Տեր Ղազար քահանա Պետրոսյանը հայտարարվել է փիլոնազուրկ եւ գտնվում է հսկողության ներքո. Արարատյան Հայրապետական թեմ

10-04-2019
1242 դիտում
Տեր Ղազար քահանա Պետրոսյանը հայտարարվել է փիլոնազուրկ եւ գտնվում է հսկողության ներքո. Արարատյան Հայրապետական թեմ

Տեր Ղազար քահանա Պետրոսյանը հայտարարվել է փիլոնազուրկ։ Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Արարատյան Հայրապետական թեմն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում առավել ակտիվացած օտարածին արժեքների քարոզչության շուրջ: Հայ Եկեղեցու հոգևորականների կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին չի դատապարտում որևէ անձի՝ հավատալով, որ յուրաքանչյուրն Աստծո առաջ ապաշխարելու, մեղքերի թողություն ստանալու և դարձի գալու հնարավորություն ունի: Սակայն Եկեղեցին խստորեն դատապարտում է մեղքն ու մեղքի քարոզը:

Ցավով նկատում ենք, որ այլասերության ու անբարոյականության ակտիվացած քարոզը առավել բևեռացնում է մեր ժողովրդին: Համաշխարհային մարտահրավերներին ընդառաջ մեզ առավել քան երբևէ պետք է համախմբված ու մեկտեղված լինել՝ մեր պետականությունն առավել ամուր ու հզոր դարձնելու գործում՝ առաջնորդվելով ազգային և հոգևոր արժեքներով:

Դատապարտելով այլասերության քարոզի բոլոր դրսևորումներն՝ այդ ամենի դեմ պայքարում կարևորում ենք խոհեմ ու քաղաքակիրթ կեցվածքը:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը տեղեկացնում է, որ վերջին օրերին հոգևորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվել է փիլոնազուրկ մինչև Ավագ Շաբաթ և գտնվում է ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո:

Ինչպես բոլոր հոգևորականները, Տեր Ղազարն իրավունք ունի իր վրդովմունքն արտահայտելու այլասերության քարոզի շուրջ, սակայն անընդունելի է քաղաքական հայտարարություններ անելը և քաղաքացուն ոչ հարիր կեցվածք ցուցաբերելը:

Կոչ ենք անում մեր հավատավոր ժողովրդին մեկտեղվել ազգային ու հոգևոր արժեքների պահպանության առաքելության շուրջ, զերծ մնալ ավելորդ ու ծայրահեղ դրսևորումներից՝ ի շահ մեր ժողովրդի և մեր պետականության»:  

Լուսանկարը` «Ֆոտոլուր»