Միհրան Պողոսյան. Կոռուպցիայի հաշվապահը

25-04-2019
2440 դիտում
Միհրան Պողոսյան. Կոռուպցիայի հաշվապահը

Միհրանը այլ պտուղ է, ժամանակին այդպիսիները դառնում էին Ներոն, այսինքն՝ լավագույն նպատակներով փաթեթավորված սրիկայություններով հասնել առավելագույնին:

Այդպիսի մի փաթեթավորված սրիկայություն էր ապրիլյան պատերազմում զոհված զինվորների մայրերով 2017-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մասնակցելը: Այսօր Միհրանի փաթեթավորված սրիկայությունը Մոսկվայի իր տան հասցեն հրապարակելն էր ու հայաստանցի քննիչներին այնտեղ կանչելը: Իբր ինքը քննությունից չի փախչում:

Եվ ո՞ւր է փախել՝ Մոսկվա:

Էս մարդը երկիր է թալանել, կոռուպցիայի հաշվապահն էր: Այսինքն՝ ոչ միայն թալանում էր, այլև մյուսների թալանածը համակարգողն էր, եթե չեմ սխալվում՝ Գագիկ Խաչատրյանի հետ: Համակարգում էին ու զեկուցում Բաղրամյան 26-ին: Միհրանը ուրիշ պտուղ է: Բացառիկ դերասան, որի ֆինանսական հնարավորությունները նույնիսկ Լեոնարդո ԴիԿապրիոն չունի:

Միհրանը բացառիկ է նրանով, որ խաղացել է ամեն իրավիճակում՝ կեղեքելիս, ստորացնելիս, ողորմություն տալիս: Մարդ չէ, այլ՝ «պոեզիա»: Հիշո՞ւմ եք՝ քարոզարշավին ինչպես էր ասմունքում, 2006-ին ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության օպերլիազոր էր, 2008-ին արդեն՝ ԴԱՀԿ-ի պետ:

Իսկ ԱԱԾ-ի հանդեպ առանձնահատուկ «համակրանք» ուներ Սերժ Սարգսյանը: Հենց այդտեղից էր վերջինս ընտրում մարդկանց, որոնք գիտեին լռել, կեղծել և կեղեքել, որոնք ի վերջո նույն բանն էին վերջին 20 տարում (հիշեք նաև նախագահի մամուլի քարտուղարին, որի ծպտունը չլսվեց երկու տարվա ընթացքում):

«Ես որպես պաշտոնյա ոչ մի բիզնես չունեմ»,- ասում էր արդարադատության գեներալը, երբ ծագեց օֆշորային սկանդալը, և պարզվեց, որ այս մարդը շվեյցարական բանկերում միլիոնավոր դոլարներ ունի:

Մինչդեռ բիզնես չունի և 2000-ից պետական ծառայության մեջ է: Միհրանն արդեն երկրորդ գեներալն է, որ փախչում է Ռուսաստան: Այստեղ կանգ առնենք: Ռուսաստանից նա քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանում հետապնդման ենթարկվելու պատճառաբանությամբ: Եվ ինչի՞ հույս ունի: Փախչել՝ նույնն է թե լացել: Միհրա՛ն, դու ընկել ես նրանց ձեռքը, որոնք արցունքներին չեն հավատում: Նույնիսկ եթե քեզ որոշեն տալ այդ քաղաքական ապաստանը:

Ո՛չ անմահ ես, ո՛չ էլ անժառանգ: Եթե անմահ լինեիր, կարող էիր շարունակել լինել վերջին սրիկան, թքեիր սեփական երկրի վրա և անեիր մտքովդ անցածը, անմահներն անպատասխանատու են, եթե անժառանգ լինեիր, որևէ մեկից ամաչելու խնդիր չէիր ունենա, փախուստի դիմելիս էլ բացարձակապես չէիր մտածի, թե կարող է որևէ այլ տեղ ձերբակալվես ու փակվես: Իսկ հիմա մի դուստր և երկու որդի ողբում են իրենց հոր քրեական կերպար լինելու հետևանքները:

Այս մարդու բախտը չբերեց. պետական անբարոյականության մեջ, թեպետ վերջին դերը չուներ, բայց երկրորդական կերպար էր, օգտագործվեց ու հիմա ինքն իրենից փախչել չի կարող, ուր մնաց՝ ռուս իրավապահներից:

20 տարի ապրեց կայսերական շքեղության մեջ, իսկ հիմա պառկած է «կայսերական» նառի (բանտային անկողին-Մ. Ա.) վրա: Եթե անձամբ Սատանա չես, հաստատ չես շահելու Սատանայի հետ մտերմությունից:

Հատուցումը գալու է քո հետևից: Միհրան Պողոսյանն ամեն ինչ ուներ երջանիկ լինելու համար, ուղեղ չուներ: Իր տեսադաշտում Սերժ Սարգսյանից բացի ուրիշ մեկը չկար: Նրա կոռուպցիայի հաշվապահն էր: Հընթացս բանան էր ներկրում, հյուրանոցներ էր յուրացնում, նաև ուրիշների անշարժ գույքը: Կանգ առնել չուներ: Իսկ հիմա ինքը նստած է, իսկ Սերժ Սարգսյանը՝ կանգնած:

Մարդը չի կարող իմանալ, թե որտեղից և ինչպես է գալիս փորձանքը, բայց իր Սատանային նա գոնե կարող է իմանալ դեմքով: Միհրան Պողոսյանը չիմացավ: Եվ հետաքրքիր է, ռուսական բանտում այս մարդուն ձեռք չի՞ տա ներկայանալ մի սովորական ջեբկիր, քան՝ անկյալ միլիոնատեր:

Օր ու արև չեն տա ռուս քրեականները:

Մհեր Արշակյան

MediaLab.am