Հետադարձ հայացք նետելով Հայաստանի անկախության եւ պետականության կառուցման 20 տարիներին`կարելի է հստակ կերպով գիտակցել, որ պետականություն ստեղծելը եւ մեր ինքնիշխանությունն ապահովելը հեշտ չի տրվել: Լինելով փոքր, աղքատիկ բնական պաշարներով եւ դեպի ծով ելք չունեցող երկիր` Հայաստանը դարձել է ինչպես իր աշխարհագրական դիրքի, այնպես էլ ողջ աշխարհաքաղաքական իրադրության պա տանդը:
Իր պատմության ողջ ընթացքում Հայաստանն անցել է մեկը մյուսին հաջորդող մեկուսացման եւ ռազմավարական նշանակության փուլերով`լինելով պարսկական, ռուսական եւ թուրքական կայսրությունների մրցակցության եւ շահերի բախման տարածաշրջանային կենտրոնում:
Նույնքան խոցելի է մնացել Հայաստանը նաեւ իր նորագույն պատմության ժամանակահատվածում: 1918-1920 թթ. Հայաստանը կարճ ժամանակով անկախացավ, որից հետո հարկադրաբար դարձավ Խորհրդային Միության մասը:
Խորհրդային համակարգի 70 տարիների գոյության եւ կտրուկ փլուզումից հետո Հայաստանը պատրաստ չէր եւ անգամ հակված էլ չէր անկախությանը: Ի տարբերություն, օրինակ, մերձբալթյան երկրների` Հայաստանի անկախության վերահաստատումն արտահայտվեց Խորհրդային համակարգի համատեքստում, այլ ոչ թե Մոսկվայի հետ ուղղակի առճակատման միջոցով: Անգամ ԽՍՀՄ փլուզմանը նախորդող ղարաբաղյան հակամարտության սկիզբը պայմանավորված էր Խորհրդային սահմանադրությանը համապատասխանելու ռազմավարությամբ:
Սակայն Խորհրդային Միության հանկարծակի փլուզումը Հայաստանը կանգնեցրեց անկախության անմիջական մարտահրավերների առջեւ: Նորանկախ պետության գոյության համար անմիջական սպառնալիք էր ստեղծվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, որի պատճառով Հայաստանը ենթարկվեց տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ շրջափակման Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից:
Այս ամենին գումարվել էին նաեւ 1988-ի ավերիչ երկրաշարժի հետեւանքները:
Հայաստանի անկախության առաջին փուլն ուղեկցվում էր պատերազմով, տնտեսական ճգնաժամով եւ շրջափակմամբ, սննդամթերքի, էլեկտրականության եւ վառելիքի պակասով: Այս ճգնաժամային իրավիճակը ձախողեց երկրում ժողովրդավարական ինստիտուտներ կառուցելու առաջին փորձերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո երկրորդ պլան մղելով քաղաքական բարեփոխումները: Շարունակական պատերազմական վիճակը նույնպես նպաստել է քաղաքական ուղու ձեւավորմանը, եւ ներկայումս ակտիվ ազգայնականությունը գերիշխող դիրք է գրավել քաղաքական ասպարեզում:
Անկախության առաջին տասնամյակում քաղաքական դաշտում երկու միտում էր նկատվում: Առաջինը այն է, որ եթե քաղաքական հայեցակարգը եւ քննարկումները նախկինում չափավոր բնույթ էին կրում, ապա այժմ ավելի ռազմատենչ երանգավորում ստացան: Երկրորդ որոշիչ գործոնը քաղաքական էլիտայի փոփոխությունն էր. Ղարաբաղից վերադարձածները իշխանության եկան`զբաղեցնելով բարձրաստիճան քաղաքական պաշտոնները, եւ ի վերջո նախագահական աթոռը:
Այս պայմաններն էլ կանխորոշեցին տնտեսական համակարգի երկարաժամկետ զարգացումը`լրջորեն խարխլելով նաեւ բարեփոխումների իրականացման ընթացքը: Ապրանքների պակասի, տնտեսական եւ տրանսպորտային շրջափակման այս հզոր համադրությունը, ինչպես նաեւ էներգետիկ ենթակառուցվածքի կազմալուծումը արագորեն նպաստեցին Հայաստանի տնտեսական անկմանը: Կապիտալիստական խոշոր ձեռնարկությունները շուտով վերացրեցին իրենց մրցակիցներին եւ գերիշխող դիրք գրավեցին հիմնական ապրանքների, սննդամթերքի ներմուծման եւ արտահանման շուկայում:
Այս կապիտալիստական ապրանքային ձեռնարկություններն ի հայտ եկան Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում զարգացած «հակամարտության տնտեսության» արդյունքում`աջակցելով բավական թուլացած պետությանը: Երկրի իշխանություններն այն ժամանակ առավելապես զբաղված էին այլ բնագավառներում տնտեսական միջոցառումների իրականացմամբ`ջանալով սկիզբ դնել հողային օրենսդրության արմատական բարեփոխումներին եւ կայուն ազգային արժույթի ներդրմանը:
