչ է անում տասը երկրներում (այդ թվում նաև` Հայաստանում) շարունակել մոնիթորինգի գործընթացը: Վեհաժողովն արձանագրում է, որ Հայաստանում, Մոնտենեգրոյում և Վրաստանում սկսվել են ԸՕ-ի փոփոխություններ: Հայաստանում, Ադրբեջանում և ՌԴ-ում որոշ խոշոր ընդդիմադիր ուժեր շարունակում են ներկայացված չլինել խորհրդարանում, և արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսությունը բացակայում է: Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում, ՌԴ-ում, Սերբիայում և Ուկրաինայում գործադիր իշխանությունը շարունակում է չգտնվել խորհրդարանի վերահսկողության ներքո, որի լիազորությունները չեն ամրապնդվել:
Բանաձևում Վեհաժողովը` ընտրությունների և քաղաքական բազմակարծության շրջանակներում Հայաստանի խորհրդարանին կոչ է արել շարունակել ընտրական բարեփոխումները, որպեսզի 2012-ի մայիսին նախատեսված ընտրություններում բոլոր հայտատուների համար ապահովված լինեն արդարությունն ու հավասարությունը` ազգաբնակչության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ ամրապնդելու համար, այդ թվում նաև` դիմում-բողոքների հարցում:
Վեհաժողովը նաև կոչ է արել Հայաստանի և Վրաստանի իշխանություններին շարունակել ընդդիմության հետ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև շարունակել սահմանադրական բարեփոխումները: Ի դեպ, բանաձևի վերջում Վեհաժողովը բավական ուշագրավ կոչ էլ է արել: «Վեհաժողովը կարևորում է մոնիթորինգի հանձնաժողովի իր զեկուցողների անկախությունը` իրենց պարտավորությունները կատարելու հարցում, և կոչ է անում բոլոր երկրներին զերծ մնալ բոլոր տեսակի ճնշումներից, որոնք կարող էին ներազդել զեկուցողների որոշումների վրա»,- գրված է ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ընդունված բանաձևում:
© Medialab.am
|