100 տարեկան համալսարան

16-05-2019
893 դիտում
100 տարեկան համալսարան

Երևանի պետական համալսարանը բարձր վարկանիշային համալսարանների շարքում չկա, բայց այսօր իր հարյուրամյակն է։ Հարյուր տարի առաջ ու հիմա էլ Երևանի պետական համալսարանը տվել է մասնագետներ, անվանի գիտնականներ։ Հայաստանում տեղի ունեցած բոլոր շրջադարձային օրերին համալսարանի ուսանողության վրա է դրվել առաջին ուսանողական քայլը։ Համալսարանում ընդդիմացել են ուսանողների առաջին բողոքի ցույցերին 1965-ին, 1988-ին, 1996-ին 2008-ին, 2018-ին։ Բայց ուսանողական շարժումները միշտ սկսվել են այստեղից։

Ընդդիմացողները հետո միացել են, մի մասն է միացել կամ՝ բոլորը, ի վերջո, չեն միացել, բայց Երևանի պետական համալսարանը միշտ ունեցել է առաջինը քայլն անելու պատասխանատվությունը։ Ինչի՞ց է՝ չգիտեմ։ Սա չի նշանակում, որ մյուս բուհերում գիտակից ու առաջադեմ, համարձակ ու արկածախնդիր երիտասարդներ չկային, իհարկե կային և կան։ Բայց թարմ պատմությունը ցույց է տալիս, որ համալսարանինն է եղել առաջին քայլի հեղինակային իրավունքն ու պատասխանատվությունը։ Այստեղ են ձևավորվել երկրի համար բախտորոշ մարդիկ, այստեղ են ձևակերպվել երկրի համար բախտորոշ քայլերը։ Բուհի անունն է պարտավորեցրե՞լ, թե՞ ինչ՝ չեմ կարող ասել։ Բայց դա այդպես է եղել։

Համալսարանն այսօր հարյուր տարեկան է։

Հարյուր տարում, իհարկե, կարելի էր աշխարհի վարկանիշային համալսարանների ցանկում գրավել գոնե նախավերջին տեղը, բայց չի ստացվել։ Սրանով, սակայն, համալսարանի կարևորությունը չի նվազել մեր երկրի կյանքում։ Տարեդարձի օրը մարդու մասին միայն լավն են ասում, համալսարանն էլ մարդ է։

Ես համալսարան ընդունվեցի դպրոցից անմիջապես հետո՝ 17 տարեկանում՝ 1987-ի օգոստոսին։ Այն ժամանակ «Այգեստան» գաստրոնոմ կար Չարենցի փողոցում՝ դեռ խողովակների մեջ չմտցրած Գետառի ափին։ Ազատ թեմայով շարադրություն էի գրել՝ մոտ տասնվեց էջ։ Բոլորովին ստանդարտից դուրս, ինչ զգացել եմ՝ գրել եմ։ Հայրս գաստրոնոմի մոտ ինձ էր սպասում, հարցրեց ՝մի չորսի գրել ե՞ս (հինգ բալանոց համակարգ էր), ասացի՝ ութի եմ գրել, ինչ կդնեն՝ չգիտեմ։ Ինքը գրկեց, հուզվեց՝ բա առաջին երեխան էի, ու գնացինք, ինքը՝ լեզվի ինստիտուտ, ես՝ ուր աչքս կտրեց։ Ես «հինգ» ստացա։ Չեն դրել, ստացել եմ։ Հաստատ։ Երբ դիմացի ֆակուլտետից բարձրախոսով հայտարարում էին մեր անուն-ազգանունները ու հայտնում թվանշանը՝ բոլորը ճչում, գոռում, լացում էին։ Հայրս չափազանց համեստ մարդ է, ըստ իս, ես էլ՝ ամաչկոտ էի շատ։ Երբ անուն-ազգանունս համալսարանի բակով մեկ հնչեց, ու ասաց՝ «հինգ», ես կարծեցի՝ Գագարինը ես եմ ու ասում եմ՝ поехали, բայց ոչ մի շարժում, ձայն մեզնից դուրս չեկավ։ Հավաքվածները հայացքով փնտրում էին «հինգի» տիրոջը, ու հայկական հոգատարությամբ մայրերն ասում էին՝ վա՜յ, էս չկա՞ն։ Ասացի՝ ես եմ ու լսեցի մայրիկների հոգատար «տնա՜շե՜ե՜եեն»-ը։ Ես այդ օրը պաշտում էի համալսարանը, ինձ, հայերենը, քննությունս, շարադրությունս, ու Երևանը իմն էր, գրկել էի ուզում Երևանը, երևանցիներին, բոլորին, ում տեսնում էի։ Ես Համալսարանի ուսանող էի։ Ազատության նոր, անբացատրելի երանգ մտավ կյանքս։

