«Վարչապետը պետք է որպես երկրի ղեկավար շատ խիստ խոսեր ատելության խոսք հրահրողների մասին». Ավետիք Իշխանյան

12-04-2019
889 դիտում
«Վարչապետը պետք է որպես երկրի ղեկավար շատ խիստ խոսեր ատելության խոսք հրահրողների մասին». Ավետիք Իշխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

-Պարոն Իշխանյան, վերջին օրերին տրանսգենդերների հասցեին ատելության խոսքը հասավ գագաթնակետին, անգամ նրանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր են հնչում: Հայաստանում ԵՄ պատվիրակությունն է հայտարարություն տարածել՝ կոչ անելով իրավապահ մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկել փոքրամասնությունների և իրավապաշտպանների հասցեին հնչող սպառնալիքների դեմ: Բայց Հայաստանի իշխանություններն ու իրավապահները լռում են, ինչո՞ւ:

-Այդ հարցին կարելի է երկու հարթության մեջ պատասխանել: Մեկ հարթությունն իրավականն է, այսինքն՝ իրավական գործընթաց պետք է սկսվեր և գործ հարուցվեր այդ ատելության խոսք և սպառնալիքներ հնչեցնողների նկատմամբ: Ի՞նչ հիմքերով: Ցավոք սրտի, Հայաստանը դեռ չի ընդունել խտրականության մասին օրենք և ատելության խոսքի հիմքեր, որոնցով հնարավոր կլիներ այդ գործը հարուցել:

Բայց ամեն դեպքում կարելի էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիման վրա դա անել՝ 14-րդ հոդվածի, նույնիսկ 2-րդ հոդվածի հիման վրա, որովհետև խոսք էր գնում նրանց վզերը կտրելու և այլնի մասին: Բայց դա դնենք մի կողմ, կարելի էր նաև գործ հարուցել զուտ բռնության կոչերի և սպառնալիքների մասով, որ հավաքի ընթացքում այդպիսի կոչեր են հնչել, որը կարգավորվում է նաև Հավաքների մասին օրենքով:

Բայց կա նաև ոչ իրավական հարթությունը, մասնավորապես, տվյալ դեպքում շատ կարևոր է իշխանությունների պահվածքը և վերաբերմունքն այս ամենի նկատմամբ: Եվ այստեղ ես պետք է ցավով արձանագրեմ, որ քայլեր չկան: Ես այսօր ինչքանով հետևեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին, նա գնացել էր մաքսատուն և այնտեղ սկսեց սաստել մաքսատան աշխատակիցներին, նույնիսկ նրանց առանց որևէ լուրջ հիմքերի ասաց, որ դիմում գրեն ու աշխատանքից ազատվեն:

Երբ առիթ էր եղել, որ վարչապետը հավաքի հաջորդ օրը լրագրողների առաջ ելույթ էր ունենում, նա պետք է որպես երկրի ղեկավար շատ խիստ խոսեր ատելության խոսք հրահրողների մասին: Շատ խիստ պետք է խոսեր և պետք է ասեր, որ՝ եթե այսօր մենք նրանց չենք պատժում, ապա հաջորդ անգամ ցանկացած այդպիսի ատելության խոսքի ու բռնության կոչի դեպքում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն դրանով:

Բայց տպավորությունս այնպիսին էր, որ և՛ երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, և՛ այսօր վարչապետը փորձում էին պաշտպանվել, որ իրենք այդ մարդկանց իրավունքների պաշտպանները չեն:

Եվ կարծես թե չէին ուզում հակադրվել հայկական ռեակցիոն հասարակության կարծիքներին: Եվ այստեղ շատ կարևոր է ընդհանուր մթնոլորտը, որովհետև Հայաստանի իշխանություններն ընդհանրապես ցանկացած հարցում՝ և՛ քաղաքական, և՛ տարբեր փոքրամասնություններին վերաբերող, և՛ այլ հարցերում պետք է իրենց օրինակով ցույց տան հանդուրժողականությունը և այն արժեքները, որոնցով հեղափոխությունը եղավ՝ սիրո և հանդուրժողականության: Համերաշխ հասարակություններում ոչ միայն օրենքն է գործում, որը շատ կարևոր է, այլև գործում են, այսպես ասած, փոխադարձ հարգանքի չգրված կանոնները:

-Այսինքն՝ իշխանությունների ու իրավապահների այս անտարբերությունը կարո՞ղ է հիմքեր ստեղծել, որ հետագայում ևս նման դեպքեր գրանցվեն:

-Իհարկե կարող է բերել դրան, որովհետև բացի մի քանի առանձին անհատներից, որոնք շատ խիստ  խոսեցին այդ երևույթի դեմ, որևէ լուրջ արձագանք չեղավ: Եվ, ցավոք սրտի, բոլոր քաղաքական ուժերը կա՛մ լռեցին, կա՛մ նույնիսկ աջակցեցին այդ ատելության  կոչ անողներին:

-Ինչի՞ հետևանքով է այս իրավիճակն ստեղծվել:

-Ամբողջ խնդիրն այն է, որ չնայած բարձրագոչ անուններին՝ լիբերալ, եվրոպական, ազատական, Հայաստանի քաղաքական ուժերը ոչ թե այդ արժեքները դավանող են և փորձում են մեկ քայլ առաջադեմ լինել հասարակության մեջ տիրող պահպանողական բարքերից, այլ հենվելով հասարակության այս «ավանդական» ադաթների վրա՝ փորձում են հասարակության համակրանքը շահել և հանկարծ «չկորցնել» ժողովրդին:

Սա բավական պարզունակ, բայց հասկանալի քաղաքականություն է: Ներքուստ համոզված եմ, որ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց հոգու խորքում ոչ քրիստոնյա են, ոչ ավանդական արժեքներ պաշտպանող, այլ միայն մտածում են իրենց դիրքի, պաշտոնի ու իշխանության հասնելու կամ իշխանությունը պահելու մասին:

Այդ նույն քաղաքական ուժերից շատ-շատերն իրենց առօրյա կյանքում չեն խորշում ո՛չ կաշառքից, ո՛չ բռնությունից, ո՛չ սիրուհիներ պահելուց, ո՛չ ընտանեկան բռնությունից: Բայց հրապարակային ժողովրդի առաջ խոսում են իբր ավանդական արժեքներից, եկեղեցուց, հավատից: Սա է մեր իրականությունը, ծուռ հայելիների թագավորություն է:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am