Հայաստանը և Գերմանիան խորացնում են համագործակցությունը բնապահպանության ոլորտում

15-04-2019
443 դիտում
Հայաստանը և Գերմանիան խորացնում են համագործակցությունը բնապահպանության ոլորտում

Հայաստանը և Գերմանիան խորացնում են համագործակցությունը բնապահպանության ոլորտում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման և տնտեսական համագործակցության նախարարության ներկայացուցիչ Դանիել Հաասի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի, KfW գերմանական բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Կլաուս Վայգելի, բանկի ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելի, KfW և GIZ հայաստանյան ներկայացուցիչների ուղեկցությամբ։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել է Գերմանական KfW բանկի կողմից բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ուղղված՝ 2019-2020 թթ. համար Հայաստանին բյուջետային աջակցության տրամադրման գործընթացը։ Դիտարկվել են բարեփոխումների թիրախները և ակնկալվող արդյունքները։

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացնելով կենսաբազմազանության պահպանության ուժեղացման, միասնական մոնիթորինգի ու թույլտվությունների համակարգերի ձևավորման, փորձաքննության գործընթացների օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների միջոցառումները՝ նշել է, որ դրանց հիմնական նպատակը շրջակա միջավայրի պահպանության արդյունավետության բարձրացումը և ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի շրջանակներում բնապահպանության ոլորտին առնչվող մոտ 30 հրահանգների մոտարկման համար Բնապահպանության նախարարության մշակած 97 գործողությունների ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքին»։