Սուգը երբեմն լռում է

16-04-2019
3848 դիտում
Սուգը երբեմն լռում է

Հրդեհը կլանեց Փարիզի Աստվածամոր տաճարը: Այն մարդկության մեծագույն մշակութային կոթողներից է, որն ունի հոգևոր հսկայական նշանակություն: Սրա շուրջ որևէ մեկը չի վիճում: Եթե ուշադիր եք, գլուխգործոցի մասին չեմ խոսում անցյալ ժամանակով: Դժվարությամբ, բայց այն կվերականգնվի: Հնարավոր է՝ չունենա նախկին խորհուրդը և հմայքը: Հնարավոր է՝ վերականգնումից հետո շատերի համար է՛լ ավելի սիրելի լինի: Հնարավոր է… յուրաքանչյուրը նման արժեքներին վերաբերվելիս իր հումանիտար էսթետիզմն է դնում հիմքում:

Ցանկացած մարդ, ով չունի վանդալիզմի հակումներ, հասկանալի ցավ է ապրում: Ցավի արտահայտման ձևերը տարբեր են: Մեկի մոտ այն քիչ է, մյուսի մոտ՝ զուսպ, երրորդի մոտ՝ ճիչ: Մշակույթ սիրող մարդը կարող է նույնիսկ ցավ չապրել, դա ևս պետք է հասկանալ ու նորմալ ընդունել: Ճաշակի հարց է: Ամեն դեպքում, բնության վեհագույն ստեղծագործությունը մարդն է: Ստորև շարադրվող մտքերը չեն աղերսվում վերը նշված խմբերի ցավի արտահայտման ձևերին: Կատարվող անդրադարձը վերաբերում է երեսպաշտների հոծ բազմությանը, ողբի առիթ փնտրողներին, կրոնախև դավադրապաշտներին և այլոց:

Նկատե՞լ եք, թե ինչքան քիչ բան է պետք մեզ սգալու համար: Նկատե՞լ եք, թե ինչպիսի ջանասիրությամբ ենք մենք առիթներ փնտրում ողբալու ու ոչ թե ապրելու համար: Նկատե՞լ եք, թե ինչքան հեշտ է մեզ բաժան-բաժան անել, բևեռների մեջ նետել, կիսել ու տարանջատել: Սուգը դրա դրսևորումներից մեկն է: Ակնառուն: Լավ չե՞ս սգում, ահան… բացահայտեցիր իրական դեմքդ: Սրտովդ էր, «մուսուլման ես», «շուն թուրք ես», հայ չես, ֆրանսիացիներն այդքան արեցին մեզ համար, իսկ դո՞ւ…

Խնդիրն այստեղ ֆրանսիացիները չեն: Խնդիրը նույնիսկ համամարդկային մշակութային կոթողը չէ, խնդիրը մոլության մեջ է: Ողբալ: Ու երեսպաշտությունը դառնում է նողկալի, երբ սեփական մշակութային արժեքի պատին Х + П = С արարող Պարույրուհին սգում է Աստվածամոր տաճարի հրդեհը: Ողբերգությունը դառնում է ակնհայտ, երբ այդ նույն Պարույրուհին խորն ու վշտակեզ ցավով մեզ տեղեկացնում է, որ վթարի հետևանքով ձիուց ընկել է Սարինգյուլ Լօդօյէռդենեդորջսեմբեն: Այստեղ էական չէ, թե ով է Սարինգյուլ Լօդօյէռդենեդորջսեմբեն: Էական է, որ նա ձիուց ընկել է, իսկ քանի որ դու չես սգում, ուրեմն մարդ չես, խիղճ չունես, սիրտ չես ու էլի վերջնական հանգրվանը՝ «շուն թուրք ես»:

Այս մարազմին գալիս է լրացնելու այն դավադրապաշտների ու հրշեջների բազմությունը, որոնք մասնագիտացումը փոխում են ըստ աղետի բնույթի: Երկրաշարժի դեպքում դառնում են սեյսմոլոգ, հրդեհի դեպքում՝ հրշեջ, ջրհեղեղի դեպքում՝ նավաստի, բայց բոլոր դեպքերում չեն դադարում լինել պատմաբան ու մշակութային մարդաբան՝ հիմքում դնելով մուսուլմաններին: Հա, մոմ թափողների խնդիրները ևս արդիական են: Իսկ քիչ աղոթելու հետևանքների մասին ավելի լավ է լռել:

Հիմա գանք մեր դարդերին: Հեռու չեմ գնալու: Չեմ խոսելու ներկայիս Թուրքիայի տարածքում եղած հայկական եկեղեցիների և այլ մշակութային արժեքների ոչնչացման մասին: Իսկ ո՞ւր է մեր սերն առ մշակույթ, երբ հենց Հայաստանում՝ մեր աչքի առաջ, քանդվում են խոնարհված եկեղեցիները, իսկ հայտնի դեմքերը պնդում են, թե՝ սարերում գտնվող օբյեկտները հետաքրքիր չեն: Քանի՞սը գիտեն արոտավայր դարձած Գյումրու Պայտաձև ամրոցի մասին: Քանի՞սն են աղաղակել ու բարձրաձայնել, երբ տաճարների ու նույն՝ խոնարհված եկեղեցիների պատերին սեռաքաղց զանգվածներն արձանագրել ու փորագրել են իրենց ֆիզիկական մոլուցքները: Քանի՞սն էին խոսում, երբ Ավանի 7-8-րդ դարերի խաչքարերը դառնում էին «լավ տղեքի զոքանչների» շիրմաքարեր: Քչերը:

Հասկանալի է, որ հարևանի հարսը միշտ էլ սիրուն է: Հնարավոր է, որ ես սխալվում եմ, բայց սուգը նաև լռություն է սիրում: Դեռ 4-րդ դարում էր Ներսես Մեծն արգելում անվայելուչ լացը: Այո՛, հենց անվայելուչ լացը:

Ողբի առիթներ շատ ունենք ու դեռ կունենանք: Եկեք ապրելու առիթներ գտնենք ու ապրելը թող միավորի:

Հ. Գ. Ու այս փակ շղթան ունի մեկ հանգրվան: Այդ հանգրվանը կրթությունն է: Մեզ այնտեղ սգալ են սովորեցնում:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am