Տեր Ղազարը, Ամբակում աղան ու գուշակ Սուսանը

08-04-2019
Տեր Ղազարը, Ամբակում աղան ու գուշակ Սուսանը

Դվինի 645 թվականի եկեղեցական ժողովի Դ կանոնը վանքերի առաջնորդներին և եպիսկոպոսներին իրավունք է տվել հանցագործներից, պոռնիկներից տուգանք գանձել:

Մի շարք եկեղեցական ժողովներով, կաթողիկոսական որոշումներով խրախուսվում էր հերձվածողներին (մծղնեցիներ, բորբորիտներ, պավլիկյաններ) ջլատել, քառատել, նրանց հետ չշփվել, որևէ հարաբերություն չհաստատել, նրանցից խլել երեխաներին և այլն:

Մի շարք եկեղեցական ժողովներով արգելվում էր եպիսկոպոսներին ունեցած գումարները վաշխով (տոկոսով) տալ:

Վարդապետական հողերը համարվում էին ժառանգական, տիրույթները բաժանվում էին հստակ, հանցագործությունների կամ զանցանքների համար էլ եկեղեցին էր որոշում, թե ով ինչքան տուգանք վճարի կամ ինչպես ծեծվի:

Շարքն իհարկե կարող եմ շարունակել, սակայն ի սկզբանե պարզաբանեմ, թե ինչու այս ամենը հիշեցի:

Հիշեցի, որովհետև շատերի նման նայում էի Տեր Ղազարի հոգու կռինչն առ այն, որ Հայաստանն աշխարհիկ պետություն չէ: Հայաստանն աշխարհիկ պետություն չպետք է լինի, ՀՀ ԱԺ ամբիոնը պետք է օրհնվի և խնկարկվի:

Ի դեպ, սույն հոգևորականը, դիմամատեանային մի հարթակում, նվաստիս վերաբերյալ կարծիք արտահայտելիս, խորհուրդ էր տվել երջանիկ լինել այն փաստով, որ գլուխս դեռ ուսերիս է:

Բայց նրա այս պահվածքը խստիվ գովելի է:

Գիտե՞ք ինչու: Նա անկեղծ է:

Նա անկեղծ արտահայտում է այն տեսակետը, որի հանդեպ թաքուն ու հրեշավոր փափագ ունեն շատ հոգևորականներ, բայց չեն համարձակվում արտահայտել:

Իհարկե, նրանք կուզեին հավաքել պտղի ու տասանորդ, կրթության գործն ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնեին, գանահարեին ու ճիպոտահարեին բոլոր նրանց, ովքեր կփորձեին այլ կերպ մտածել կամ արտահայտվել, անսահմանափակ իշխանություն ունենային ու արգելեին զույգերին սեքսով զբաղվել, մինչև իրենց օրհնությունը չունենային:

Այս վերջինը, ի դեպ, ևս ամրագրված էր եկեղեցական ժողովներից մեկի որոշումով:

Տեր Ղազարն անկեղծ է, երբ ասում է, որ Հայաստանն աշխարհիկ պետություն չէ: Ավելին, քիչ անկեղծ են նրանք, ովքեր ասում են, թե ՀԱՍԵ-ն պետության կողքին է: Դա ասում են իրենց իրական ծրագրերը թաքցնելու ու հերթական անգամ ամբողջական իշխանությունը զավթելու բուռն մոլուցքով:

Իսկ դա այդպես է, որովհետև նախորդներն իրենց պղծությունները նվիրագործելու մեջ ներքաշել են նաև հոգևորականաց դասին: Դա այդպես է, զի մինչ օրս գծված չէ պետության ու եկեղեցու միջև սահմանը:

Դա այդպես է, սիրելի ընթերցող, որովհետև իմ և ձեր փայփայած արժեքը՝ պետությունը, և այդ արժեքի գրավականներից մեկը՝ Սահմանադրությունը, ոմանց համար գրոշի արժեք անգամ չունեն:

Եկեք բանադրենք ԱԺ ամբիոնը, խունկ ծխեցնենք, նզովեալ հռչակենք բոլոր այն պատգամավորուհիներին, որոնք կհամարձակվեն ունենալ կարճ վարսեր, ջլատենք ու քառատենք բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ունենալ սեփական կյանքը ու կապրեն սեփական կյանքով:

Գուշակ Սուսանը մոմ կթափի, խաղաթղթերով կհալածի ԱԺ մուտքի բանալիները, իսկ մենք ծեսով այն կնետենք հոսող ջուրը, բայց նետելիս հետ չենք նայի. չարքին հարկ է արհամարհել:

Փակենք հիվանդանոցները, իսկ հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց գլխին դիվահանության ծեսեր անենք, փոքր-ինչ էլ ծեծենք, որ չարքը դուրս գա նրանց միջից:

Չէ՞ որ Հայաստանն այլևս աշխարհիկ պետություն չէ:

ԱԺ ամբիոնի տեղում մատուռ կառուցենք, իսկ ելույթ ունեցողներն էլ ելույթից առաջ պարտադիր երեք անգամ խաչակնքվեն:

Քիչ էր մնում մոռանայի: Կին պատգամավորներն էլ հետայսու միայն գլխաշորով կարող են մոտենալ ամբիոնին:

Իսկ այժմ եկեք հետ շրջան անենք:

Օրհնե՞լ եք արդյոք բոլոր նրանց, ովքեր թալանել են այս երկիրը, օրը ցերեկով մարդ են ծեծել, խեղել ու սպանել:

Մերժե՞լ եք նրանց թալանած փողերով կառուցված եկեղեցիները, թե՝ սրբացրել:

Իսկ միգուցե յուրատեսակ ինդուլգենցիանե՞ր եք սահմանել, մեղքերի չեղարկման նոր մեխանիզմնե՞ր:

Նզովե՞լ եք գողի, անառակի, թալանչու ու խաբեբայի հետ սեղան նստող ու խրախճանս յուր արբեցող ձեր կոլեգային, թե՞ այս դեպքում էլ է գործում հին կանոնը՝ հարբեցողությունից հետո ապաշխարել ու նոր պատարագ մատուցել:

Չեք արել:

Չեք արել՝ քիչ է, հիմա էլ աղա Ամբակումի հետ որոշում եք խոսել իմ անունից, թերևս գզիրն է պակասում:

Կամ ճիշտ է ասում հին պատումը՝ ուղտ են դարձել մեղքեր տանելու, բայց այդ մեղքերն ունեցել են փողի հաստ կապոցների ու անշարժ գույքի վկայականների տեսք:

Հ. Գ. Այս քաոսը կարող է ծառայել սկիզբ ժանտախտի, եթե այն կառավարելի չի դառնում: ՀՀ-ն աշխարհիկ պետություն է: Տիեզերքի կենտրոնում մարդն է ու նրա իրավունքը:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am