Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ. Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան աշխատակցի մասին

15-04-2019
649 դիտում
Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ. Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան աշխատակցի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նորագավիթի մաքսատան աշխատակցի աշխատանքից ազատման հարցին: Դիտարկմանը, որ կարծես համակարգային խնդրի պատճառով մեկ մարդ քավության նոխազ դարձավ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ գոյություն ունի փաստ և փաստին արձագանք:

«Ես չէի պլանավորել, որ հատուկ պետք է մտնեի էդ սենյակ: Իմիջիայլոց, ես հատուկ հետաքրքրվել եմ, մեր հարգարժան քաղաքացին ամբողջ կյանքում աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում, մի կարճ ժամանակ աշխատել է Ազգային ժողովում և հետ է եկել Պետական եկամուտների կոմիտե: Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ: Բայց ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել: Ես ուզում եմ, որ ոչ ոք անակնկալի չգա: Եվ ես կարծում եմ, որ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այնքան արդյունավետ չի եղել, ինչքան եղել է այս օրվա միջադեպը: Եվ այն տեղեկատվությունը, որ ես ստանում եմ, հենց այդ օրը ամբողջ պետական համակարգն ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելով: Դա իր նպատակին ծառայել է: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքին, ես կարծում եմ՝ լավ մասնագետը Հայաստանում աշխատանքի խնդիր չի կարող ունենալ: Իսկ այդտեղ , ենթադրում եմ, լավ մասնագետներ պետք է աշխատեն»,- «Լրագրի» հավաստմամբ նշել է նա:

Ըստ Փաշինյանի, անընդհատ ասում են, թե խախտվել է քաղաքացու իրավունքը: «Բայց խոսքը քաղաքացու մասին չէ, մինչև քաղաքացի լինելը, մեր սիրելի հայրենակիցը նախ ուսադիրների տակ, զինվորական իրավիճակում և կարգապահություն ենթադրող հիմնարկի աշխատող է»,- ըստ աղբյուրի, ասել է նա: