Ստեղծե՞լ արդյոք գաղտնալսման հարցով հանձնաժողով․ Մարուքյանի կարծիքը փոփոխվում է

18-01-2019
203 դիտում
Ստեղծե՞լ արդյոք գաղտնալսման հարցով հանձնաժողով․ Մարուքյանի կարծիքը փոփոխվում է

Խորհրդարանական  ընտրություններից հետո ձևավորված Ազգային ժողովը սկսել է իր աշխատանքը։ Արդեն 4-րդ օրն է, ինչ 7-րդ գումարման ԱԺ-Ն նիստեր են հրավիրում հանձնաժողովների ձևավորման, նախագահների ընտրության և այլ հարցերը կարգավորելու համար։

«Մենք պետք է այստեղ, խորհրդարանական վերահսկողության շրջանակում պատշաճ այդ հարցերը բերենք ու քննարկման առարկա դարձնենք և այդ խնդիրները շտկենք, որ ՄԻԵԴ-ում այդ հարցը բարձրաձայնելուց հետո Հայաստանի ներկայացուցիչը կարողանա նշել, որ այդպիսի դեպք եղել է, բայց դրանից հետո մեր երկիրը հարուցել է քրեական գործ, պատժել է մեղավորներին, Ազգային ժողովում եղել է քննիչ հանձնաժողով, քննել է, պարզել է, պատասխանատվություն են կրել այսինչ մարդիկ»,- մասնավորապես, նշել է Մարուքյանը։

ԱԺ ամբիոնից այս թեմայով ելույթ ունեցավ նաև «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որը, հակադարձելով Մարուքյանին, հիշեցրեց, որ երբ Հանրապետական կուսակցությունն էր քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը բերել խորհրդարան, ինքը և Մարուքյանը միասին նախագծին դեմ արտահայտվողների ցուցակում էին։

Հասկանալու համար, թե ի՞նչ տեսակետ է ունեցել Մարուքյանն այս թեմայի վերաբերյալ, գնանք մի քանի ամիս հետ։

6-րդ գումարման ԱԺ-ի 4 նստաշրջանում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցը քննարկման տիրույթ էր բերվել Հանրապետական կուսակցության կողմից։ Սեպտեմբերի 13-ի նիստում  քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը ներկայացրել էր Գևորգ Կոստանյանը։

Այն ժամանակ դեռևս «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեմ էր արտահայտվել այս նախագծին՝ մասնավորապես, նշելով, որ դա հակասում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքին, քանի որ քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել այն ժամանակ, երբ տվյալ գործով ընթանում է նախաքննություն։

Մարուքյանը նաև նշել էր, որ ստեղծվելիք հանձնաժողովը, ըստ էության, վտանգված է լինելու դառնալ պարապ հանձնաժողով, որովհետև այն հարցերը, որ պետք է քննարկեն, կապված են լինելու նախաքննության հետ, և հրավիրված մարդիկ էլ իրավունք չեն ունենալու գալ հանձնաժողով և վկայություն տալ։

Հարցը ընդունվել էր 47 կողմ 18 դեմ ձայներով։ Դեմ քվեարկողների թվում էր նաև Էդմոն Մարուքյանը։

Այսօր, սակայն, Մարուքյանը այլ տեսակետ ունի։

Նշենք նաև, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման գործը դեռևս գտնվում է քննության փուլում։

Կարինե Կիրակոսյան

www.Fip.am