Այս խոշոր ձեռնարկությունների իշխանությունը շուտով տարածվեց ապրանքների ոլորտից դուրս և ինչպես այլ նախկին Խորհրդային երկրներում, նրանք օգտագործեցին իրենց կապերը պետական օղակների հետ`սեփականաշնորհման գործընթացի ժամանակ հսկայական հարստություն եւ ունեցվածք ձեռքբերելու համար:
Միեւնույն ժամանակ, նրանք հետագայում ավելի ամրապնդեցին իրենց իշխանությունը`բարձր դիրք գրավելով պետական համակարգում`արագ զարգացող հովանավորչական եւ կոռուպցիոն ցանցերի շրջանակներում:
Ժամանակի ընթացքում, այս կապիտալիստական ձեռնարկությունները իրենց իշխանությունն ընդլայնելու ավելի լավ մշակված մեթոդներ որդեգրեցին. նրանց հաջողվում էր գաղտնի համաձայնությունների միջոցով սահմանել ապրանքների գները, կանխել մրցակիցների ի հայտ գալը եւ ապրանքների մատակարարման բացառիկ պայմանագրեր կնքել պետական հաստատությունների հետ:
Այս փակ, վերահսկվող տնտեսական համակարգը փոխարինեց կենտրոնացված պլանավորման եւ բաշխման պայմաններում գործող Խորհրդային համակարգին: Ղարաբաղյան հակամարտության առաջին փուլի ընթացքում ի հայտ եկած եւ հզորացած այս կապիտալիստական ձեռնարկությունները, որոնք հետագայում ամրապնդեցին իրենց դիրքերն ու ազդեցությունը, ստեղծեցին առեւտրային նոր վերնախավ`օլիգարխներին: Կենտրոնացված հրահանգներով գործող խորհրդային տնտեսությունը փոխարինվեց միանգամայն տարբեր`օլիգարխիկ վերնախավի կողմից վերահսկվող տնտեսական համակարգով:
Պետական հիմնարկների ընդհանուր թուլության եւ քաղաքական կամքի վառ արտահայտված բացակայության պայմաններում, օլիգարխիկ համակարգի ի հայտ գալը կարելի է համարել անկախության երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի համար ամենաավերիչ զարգացումներից մեկը: Այս համակարգը քայքայիչ ազդեցություն ունի. այն խարխլում է պետական հեղինակությունը եւ իշխանությունը, որը չի կարող հարկեր սահմանել օլիգարխների բիզնեսի վրա կամ վերահսկել նրանց գործունեությունը: Եվ եթե պետությունը վճռի վերականգնել տնտեսական համակարգի նկատմամբ իր վերահսկողությունը, ապա նրան դժվարին պայքար է սպասվում:
Մի շարք հզոր օլիգարխների մուտքը քաղաքական դաշտ ավելի է բարդացնում իրադրությունը: Սա հատկապես ընգծվում է այն հանգամանքով, որ նրանք մեծ ազդեցություն են ձեռք բերում խորհրդարանում պատգամավորական մանդատը ստանալու միջոցով, ինչը թույլ է տալիս նրանց միջամտել եւ խոչընդոտել բարեփոխումների իրականացմանն անմիջականորեն համակարգի ներսից: Երկրի ներքին քաղաքական կյանքում նրանց ունեցած անմիջական ազդեցությունը ցույց է տալիս, թե ինչ սպառնալիք է ներկայացնում իշխանությունների եւ բիզնեսի սերտաճումը:
Նման հանգամանքներում Հայաստանին այլ մարտահրավերներ էլ են սպասվում: Անկախության երկու տասնամյակներն, ընդհանուր առմամբ, ավելի մեծ կախվածություն են առաջացրել`անցյալում թողնելով բազում բաց թողնված հնարավորություններ:
Այս մարտահրավերներն ահանզանգող բնույթ են կրում: Օլիգարխիկ համակարգի դեմ պայքարելու համար անհրաժեշտ քաղաքական կամքի ակնհայտ բացակայության եւ ձեւական իշխանության պայմաններում, պետությունը շարունակում է խարխափել թերի օրենսդրության, անարդյունավետ հարկահավաքման եւ օրենքի գերակայության կամայական եւ թույլ իրականացման հորձանուտում:
Հայաստանի անկախության հետագա 20 տարիները դժվար է կանխատեսել: Միակ իրատեսական գնահատականն այն է, որ հայկական պետականությանը չափազանց լուրջ փորձություն է սպասվում:
Ռիչարդ Կիրակոսյանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենն է Հայաստանում
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
|