|
Հայաստանի խոշորագույն քիմիական հսկան` «Նաիրիտ գործարանը», չափազանց ծանր վիճակում է հայտնվել` ստիպելով կառավարությանը մտածել գործարանում լուրջ ներդրումներ կատարելու մասին: Միաժամանակ, փորձագետները կառավարության ու գործարանի ղեկավարության` այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերը իրավիճակին համարժեք չեն համարում:
Կառավարության վերջին երկու նիստերում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել էր արդեն ավելի քան մեկ տարի հարկադիր պարապուրդի մատնված և պաշտոնական տվյալներով 120-130 մլն դոլար պարտք կուտակած «Նաիրիտ գործարանի» շուրջ ստեղծված իրավիճակին:
Նշելով, թե «ինչ-որ մարդիկ ուզում են այս ոլորտում ինչ-որ պատմություններ ստեղծել, վարկաբեկիչ հոդվածներ են գրում»` վարչապետը հունիսի 10-ի նիստի ժամանակ, ինչպեսև նախորդող նիստում, հորդորել էր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին «մտահոգությունները փարատելու» համար առավելագույն տեղեկատվություն տրամադրել:
Սակայն, նախարարն ընդամենը նշել էր, որ գործարանին առնչվող բոլոր նյութերը դրված են նախարարության կայքում, իսկ պարզաբանումների համար անգամ բրիֆինգին չէր ներկայացել:
«Նաիրիտի» պաշտոնական կայքէջում նշված է, որ անցած տարիներին գործարանը փոխել է մի քանի սեփականատեր, անցել վերակազմավորումների և անվանափոխությունների գործընթաց:
2006-ի օգոստոսի 18-ի կառավարության «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը վաճառելու մասին» թիվ 1131-Ա որոշումով` այն գրեթե ամբողջությամբ վաճառվել է, և «Ռայնովիլ փրոփըրթի լիմիթեդ» (Rhinoville Property Limited, UK) ընկերությունը դարձել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի 90%-ի սեփականատեր` ձեռք բերելով այդ բաժնետոմսերը պետական ընկերություն հանդիսացող «Հայգազարդ» ՓԲԸ-ից:
«ՀՀ Կառավարությունը որոշում է… ՀՀ էներգետիկայի նախարարին թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի 90 տոկոս բաժնեմասը` 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր շուկայական արժեքով, ուղղակի եղանակով վաճառել գնորդին»,- նշված է այդ որոշման մեջ:
Լրատվամիջոցները, սակայն, առքուվաճառքի այս գործընթացը «մութ գործարք», «մութ պատմություն» բնորոշումներով էին որակում, քանի որ, ըստ հրապարակային տեղեկությունների, «Ռայնովիլը» չի ունեցել 40 մլն դոլար, որպեսզի կարողանար վճարել «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ի սեփականատերը դառնալու համար:
«Նաիրիտի» պաշտոնական կայքում գրված է, որ օֆշորային գոտում գրանցված այս ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է մոտ 1 մլն դոլար: Ընդ որում, «Նաիրիտի» բաժնետոմսերը գնելու համար «Ռայնովիլը» համապատասխան գումարը ձեռք է բերել` գրավ դնելով այդ բաժնետոմսերը ԱՊՀ միջպետական բանկում`Հայաստանի Հանրապետության երաշխավորությամբ:
ԱՊՀ միջպետական բանկի կայքում կարդում ենք. «2006 թվականի օգոստոսին բանկը 70 մլն դոլար վարկային գիծ է բացել Rhinoville Property Limited ընկերության համար` 5,3 տարով` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 27-ը, տարեկան 12,5 տոկոս տոկոսադրույքով: Վարկը հատկացված է «Նաիրիտ գործարանի» 90% բաժնետոմսերի ձեռքբերման համար»:
Գործարքը կասկածելի գնահատող լրատվամիջոցների տարակուսանքն այն էր, որ պետական երաշխավորությամբ 70 մլն դոլար գնահատված «Նաիրիտի» բաժնետոմսերը վաճառվել էին 40 մլն դոլարով, որն իր հերթին հայթայթվել էր գործարանի գրավադրմամբ:
Մյուս կողմից` էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքում բացատրություն չկա, թե ինչո´ւ կառավարությունը չզրկեց «Ռայնովիլին» սեփականության իրավունքից, երբ այն չկատարեց իր ստանձնած պարտավորությունները` անցնել բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրությանը և մինչև 2009 թ. հունվարի 1-ը կատարել 60 մլն դոլար ներդրում:
Փոխարենը նախարարության կայքում տեղադրված է «հետաքրքրությունների հայտ» վերտառությամբ մի հայտարարություն, որում նշվում է, որ «Նաիրիտի» 400-500 մլն դոլար արժողությամբ 2011-2019 թվականների ներդրումային ծրագրի իրականացման համար հայտարարվում է կառավարման օպերատորի մրցույթ:
Ընդ որում, հայտերի ներկայացման վերջնաժամկետին մնացել է 3 աշխատանքային օր, բայց մինչ այժմ որևէ ընկերություն հայտ չի ներկայացրել:
Միաժամանակ, այդ ծրագրով նախատեսվում է «Նաիրիտում» վերականգնել օրգանական թթուների արտադրությունը, սակայն քիմիական գիտությունների թեկնածու, Հանրային խորհրդի արդյունաբերական հարցերի ենթահանձնաժողովի անդամ Ջիլբերտ Մուրադյանն ասում է, որ դա ներկայումս անհնար է:
«Նաիրիտի» արտադրած օրգանական թթուները եղել են «Պոլիվինիլացետատ» գործարանի համար, որն այժմ քայքայվել է, և նրա տարածքում այսօր սուրճ են աղում: Այդ ծրագրով նախատեսված է նաև «Նաիրիտում» տեղադրել էլեկտրաէներգիա և շոգի արտադրող գազատուրբինային գեներատոր, սակայն ճապոնական վարկով նման մի գեներատոր արդեն իսկ կա Երևանի ջէկում: Ճապոնիայի կառավարությունն այդ վարկը տրամադրել էր հենց պայմանով, որ շոգին «Նաիրիտը» գնի»,- «Մեդիալաբին» ասաց Մուրադյանը:
Իսկ ծրագրով նախատեսված մեկ այլ` պոլիվինիլքլորիդի արտադրություն, ըստ Մուրադյանի, «Նաիրիտում» չի էլ եղել. «Աշխարհում այդ արտադրատեսակի պահանջարկն ամբողջությամբ բավարարում են մոտ 20 գործարաններ: Այլ է խնդիրը քլորոպրենային կաուչուկի պարագայում, որի պահանջարկը (և գները) գնալով աճում են»:
Փորձագետի խոսքով` կազմված ծրագիրը որևէ հստակ ու հեռանկարային մոտեցում չունի. «Տպավորություն է ստեղծվում, որ գերուռճացված այս ծրագիրը գրվել է միայն հերթական անգամ մի որևէ տեղից փող պոկելու ակնկալիքով»:
Կառավարությունը, սակայն, սկսել է լրջորեն զբաղվել այդ ծրագրի իրագործման համար ֆինանսներ հայթայթելով:
Հունիսի 5-ին Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարեց, թե հնարավոր է, որ Հայաստանը 400 մլն դոլար վարկ ստանա ԵվրԱզէՍ-ից, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունն էլ պարզաբանեց, թե նման վարկի հայտ «Նաիրիտն» է ներկայացրել:
Իսկ ուրբաթ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած «Նաիրիտի» աշխատակիցներին խոստացել է ավելի քան 3 ամսվա աշխատավարձերի պարտքի խնդիրը լուծել առաջիկա 15 օրում:
Մինչդեռ ընդդիմադիր տնտեսական փորձագետները վտանգավոր են համարում մասնավոր ընկերության համար պետական պարտքը մեծացնելու` կառավարության քաղաքականությունը:
«Մեր արտաքին պետական պարտքի բեռն արդեն իսկ վտանգավոր չափերի է հասել: Եվ եթե հանկարծ «Նաիրիտին» չհաջողվի վերակենդանանալ, ապա այդ 400-500 մլն դոլարը վճարելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչն անթույլատրելի է»,- «Մեդիալաբին» ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
© Medialab.am
|