Սեպտեմբերի մեկին մորս «իտալական բատիստից» կարած, իր համոզմամբ՝ շատ սիրուն շորով ու շորի գույնի ձեռագործ գոտիով ես հաղթական մտա համալսարան։ Դեռ ամեն ինչ լավ էր, որովհետ Գնունու փողոցի Կոշիկի տնից առած սպիտակ հարավսլավական իրոք սիրուն կոշիկներս 35 չափսի էին, որովհետև ուրիշ չկար , իսկ ես 37 էի հագնում։

Մինչև երրոդ դասն ամեն ինչ լավ էր։ Փառահեղ հանդիսավոր բաժանեցին ուսանողական տոմսերը, ասացին, որ մենք ապագա Մանանդյաններն ենք ու Աճառյանները։ Մենք մասամբ հավատացինք։ Ծնողներիս ուսանողական տարիների շռնդալից պատմություններն ինձ խոստացել էին մի փոքր ավելի լավ կոնտինգենտ, բայց, դե, առաջին օրը դեռ ինքս ինձ թույլ չէի տալիս փչացնել տոնս։ Տուն վերադարձա կաղ։ Կոշիկը կայուն սպիներ թողեց ուսանողական կյանքի առաջին օրվա առթիվ։

Համալսարանական կրթության, մասնավորապես, բանասիրության հետ անհամատեղելի դեմքեր շատ կային, բայց ես ամեն մեկի մեջ մի չբացահայտված տաղանդ, թաքնված գիտնական էի փորձում գտնել որոշ ժամանակ։ Շատ սիրել էի մեր դասացուցակը երրորդ հարկում։ Ամեն դասից հետո 213 լսարանից վազելով բարձրանում էի երրորդ հարկ՝ վայելելու դասացուցակս։ Առաջին հիասթափությունս այն էր, երբ դասացուցակի «Հին հունարեն», «Լատիներեն» դասերից հրճված սպասում էի՝ ե՛րբ եմ հասնելու տուն ու ասեմ, որ ես շատ շուտով հին հունարեն ու լատիներեն եմ իմանալու, ու հընթացս պարզվեց, մենք այդպիսի դաս ահասարակ չենք ունենալու։ Փոխարենը սերտելու էինք անհիշելի ժամանակներում տպագրված գրքով «Մանկավարժություն», մանկավարժության մասին Ղազարոս Աղայանի մտքերը, շատերը սերտելու էին առանց կասկած անգամ ունենալու, որ դա հին է ու այլ գրքեր կան՝ վաղուց ավելի հետաքրքիր ուսումնասիրություններով։ Հետո «Աթեիզմ» էինք անցնելու, առարկա, որի դասախոսը 88-ից հետո դասավանդելու էր «Կրոնի պատմություն» ու գրաբարյան «զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց»-ը կարդալու էր «զվազելն եզանց», ու հասկացողները, որոնք պատկերացրել էին եզների վազելը, սկսել էին անզուսպ ծիծաղել ու դուրս էին հրավիրվել լսարանից՝ «ամբարտավան» պիտակով։ Մնացածը շատ էին քանակով, իրենք խոնարհ սերտելու էին ամեն պարտադրված, որ մեծանան ու անհետաքրքիր մարդ դառնան։

Բայց լինելու էին հրաշալի դեմքեր, որոնց՝ իրենց բոլոր բարդություններով, տարօրինակություններով, դժվարությամբ , սիրելու էինք ու գոհ էինք լինելու շատ, որ հասցրեցինք տեսնել։

Ինձ դասավանդել է Վազգեն Գևորգյանը։ Առաջինը նրա անունը պիտի տամ։ Նրան գիտեն՝ որպես Նարեկացու «Մատյանը» գրաբարից աշխարհաբար թարգմանած թարգմանչի, գիտեն որպես գրաբարի մասնագետի, բայց թե ինչ ոչ սովորական էին նրա դասերը՝ գիտեն միայն նրանք, ովքեր իր ուսանողն են եղել։

