«Նրանք, ովքեր այսօր քննադատում են Փաշինյանին, եթե իրենք վարչապետ լինեին ու Հայաստանի շահերը պաշտպանեին, նույնն էին անելու». Լեւոն Շիրինյան

16-04-2019
2091 դիտում
«Նրանք, ովքեր այսօր քննադատում են Փաշինյանին, եթե իրենք վարչապետ լինեին ու Հայաստանի շահերը պաշտպանեին, նույնն էին անելու». Լեւոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

- Պարո՛ն Շիրինյան, կառավարության կառուցվածքի փոփոխություններն արդեն ԱԺ-ում են, ըստ որի 17 նախարարությունից մնալու են 12-ը։ «Լուսավոր Հայաստանն» էլ պնդում է, որ այս փոփոխություններով սուպերվարչապետությունը պահպանվում է։ Դուք սուպերվարչապետական համակարգի արմատավորման խնդիր տեսնո՞ւմ եք։

- Արհեստական բնութագիր է սուպերվարչապետությունը, դա ի՛նչ է նշանակում։ Քաղաքագիտության մեջ նման բնութագիր չկա, կան իշխանության կենտրոնացում և գերկենտրոնացում։ Տվյալ պարագայում Հայաստանում խոսքը վարչապետի ձեռքին ուժային կենտրոնի բևեռացման մասին է։ Էդ «սուպերվարչապետություն» բառը ասպարեզ բերեցին, երբ Սերժ Սարգսյանի դեմ կռիվ էին տալիս։ Պարզ է, որ այդ ուժային կառույցները պետք է ենթարկվեն և հաշվետու լինեն խորհրդարանին, դա միանշանակ է։

Դա նորմալ խորհրդարանական պետության պարագան է։ Բայց կա հետևյալ հարցը. այսօր ակնհայտ է, որ քրեաօլիգարխիկ նախկին իշխանությունը, պլուտոկրատիան համակարգված սաբոտաժի քաղաքականություն է իրականացնում, և ես ենթադրում եմ, որ դա համակարգում է Սերժ Սարգսյանը, միանշանակ։ Ձեռագիրն ակնհայտ է։ Նա երբեք հրապարակային քաղաքականություն չի վարել և ժողովրդի հետ որևէ առնչություն չի ունեցել, դրա համար էլ նրա անունը շրջանառվում է։

Երկրորդ՝ մենք տեսնում ենք, որ ամբողջ հանրապետությունով հուզումների ալիք է անցնում, և այդ հուզումներն իրենց հիմքում օբյեկտիվ են։ Քաղաքացին անպաշտպան է, բայց թավշյա հեղափոխության օրերից սովորել է իր իրավունքները պաշտպանել։ Երկրում չկա արհմիությունների ազատ շարժում, եթե լիներ, այդպես չէր լինի, բայց ժողովուրդն իր համար սովորական դարձած ձևերով պաշտպանում է իր իրավունքները։

Դա հրահրվում է նաև օլիգարխիայի կողմից, քրեական տարրերի կողմից ուղեկցվում է բռնություններով։ Հիմա սրա վերջը ոչ ոք չի կարող ասել, թե երբ կլինի։ Առնվազն մինչև աշուն լինելու է, մինչև բերքահավաքի սեզոնն սկսվի, օր օրի մարդիկ ավելի վատ են ապրելու։ Նախկին ռեժիմը թափանցել է, ձուլվել նոր իշխանությանը։ Մենք անկայուն տարածաշրջանում ենք ապրում այն իմաստով, որ ադրբեջանցիները միշտ ազդեցություն են ունենալու գործընթացների վրա, իսկ մեզ հետ իբրև թե բարեկամական հարաբերություններ ստեղծած պետությունները՝ Ռուսաստան, Ղազախստան, իրենց բանուգործը թողած, իրենց պետությունների շահերը պաշտպանելու փոխարեն քրեական մեղադրանքով հետապնդվող Քոչարյանի ծնունդն են շնորհավորում ու առողջությամբ են անհանգստացած։ Այսինքն՝ Հայաստանը այդ դաշինքի մեջ հստակ պրեսինգի է ենթարկվում։

Այդ բոլորին գումարենք, որ պատմությունը մեզ քաղաքականության բացատրություն չի տալիս, բայց հուշում է զարգացման միտումները, որ 1920 թվականին մեր երկիրն աղետի է ենթարկվել ոչ թե ռուս-թուրքական ներխուժմամբ, այլ 5-րդ շարասյան ներքին գործունեությամբ։ Հայկական բանակը չի կռվել հայ բոլշևիկների քայքայիչ գործունեության պատճառով։ Հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ նման փորձը չի կրկնվելու։

Եվս մեկ հարց. ինչո՞ւ են ռուսական մի քանի հեռուստաալիքներ տեռորի ենթարկում հայ ժողովրդին, մի թեթև բողոքը մեծ աղմուկ են սարքել։ Ամեն մի պետություն իրավունք ունի իր ինֆորմացիոն տարածքը սահմանափակելու ներխուժումից։ Դրա համար ես կարծում եմ, որ վարչապետը ճիշտ է, որ ուժային կառույցները պետք է ժամանակավորապես մնան իր ենթակայության տակ։ Ես դեմ եմ, որ այդ կառույցները նախարարություն դառնան, որովհետև եթե նախարարություն դարձան, դրանց ղեկավարը լայն լիազորություններ կարող է ունենալ կառավարությունում, և չգիտես թե ի՛նչ «բնավորություն» ցույց կտա։

Այս պայմաններում վարչապետի որոշումը ճիշտ է, և նրանք, ովքեր այսօր քննադատում են Նիկոլ Փաշինյանին, եթե իրենք վարչապետ լինեին ու եթե Հայաստանի շահերն են պաշտպանում, նույնն էին անելու, որովհետև պետք է օպերատիվ արձագանքել, մինչև երկիրը զարգացման մոդելն ու հեռանկարը գտնի, և վիճակը կայունանա։ Քաղաքագիտությունն ունի պահանջ, որ զարգացում ունենալու համար պետք է կայունություն։ Քաղաքական ընդհատակը, որի ձեռքին են փողն ու հարստությունը, չի թողնում, որ երկիրը կայունանա, ապակայունացնում է վիճակը, և դա ակնհայտ է։

Այսօր ունենք մի վիճակ, երբ Նիկոլ Փաշինյանն է հեղափոխության սիմվոլը և ինքն է պատասխանատու պետության ճակատագրի համար՝ ժողովրդի պահանջով։ Այդ իմաստով նրա լեգիտիմությունը ոչ միայն շատ բարձր է, այլ նաև բացառիկ պատասխանատվության ենթակա է ամբողջ աշխարհով մեկ։ Այս բոլորը հիմնավորված են, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։

- Այդտեղ վտանգներ չե՞ք տեսնում, որ ուժայինները կենտրոնանում են վարչապետի ձեռքին ու հաշվետու չեն խորհրդարանին։

- Իհարկե չեմ տեսնում, որովհետև նա է ժողովրդավարության երաշխավորը, իսկ այդ ժողովրդավարությունը չկա։ Ինստիտուցիոնալ իմաստով Հայաստանում ժողովրդավարական կարգեր չեն։ Այս իրավիճակում զինված ուժերը պետք է շատ աչալուրջ լինեն։ Բայց մի այլ կարևոր բան կա. շատերը Հայաստանի ապագան չեն պատկերացնում առանց արդյունաբերության։ Եթե դա չլինի, Հայաստանը ոչ մի զարգացում, ոչ մի վերականգնում չի ունենա։

Դրա համար ես կառաջարկեի առանձնացնել արդյունաբերության նախարարությունը։ Եթե նույնիսկ անվանումը էկոնոմիկայի նախարարություն է, պետք է շեշտվի, որ դրա առաջին նպատակը արդյունաբերության վերականգնումն է՝ սեփական հումքի բազայի վրա, փակելով ամբողջական ցիկլը։ Խոսքը ոչ մետաղական հանքարդյունաբերության մասին է։ Բացի այդ, պետք է երկիրն անպայման ունենա առաջին փոխվարչապետ, որը պատասխանատու կլինի արդյունաբերության համար։ Մնացածն ինչպես կուզեն, թող անեն։

- Այդուհանդերձ, դուք բացեր նկատո՞ւմ եք կառավարության առաջարկվող կառուցվածքի առումով։

- Եթե արդյունաբերության վերականգնումը չի լինելու գերնպատակ, էկոնոմիկայի նախարարությունը լղոզած կառույց է։ Էկոնոմիկայի նախարարությունը կարող է, օրինակ՝ երկրի ամբողջ հումքը ծախել որպես կիսաֆաբրիկատ, էժան, հարմար գներով ու երկիրը վերածել գաղութի, ինչպես հիմա է։

- Բայց չէ՞ որ նախկինում Նիկոլ Փաշինյանն այս կարծիքին չէր, որ պետք է ուժայինները լինեն վարչապետի վերահսկողության տակ։

- Դասական իմաստով դա սխալ է, բայց իրավիճակը թելադրող է։ Մենք իրավիճակը պետք է նկատի ունենանք։ Գերմանացիներն էլ են նույնն արել, Անգելա Մերկելի լիազորություններն աշխարհում ոչ մի նախագահ չունի։ Գերմանիայում ասում են՝ կանցլերական ժողովրդավարություն։ Մեր դեպքում այդ լիազորությունները վարչապետի ձեռքում կենտրոնացնելը պետք է ժամանակավոր լինի, հավանաբար 1-2 տարի, մինչև երկիրը կայունանա, կոռուպցիայի դեմ պայքարի առումով խնդիրներն ինչ-որ առումով լուծված կլինեն։

Նիկոլ Փաշինյանի մոտ քաղաքական գնահատման հոտառությունը շատ ուժեղ է, դա էգոիզմ չէ։ Բայց բոլոր դեպքերում Հայաստանին արդյունաբերության զարգացում է պետք, ռազմավարական տեղաշարժ այդ ոլորտում։

Իհարկե, ընդդիմության գործառույթն է, որ քննադատի իշխանություններին, մեծամասնության խնդիրն էլ այն է, որ լսի ընդդիմությանն ու նրանց ասածը չանի։

Մանե Հարությունյան

MediaLab.am