«Հիմա երբեմն մտածում եմ՝ սա ինձ հետ չի եղել». սկանդալային պատմություն. կինը պնդում է, որ իր երեխային վաճառել են, և պահանջում է վերադարձնել

08-02-2019
880 դիտում
«Հիմա երբեմն մտածում եմ՝ սա ինձ հետ չի եղել». սկանդալային պատմություն. կինը պնդում է, որ իր երեխային վաճառել են, և պահանջում է վերադարձնել

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում երեխաների չեն վաճառում և չեն գնում: Իսկ իրավապաշտպանների հավաստմամբ՝ դա տեղի է ունենում՝ թաքուն և քողարկված:

Նարինե Նիկողոսյանը 40 տարեկան է: Ասում է՝ իր կյանքը փորձությունների անվերջ շղթա է հիշեցնում, վերջին 5 տարին՝ իսկական դժոխք: Ճիշտ այդքան ժամանակ նա դատական բոլոր ատյաններով փորձում է վերադարձնել հարազատ որդուն: Տղան արդեն 5 տարեկան է: Նարինեն նրան տեսել է միայն ծննդատանը, 2,5 տարեկանում` դատական գործերին կցված տեսաերիզով, ևս մեկ անգամ 4 տարեկանում՝ հեռվից հեռու:

«Հիմա երբեմն մտածում եմ՝ սա ինձ հետ չի եղել: Սա չէր կարող իրականություն լինել: Երազ է, կարթնանամ, ու ամեն ինչ կարգին կլինի: Ես պատրաստ չէի այս ամենին: Ոչ ոք չի կարող պատրաստ լինել նրան, որ իր երեխային կարող են իրենից խլել»,– ասում է Նարինեն:

ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2015-2018 թվականներին երեխաների առքուվաճառքի վերաբերյալ ստացվել է ընդամենը 2 դիմում, երկուսն էլ՝ 2018-ին: Առաջին դիմումով քրեական գործի հարուցումը մերժվել է, երկրորդ դիմումի համաձայն հարուցված քրեական գործը կարճվել է: Նույն ժամանակահատվածում, սակայն, մամուլում հրապարակվել են տեղեկություններ երեխաների առքուվաճառքի առնվազն 4 դեպքի մասին:

Նարինեն ծնվել և մեծացել է, այսպես կոչված, «անբարենպաստ ընտանիքում»: Դպրոցական տարիքում իր վրա էր ողջ ընտանիքի բեռը: Լսողության խնդիրներ ունեցող ծնողների, քույրերի, տան ու կենցաղի հետ կապված բոլոր հոգսերը իր վրա էին: Դպրոցում ուսուցիչները հաճախ էին դժգոհում, որ ունակ, խելացի աղջիկը օրերով դասի չի հաճախում:

«2005 թվականին, ընտանեկան պայմաններից ելնելով, ստիպված եղա լքել ծնողներիս տունը: Մթնոլորտն այնպիսին էր, որ էլ չէի կարող այդպես ապրել: Կրթությունս շարունակել շատ էի ուզում, բայց հնարավորություն չկար: Սկսեցի աշխատել տարբեր տեղերում. մաքրություն էի անում, ադմինիստրատիվ գործեր, ինչ պատահեր՝ արժանապատիվ կյանք ունենալու համար: Մենակ լինելը սարսափելի բան է: Դա չես պատմի, չես բացատրի: Ես մենակ էի»,– ասում է Նարինեն:

30 տարեկան էր, երբ հասկացավ՝ իրեն երեխա է պետք՝ սերը տալու, կյանքը կիսելու: Որոշեց երեխա որդեգրել: Միայնակ կնոջ համար երեխայի որդեգրումը լուրջ խնդիր էր: Ծանոթներից մեկն առաջարկեց արհեստական բեղմնավորմամբ երեխա ունենալ. «Սկսեցի տարբեր բժիշկների մոտ գնալ: Ծանոթներիցս մեկը խորհուրդ տվեց Հրաչ Կալուստյանին: Պարզվեց՝ առողջական լուրջ խնդիրներ ունեմ, բուժումը տևեց մոտ 5 տարի: Այդ ընթացքում բժշկի և նրա կնոջ հետ մտերիմ, ընկերական հարաբերություններ ձևավորվեցին, անվստահության խնդիր չունեի: Բայց բուժումից հետո դատավճիռ հնչեց, որ երբեք երեխա չեմ ունենա»:

Մենակության հետ հարմարվել էր կարծես, երբ սիրահարվեց: Եվ կյանքը նրան մի անակնկալ էլ մատուցեց: Ամիսներ տևած թուլությունն ու հոգնածությունը, պարզվեց՝ ոչ թե հիվանդության, այլ հղիության նշաններ են.

