«Նրանք աշխատելու են վկաների վրա, աշխատելու են դատավորների հետ, շատ-շատ լծակներ ունեն,կոմպրոմատներ այդ մարդկանց վրա»․ Ստյոպա Սաֆարյան

18-05-2019
«Նրանք աշխատելու են վկաների վրա, աշխատելու են դատավորների հետ, շատ-շատ լծակներ ունեն,կոմպրոմատներ այդ մարդկանց վրա»․ Ստյոպա Սաֆարյան

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը անպասելի ու անհասկանալի էր: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով՝ չափազանց ակնհայտ է, որ Քոչարյանի՝ ազատության մեջ լինելը լրջագույն խոչընդոտներ է ստեղծելու արդար դատաքննության համար՝  խուսափումների տեսքով, նույնիսկ նա կարող է հեռանալ Հայաստանից:

«Այնպես որ, ես լավ չեմ հասկանում, թե ինչու է սա տեղի ունենում, խորքային պատճառները չգիտեմ: Միայն այն, որ որոշման հրապարակումը չափազանց հետաձգվեց, դա արդեն լավ նշան չէր: Պետք է պարզել, թե ովքեր են ազդում արդարադատության վրա»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր որոշեց կալանքից ազատել 2008 թվականի Մարտի մեկի դեպքերի ժամանակ ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Խափանման միջոց կալանքը փոխարինվեց անձնական երաշխավարությամբ, որը Քոչարյանի համար դատարան էին ներկայացրել ԼՂՀ ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողներին ասաց, որ լավատեսական սցենարի դեպքում ընդհանրապես գործը պետք է կարճվեր:

Դատարանում  մեղադրանքը պաշտպանող դատախազներ Կարեն Բիշարյանն ու Պետրոս Պետրոսյանը լրագրողներին ասացին, որ մեղադրական կողմը կբողոքարկի դատարանի այս որոշումը:

«Մենք դատական ակտը քիչ առաջ ենք ստացել, դրա պատճառաբանություններին օբյեկտիվ պատճառներով այս պահին ծանոթ չենք: Մենք սկզբունքորեն գտնում ենք, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը այս պահին ընտրված էր ճիշտ, դա միակն էր, որ կարող էր զսպել Քոչարյանի պատշաճ վարքագիծը: Հետևաբար, մենք պետք է բողոքարկենք այդ դատական ակտը»,- ասաց Պետրոս Պետրոսյանը:

Դատախազ Կարեն Բիշարյանն էլ հավելեց, որ Քոչարյանը կարող է ազատության մեջ լինելով՝ խոչընդոտել գործի քննությանը:

«Մենք բոլորս գիտենք, թե ինչ պաշտոն զբաղեցնող անձ է այսօր մեղադրվում և այդ պաշտոնի բերումով ինչ ծավալի կապեր օգտագործելու հնարավորությունների հետ գործ ունենք»,- ասաց նա:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ ազատության մեջ լինելով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը և ազդել վկաների վրա:

«Դուք կասկած չունենաք դրանում, նրանք աշխատելու են վկաների վրա, աշխատելու են դատավորների հետ: Հասկանո՞ւմ եք, նրանք շատ-շատ լծակներ ունեն, շատ-շատ կոմպրոմատներ ունեն այդ մարդկանց վրա: Մենք չենք էլ տեսնելու, թե ինչ մեխանիզմ է աշխատում»,- ասում է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի դատական համակարգը պատրատ չէ նման գործերի քննությանը:

«Ես դեռևս նախորդ տարվա ամռանը իմ բազում հրապարակային գնահատականներում նշել եմ, որ սպասվում է աղմկահարույց գործերի քննություն, և, բնականաբար, դատական համակարգը պետք է կարգի բերվի: Այս դատական համակարգում չպետք է արդարադատություն իրականացվի այն մարդկանցով, ովքեր իրենց նշանակմամբ պարտական են նախկին իշխանություններին: Մենք դա ամռանը տեսանք մեկ դատավոր օրինակով, ում կեսագրությունը փաստում էր, թե ինչու նա կայացրեց այդ վճիռը: Խոսքը վերաբերում է ավելի վաղ խափանման միջոցի մեկնաբանությանը՝ կապված նախագահի ինստիտուտի անձեռնմխելիության մասին հակաիրավական մեկնաբանության հետ»,- հավելում է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ առաջին քայլը պետք է լինի դատաիրավական համակարգի ստեղծումը, դա գոնե պետք է արվեր, որպեսզի մենք նման իրավիճակների առաջ չկանգնենք:

«Սա հին ու նոր Հայաստանների ակնհայտ կռիվ է»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am