Նա մեզ չէր ծանրաբեռնում գրաբարի քերականությամբ, որ չվախեցնի։ Ինքը մեզ տեքստեր էր տալիս անգիր անելու, գրաբար շքեղ տեքստեր։ Հաճույքով անգիր էինք անում։ Հետո բացատրում էր իմաստը, ամեն բառը, խնդրում էր ուշադրություն դարձնել խոնարհման, հոլովման վրա։ Ու անցնում էինք հաջորդ տեքստին, իսկ տեքստերը հիմնականում արձակ էին, ծավալուն, պատմիչների գործերից։ Դասի կեսից անցնում էր Բախ վերլուծելուն ու Բախի և գրաբարի միջև նմանության իր զգացողություններն էր պատմում։ Մենք կեսը զգում էինք, կեսը՝ չէ, բայց տարված էինք աննկարագրելի, որովհետև ինքը ստանդարտից դուրս էր։ Դասական երաժշտություն, գրաբար, պոեզիա, հատկապես՝ Լերմոնտով սիրող այս մարդը, որ և՛ տարիքով, և՛ իր ստեղծած աշխարհով բավական մեկուսացած էր թվում, ու մի ոտքն էլ պատերազմի ժամանակ վնասվել էր ու դժվար էր բարձրացնում մի քիչ, 88-ի մայիսի ուսանողական նստացույցի առաջին օրը եկավ օպերայի հրապարակ մեզ տեսնելու։ Մի անգամ գրել եմ, չեմ ուզում կրկնվի տեքստս, բայց այսօր նրան չհիշել չի կարելի։ Երբ նա մտավ հրապարակ Սայաթ -Նովայի պողոտայի կողմից, ով իրեն գիտեր ուսանողներից՝ ոտքի կանգնեց, թեև նստացույց էր։ Մենք իր գալով էինք շոյված, ինքը՝ համբուրեց մեր գլուխները, մի քիչ կանգնեց ու գնաց։

Մենք հասցրել ենք տեսնել Ռաֆայել Իշխանյանին։ Օրինաչափ է, բայց նա էլ մեզ չէր խեղդում քերականությամբ, ասում էր՝ դա կարևոր չի, դա կսովորեք, կմոռանաք, Տերյան ու Թումանյան սովորեք, հայերեն ճիշտ խոսեք ու հայերեն խոսեք, պայքարեք հայերենը կարևոր դարձնելու համար։ Ճիշտ է, Տերյան ինձ հայրս է սովորեցրել, բայց ամբողջ գիրքն անգիր իմանալ ստիպել է Իշխանյանը։ Հիմա քերականությունը ինքն իրեն գիտեմ, ինչ էլ չգիտեմ ՝ կիրառական չէ, իսկ Թումանյան ու Տերյան՝ լրիվ։ Հայերենը ինձ համար պատվանդանին է դրել հայրս, իրենից եմ լսել առաջին անգամ, որ հայ երեխան պիտի հայկական դպրոց գնա, իսկ հայերենի համար մինչև լացս գալը պայքարել սովորեցրել է Իշխանյանը։

Ինձ դասվանդել է Գևորգ Ջահուկյանը, որը լեգենդ էր ինձ համար մինչև ուսանող դառնալս, մանկությունից լեզվի ինստիտուտի պատերի մեջ, մեր տանը լսել եմ, որ մտքի տիտան է։ Մի անգամ ինձ հորս աշխատասենյակում հանդիպեց ու հարցրեց՝ ինչո՛ւ եմ բանասիրականն ընտրել, ամաչեցի պաթետիկ բան ասեմ տիտանին ու ասացի՝ չգիտեմ։ Շատ հավանել էր անկեղծ «չգիտեմ»-ը։ Իսկ շատ տարիներ անց, երբ ինստիտուտը դատարկվել էր, ու ինքն ապրում էր իր կյանքի վերջին տարիները, պատիվ արեց իմ ներկայությամբ պատմելու իր կյանքից մի քանի դրվագ։

Դասախոսությունների ժամանակ միշտ մտածում էի, եթե մարդ չիմանա՝ ի՛նչ մեծություն է կանգնած լսարանում, պիտի մտածի՝ սովորական դաս է, սովորական մարդ, ցածր ձայնով, մի քիչ անտարբեր, մի քիչ հոգնած։ Նա նույնիսկ չէր պատկերացնում, որ այն, ինչ ասում է, կարող է բանասերին հետաքրքիր չլինել, ինքը ապրում էր լեզվաբանության մեջ։