«Դա հրաշք էր: Ես գիտեի, որ հույսս միայն ինձ վրա կարող եմ դնել: Ծնողներիս աջակցության մասին խոսք լինել չէր կարող, իսկ տղամարդը, ում սիրում էի, կարծում էր, որ դեռ երեխա ունենալու ժամանակը չէ: Միակ մարդը, ում կարող էի վստահել, բժիշկս էր: Ես գնացի հիվանդանոց, հղիությունս ընդհատելու, բայց հանկարծ անտանելի ցավեր ունեցա: Զգում էի՝ ինչպես է երեխաս կպել ողնաշարիս, որքան է ուզում ապրել: Փախա հիվանդանոցից ու որոշեցի՝ նա ծնվելու է, միայն ինձ համար»:

Աշխատում էր, գումար էր կուտակում երեխային անհրաժեշտ պարագաների համար: Վաղեմի ծանոթ բժիշկը հետևում էր հղիության ողջ ընթացքին, հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու: Երբ Նարինեն այլևս չէր կարողանում աշխատել, հայրական տանն իր կեցությունն անցանկալի դարձավ: Օգնության հասավ բժիշկ Կալուստյանը:

«Նա ասաց, որ իր ծանոթներից մեկը Աբովյան քաղաքում բնակարան ունի, որում ոչ ոք չի ապրում: Ասաց, որ կարող եմ ապրել այնտեղ, մինչև երեխան կծնվի: Ես հիշեցրի, որ գումար չունեմ, չեմ կարող վճարել: Պատասխանեց, որ մարդիկ ուղղակի լավություն են անում ինձ: Այդպես ես տեղափոխվեցի այդ տուն: Առաջին իսկ օրը ծանոթացա տանտիրոջ հետ: Տարեց տղամարդու հարցերից միանգամից լարվեցի, բայց ես այն վիճակում չէի, որ հրաժարվեի այդ առաջարկից»,- պատմում է Նարինեն:

2013 թվականին ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից ձերբակալվել է երեխաների առքուվաճառքով զբաղվող հանցավոր խումբ: Դրա երեք անդամները պատասխանատվության են ենթարկվել: Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) հատկանիշներով կատարված հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:

Մինչ երեխայի ծնվելը տանտերը պարբերաբար այցելում էր Նարինեին, հետաքրքրվում երեխայով: Ապա երկար կանգնում էր մահացած եղբոր նկարի մոտ:

Նարինեն պատմում է, որ պատրաստվել էր որդու ծնունդին, գնել անհրաժեշտ ամեն ինչ, թեև դեռ շատ ժամանակ կար մինչև ծննդաբերությունը: Բայց բժշկի մոտ հերթական այցելությունն ավարտվեց ծննդաբերությամբ. «Բժիշկն ասաց, որ տեսքս լավ չէ, և ինձ մի դեղահաբ տվեց, ասաց՝ վիտամին է: Խմեցի, ու մի քանի ժամից սկսվեց ծննդաբերությունը: Այդ ժամանակ բժիշկս ասաց, որ չի կարող ընդունել ծնունդը՝ զբաղված է, ուղղորդեց 8-րդ հիվանդանոց: Հետո ասաց՝ այնտեղ ինձ ոչ ոք չի ճանաչում, եթե ասեմ, որ երեխան հայր չունի, ինձ կվերաբերվեն անբարո կնոջ նման, այդ պատճառով լավ կլինի ասեմ, որ երեխայի հայրը այդ տարեց տղամարդն է՝ տանտերը: Հասկացա, որ մի բան այն չէ, բայց այնքան էի վախենում, որ ոչինչ չէի կարող անել: Միայն մտածում էի երեխայիս լույս աշխարհ բերելու մասին»:

Հետո ամեն ինչ, կարծես, մշուշի մեջ էր. ծննդաբերությունը, հետծննդյան ընկճախտը, անընդհատ տրվող դեղահաբերը, ցավերը, գրեթե անգիտակից վիճակը: Հիվանդանոցից դուրսգրման համար Նարինեին երեք փաստաթուղթ տվեցին ստորագրի: Կարդաց միայն առաջինը: Մյուսները, ինչպես պնդում էր տարեց տղամարդը, ընդամենը կրկնօրինակներ են: Ինչպես պարզվեց հետո՝ դրանց մեջ էր նաև երեխայի հայրության ճանաչման մասին փաստաթուղթը:

«Դուրսգրման օրը երեխայիս գրկած դուրս եկա հիվանդանոցից: Բակում մեքենայի մեջ սպասում էին տան տերը և նրա բարեկամուհիներից մեկը: Զգացի, որ մի բան է լինելու, սարսափեցի, բայց պատկերացնել անգամ չէի կարող, թե ինչ: Գրեթե չէի կարողանում քայլել, թույլ էի, չգիտեմ՝ ի՞նչ հաբեր էր տալիս բժիշկս:

Մոտեցա մեքենային, նստած կինն առաջարկեց երեխային պահել, որպեսզի կարողանամ նստել: Հենց երեխային տվեցի, մեքենան գնաց: Վայր ընկա գետնին, փորձում էի բարձրանալ, օգնություն կանչել, բայց հասկանում էի, որ ձայն չեմ կարողանում հանել: Ինձ թվում էր՝ բղավում եմ, բայց ձայնս դուրս չէր գալիս: Բժիշկս ասաց, որ ոչինչ չի եղել, երեխային տարել են տուն: Ցավոք, այդպես չէր»,- պատմում է Նարինեն:

Երեխայի առքն ու վաճառքն կարող է նաև քողարկված լինել: 2011 թվականին Հայաստանում առաջին անգամ ուսումնասիրվել և ամփոփվել է ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների և այդ գործերով ներկայացված մեղադրանքի պրակտիկան։

Ըստ այդ ուսումնասիրության՝ նման բնույթի հանցագործություններին հաճախ մասնակից են լինում կամ, եթե մասնակից էլ չեն, ապա տեղյակ են լինում այն բուժհաստատության աշխատակիցները, որտեղ կինը ծննդաբերում է: Շատ հաճախ երեխայի առքուվաճառքն «իրավական լուծում» է ստանում քաղաքացիական ակտերի գրանցմամբ հայրություն ճանաչելու միջոցով:

Ծննդաբերությունից, ոտքի կանգնելուց անմիջապես հետո Նարինեն սկսեց փնտրել որդու առևանգման հետ կապված բոլոր մարդկանց, դիմեց ոստիկանություն: Բժիշկը միանգամից հեռացավ Հայաստանից: Տարեց տղամարդն էլ պնդում է, թե Նարինեն հրաժարվել է երեխայից, ինքն էլ փոքրիկի կենսաբանական հայրն է: Վերցրել է երեխային և կոչել մահացած եղբոր անունով:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը առաջիններից էր, ով բարձրաձայնեց Նարինեի հետ կատարվածի մասին: Ըստ նրա՝ այս դեպքը վառ ապացույցն է նրա, որ Հայաստանում երեխաների առքուվաճառքի դեպքեր լինում են, սակայն դրանք թաքցվում են այլ գործողությունների տակ:

«Սա այն դեպքերից էր, երբ ակնհայտ էր, որ օգտվել են կնոջ խոցելի վիճակից՝ պայմանավորված նրա մենակ լինելու հանգամանքով, հետծննդյան ընկճախտով և այլն: Բացի այդ, շատ կարևոր գործոն է եղել նաև վստահությունը բժշկի նկատմամբ: Այն մասին, որ երեխայի առքուվաճառքին մասնակցել է բժիշկը, վկայում է նաև այն հանգամանքը, որ գործի՝ իրավական տիրույթում հայտնվելու պահից բժիշկը լքել է Հայաստանը, և նրա հետ կապի դուրս գալու բոլոր փորձերը ձախողվել են»,– ասում է իրավապաշտպանը:

Ըստ նրա՝ գործի քննությունը դատարանում բարդացել է նաև այն պատճառով, որ Նարինեն ստորագրել է իրավական ուժ ունեցող թղթեր: Սակայն դատարանը չի դիտարկել, թե ինչ հոգեբանական և ֆիզիկական վիճակում է եղել կինը դրանք ստորագրելիս, արդյոք նրան ներկայացվե՞լ են փաստաթղթերի էությունն ու բովանդակությունը: Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ դատարանում չի քննարկվել դեպքն ամբողջությամբ, իսկ Նարինեն կրկին զոհ է դարձել՝ իր նկատմամբ եղած կանխակալ վերաբերմունքի պատճառով:

Չնայած որդու համար պայքարը տարիներ է տևում, կինը հույսը չի կորցրել:

«Ես գիտեմ, որ վաղ թե ուշ երեխաս ինձ հետ է լինելու: Նախկինում նրան առևանգողները կարողանում էին այս կամ այն կերպ ազդել դատարանի որոշումների վրա: Ես նույնիսկ չէի կարողանում ԴՆԹ անալիզ պահանջել, որը կապացուցեր, որ այդ մարդիկ որդուս հետ ոչ մի կապ չունեն: Այսօր ես հավատում եմ, որ դատարանն անաչառ կլինի, և երեխաս վերջապես ինձ մոտ կհայտնվի:

Գիտեմ՝ փաստաբանիս օգնությամբ կկարողանամ արդարության հասնել: Դժվար է բոլոր ծախսերն անելը, բայց ես հետ չեմ կանգնի: Չորս տեղ եմ աշխատում, պետք լինի՝ հինգերորդն էլ կգտնեմ, բայց չեմ նահանջի: Երբեմն վախենում եմ, որ չեմ դիմանա, բայց նաև գիտեմ՝ ուժը, որ որդուս ծնունդով ստացա, անսպառ է: Սիրտս վկայում է՝ ամեն ինչ լավ է լինելու»,– ասում է Նարինեն:

Սոնա Մարտիրոսյան

Աղբյուրը՝ jam-news.net