Արտոնություն յուրայինների՞ն. միլիոնավոր դրամներ «Ֆակտորի Փրոդաքշնին»

27-04-2019
12175 դիտում
Արտոնություն յուրայինների՞ն. միլիոնավոր դրամներ «Ֆակտորի Փրոդաքշնին»

«Միտքդ վառ պահիր» կարգախոսը թեև շատ գնահատելի և կարևոր է ժողովրդավար երկիր կառուցելու համար, սակայն Քաղաքացու օրվա համար նախագծված և ձևավորված պաստառները երևան գալուն պես հայտնվել են քննարկումների թեժ կիզակետում՝ առաջ բերելով այն հարցը, թե ո՛ւմ և ի՛նչ սկզբունքներով է վստահվել այդ աշխատանքը:

Ազգային տարազով տատիկ-պապիկներ, փակ աչքերով օդում ճախրող երիտասարդներ, կուժ ու կուլա, թաշկինակներ, քոչարի և այլ դետալներով լի պաստառները, ըստ շատ մասնագետների, ամենևին չեն արտահայտում այն, ինչի համար ստեղծված են:

«Լոգոն լավն է, գույները, սակայն պաստառները թույլ են, զգացվում է, որ շատ արագ արված մի բան է: Մի լավ խոսք կա՝ It's not sexy, գրավչություն չկա»,- «Մեդիալաբին» ասում է նկարիչ, արվեստագետ-համադրող Սամվել Սաղաթելյանը:

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը պաստառներին անդրադառնալով՝ վրդովված խոսքն ուղղում է պաստառների հեղինակներին. «19-րդ դարի դեմքերից ո՞ր մեկին եք հանդիպել անցյալ տարվա դեպքերի ժամանակ... Թե՞ խառնել եք Քաղաքացու օրը տոլմայի փառատոնի հետ»:

Ազգագրագետի կարծիքով՝ նման պաստառներն ունեն նշանային ուղերձ, մինչդեռ Քաղաքացու օրվա համար ներկայացված պաստառներում քաղաքացիական որևէ արժեքի ուղերձ չկա։

«Սա ոչ միայն չի ներկայացնում քաղաքացիական դիսկուրսը, այլև՝ հակառակը, քարոզում է ճիշտ հակառակը։ Դրա համար էլ այս պաստառը կարելի էր պահել տոլմայի կամ խորովածի փառատոնի համար։ Շատ կսազեր, ի դեպ։ Այս պաստառի հեղինակն էլ, սա ընդունողներն էլ որևէ գաղափար չունեն, թե ի՛նչ է քաղաքացին»,- ասում է Աղասի Թադևոսյանը։

Հայաստանում տոլմայի փառատոն ևս կազմակերպվում է, սակայն դժվար թե դա հետաքրքրի Քաղաքացու օրվա պաստառների հեղինակ հանդիսացող «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը, որին վերջին մի քանի ամսվա ընթացքում բաժին են հասել պետության կողմից «ամենահյութալի» պատվերները:

2017 թվականին ստեղծված «Ֆակտորի Փրոդաքշնը», որին հատկացվել է Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսված բյուջեի շուրջ մեկ քառորդը՝ 25 մլն 20 հազար դրամ, օգոստոսից ի վեր 237.014.280 դրամի կամ շուրջ կես միլիոն դոլարի պատվեր է ստացել պետական տարբեր ատյաններից։ Գնումներին այդ ընկերության մասնակցությունը առնվազն հինգ խոշորագույն գործարքների դեպքում կազմակերպվել է մեկ անձից գնման միջոցով, առանց մրցույթի։ 

2018 թ․ դեկտեմբերի 13-ին Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ «Ֆակտորի Փրոդաքշնին» հնարավորություն է տրվել կազմակերպել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների, Երևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի հանդիսավոր վառման արարողության միջոցառումները: Այս գնումը կատարվել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման միջոցով, որի համար պետությունը վճարել է 54 միլիոն դրամ:

«Ֆակտորի Փրոդաքշնը» արտոնություն է ունեցել նաև ԱԳՆ-ի կողմից հայտարարված մրցույթի կազմակերպման դեպքում. նրանց համար գնումը կազմակերպվել է մեկ անձից այն հիմնավորմամբ, թե գնման ենթակա ապրանքը բացառիկ է:

Այս դեպքում խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին է: Օրինակ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է 76 մլն 135 հազար դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայություններ մատուցելն արժեցել է 54 միլիոն 790 հազար դրամ:

Այն, որ այս ընկերության համար գնումների գործընթացը արտոնյալ է եղել, փաստում է նաև գնումների գործընթացի նկատմամբ հսկողություն իրականացնող «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը։

«Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության համար Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև ԱԳՆ-ի հայտարարծ մրցույթներում կառավարության որոշմամբ սահմանվել են որոշակի արտոնություններ»,- «Մեդիալաբին» ասում է Բուռնազյանը:

«Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիմնադիրները շոու բիզնեսում հայտնի անձինք են՝ Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը։ Նրանք երկուսն էլ նախկինում աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ Այս ընկերությունը թեև շատ երիտասարդ է, սակայն հասցրել է նաև աշխատել նախկին իշխանությունների հետ: Տեր-Գալստյանն ու Պողոսյանը համարվում են Ջաղինյանի մերձավորները, ըստ մամուլի տարբեր հրապարակումների՝ վերջիններս նաև լավ հարաբերություններ ունեն քաղաքային իշխանությունների, մասնավորապես, Երևանի քաղաքապետի հետ։

«Ֆակտորի փրոդաքշն» ընկերության նկատմամբ ընդգծված հատուկ վերաբերմունքը առիթ դարձավ, որ տարբեր շրջանակներում խոսակցություններ ծավալվեն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ու այդ ընկերության հիմնադիրներ Վազգեն Պողոսյանի և Ռուդիկ Տեր-Գալստյանի ընկերական կապի մասին։

«Աշխատել և աշխատելու եմ բոլոր այն անհատների, ստեղծագործողների և ընկերությունների հետ, որոնք ստեղծում են բարձրարժեք և որակյալ մշակութային արտադրանք: Այո՛, երկիրը մեծ չէ, և ոլորտում որակյալ գործունեություն ծավալող անհատները հիմնականում իրար ճանաչում են: Շատերին գիտեմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարում ֆակուլտետում ուսանելու տարիներից»,- արձագանքել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Թեև դեռևս հստակ չէ՝ արդյոք որևէ կերպ փոխկապակցվա՞ծ են Երևանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը և «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության հիմնադիրները, սակայն ակնհայտ է, որ կազմակերպությունը գտնվում է արտոնյալ պայմաններում, իսկ գնումները կատարվում են առանց մրցույթի, մեկ անձի միջոցով, ինչի փաստարկներն ամենևին էլ համոզիչ չեն:

«Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը սահմանում են, որ մեկ անձից գնում կարող է կատարվել, եթե

1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ.

2) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել:

«Ցանկացած աշխատանքի հանդեպ տարբեր մարդիկ տարբեր վերաբերմունք, տարբեր պատկերացում ունեն։ Այո՛, կարող էր այլ կերպ լինել, բայց պետք է հաշվի առնել նաև, որ երբ Ազգային ժողովը հաստատեց, որ ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր պետք է լինի, պատրաստվելու ժամանակը քիչ էր»,- պաստառների և Երևանի միջոցառումների համար «Ֆակտորի Փրոդաքշն» կազմակերպության ընտրությունը բացատրում է փոխքաղաքապետ Վիրաբյանը, ով զբաղվում է հայաստանյան տոնակատարությունների խորհրդատվությամբ:

«Մեդիալաբը» օրեր շարունակ փորձեց մեկնաբանություններ ստանալ «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունից, սակայն բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշում է, որ պետք է ուսումնասիրության առարկա դառնա հրատապության հիմքերը:

«Այս նյութը կարող է լինել կարգին հաղորդում իրավապահ մարմիններին, որ նրանք էլ ուշադիր կարողանան ուսումնասիրել սա, որ այս կոռուպցիեն ռիսկի տակ ինչ կոռուպցիոն դրսեւորումներ կան»,-«Մեդիալաբին» ասում է Հոկտանյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը տարակուսում է, թե ինչ հրատապության մասին է խոսքը, երբ հարցը վերաբերում է Ֆրանկոֆոնիայի կամ Ամանորի կազմակերպչական միջոցառումներին, որոնց դեպքում ևս պատշաճ մրցույթ կազմակերպելու փոխարեն մեկ անձից գնում է կատարվել:

«Այս ամենը միանշանակ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և խիստ մտահոգիչ է այդ կազմակերպության կապը իշխանություն ունեցող պաշտոնյաների հետ,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը,- այս ամենը միանշանակ պետք է քննության առարկա դառնա իրավապահ մարմինների կողմից՝ «Գնումների մասին» օրենքի նորմերը խախտողներին բացահայտելու և նրանց շարժառիթները բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»:

Իրավապաշտպանը նշում է, որ բավարար ժամանակ է եղել այդ միջոցառումները կազմակերպելու համար, և ժամանակի սղության մասին պնդումը բացարձակ համոզիչ չէ:

«Նոր Հայաստանում նման մոտեցումը անթույլատրելի է և չի համապատասխանում այն մոտեցումներին, որ բազմիցս ներկայացնում են երկրի իշխանությունները»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպանը: 

Նկարազարդումը՝ «Մեդիալաբի»

Հասմիկ Համբարձումյան

Մարիաննա Գրիգորյան

MediaLab.am