Հովհաննես Բարսեղյանն այնպիսի դասախոսություն էր կարդում, որ ես մոռանում էի գրել ու վերջում պարզվում էր՝ ես դասախոսությունների տետր չունեմ։ Ես ուսումնասիրում էի նրա նյարդային շարժումները, նյարդային ընդհատումը դասախոսության, հետո ինքնամոռացության մեջ լեզվաբանության լաբիրինթոսներում ոչ երկրային հաճույք զգալը ու դա տպվում էր իր շատ խստաբարո դեմքին, իսկ եթե հանկարծ ճիշտ պատասխանում էին մի բարդ հարցի՝ խիստ, չոր, ժայռոտ դեմքը ողողվում էր ուրախությամբ, զվարթանում էր, երջանկանում։ Այդպիսին էր նաև Վազգեն Գևորգյանը։

Մանվել Ասատրյանը։ Խիստ, անբարյացակամ, բայց քերականությունը մեխում էր ու մեխի ճշտությամբ պահանջում ու ահավոր նյարդայնանում էր, որ չիմանալու դեպքում փորձում էին «տակից դուրս գալ»։

Լևոն Ներսիսյանը, որի մասին այնքան է գրվել, որ չեմ գրի ոչինչ, բացի այն, որ ես նրան լսել եմ երկու տարի։

Գ. Գարեգինյան: Նախադասությունների սխեմատիկ վերլուծությունները կարողանում էր այնքան հետաքրքիր դարձնել, որ սպասում էինք իր դասին։ Բարեկիրթ, ժպտադեմ, ուսանողի հետ զգույշ ու հարգալից լեզվաբան։

Նելլի Հակոբյան՝ իմ բանահյուսության դասախոսը։ Ինձ թվում էր՝ հայ բանահյուսությունը Նելլի Հակոբյանն է հնարում, որովհետև երբ հենվում էր ամբիոնին ու պատմում, վերլուծում, պատմում ու վերլուծում ու ո՛չ դասի ավարտն էր զգում, որովհետև մենք էլ չէինք զգում, ո՛չ զանգի ձայնն էր լսում, աչքերը կիսափակ վիշապաքաղ Վահագնի, «Սասնա ծռերից» բոլորի մասին այնքան սովորական ու իրական էր խոսում, որ, իրոք, ինձ թվում էր՝ կա՛մ ինքն է հորինում նրանց, կա՛մ անձամբ ծանոթ է եղել։

Ավաղ, նրանք չկան։ Իմ նշածներից ոչ ոք չկա։ Բայց համալսարանի հարյուրամյակի օրը հիշենք նրանց անունները։ Նրանք կրթել են։

Մեզ կրթել ենք նաև մենք՝ իրար հետ շփվելով։ Մենք իրար կրթել ենք, մեր կարդացած, դեռ արգելված գրքերի մասին պատմելով, պատմության թաքուն էջերի մասին իրար նյութեր տալով կամ պատմելով, տեսած ֆիլմերի, ներկայացումների, լսած ամերիկյան ձայների, իմացած հետաքրքիր պատմությունների մասին խոսելով։ Համալսարանական կրթության մի չերևացող կողմն էլ դա էր, եթե ոչ՝ հիմնական, այն ժամանակ մեր համացանցը մենք էինք։ Մենք պեղում էինք, իրար պատմում էինք ու կարևորը՝ վերլուծում էինք,ինքնուրույն, վիճում, ստեղծում միտք, դատողություն, մեր ստեղծած դատողությունները հակադրում իրար ու հիշում մյուսի միտքը, իմանում մեր միջի ամենախելոքին, ամենահամարձակ միտք ասողին, թեկուզ՝ սխալ, բայց ինքնուրույն ու համարձակ։

Ուստի, շնորհակալություն Մայր բուհին մեզ իրար հանդիպեցնելու և կրթվելու ձևերը գտնելու համար։ Զարգացում եմ մաղթում սիրելի համալսարանին, և թող ուսանող դառնալու շեմը դադարի լինել «Շտեմարանը», քննական նյութի աղբյուրը՝ Վիքիպեդիան, ռեֆերատները՝ համացանցային։ Մի բան էլ կասեի, բայց հարյուրամյակին մեզ սովորեցրել են վայելուչ պահել։

Համալսարանի երկուհարյուրամյակին ինչ-որ մեկը միգուցե գտնի այս նյութը համացանցում, որն արդեն օդում մատի մի հպումով կլինի, ու կասի՝ փաստորեն հարյուր տարում հայտնի համալսարան ենք դարձել, տեսնես «Շտեմարանն» ի՞նչ է։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am