«Շղթայական կերպով բացահայտումները կգնան առաջ»․ Մարտի 1-ի զոհի հայրը հույս ունի, որ արդարությունը կհաղթի

07-06-2019
914 դիտում
«Շղթայական կերպով բացահայտումները կգնան առաջ»․ Մարտի 1-ի զոհի հայրը հույս ունի, որ արդարությունը կհաղթի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը։

- Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ եք սպասում «Մարտի 1»-ի գործից՝ հաշվի առնելով, որ օրերս ձերբակալվեց, օրերս էլ կալանավորվեց ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Գեղամ Պետրոսյանը՝ մարտի 1-ի զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով: Արդյոք կարծում եք, որ շղթան ամբողջությամբ կբացահայտվի, և կունենանք ամբողջական պատկերը, թե ով է սպանել 10 անձանց:

- Այն, ինչ տեղի ունեցավ, մենք դրան վաղուց էինք սպասում: Արդեն 11 տարի է անցել, ու մենք սպասում ենք: Ես մի անգամ ասել եմ, նորից եմ կրկնում, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում, իսկ անմեղ արյուն թափողները, բնականաբար, պետք է պատժվեն:

- Իսկ այս կալանավորումից հետո հույս արթնացե՞լ է, որ կբացահայտվեն, թե ովքեր են կոնկրետ կրակողները:

- Այո՛, որովհետև երբ պաշտոնյա է ձերբակալվում, անկախ այն բանից, թե ինքն է անմիջապես սպանել, թե հրաման է տվել՝ նույն բանն է, որովհետև շղթայական կերպով բացահայտումները կգնան առաջ: Այսօր կան մարդիկ, որ շատ բաներ գիտեն, հատկապես հատուկ քննչական ծառայությունում մարդիկ լավ աշխատում են, և բացահայտումներ, բնականաբար, կլինեն: Մենք դրան անհամբեր սպասում ենք:

- Տեսակետ կա, որ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունն ու կալանավորումը շատերի գնահատմամբ փաստում է, որ նախաքննական մարմինը «Մարտի 1»-ի բացահայտումը չի կապում միայն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հետ: Դուք նույնպե՞ս այդպես եք մտածում:

- Բոլոր փաստերը պետք է ներկայացվեն դատարան թե՛ ՀՔԾ-ի կողմից, թե՛ դատախազության, թե՛ մնացած մարմինների կողմից: Իսկ եթե որոշ մարդիկ ուզում են ջրից չոր դուրս գալ, դա նրանց, բնականաբար, չի հաջողվի, որովհետև բոլորն էլ մեղքի իրենց բաժինն ունեն: Իսկ որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր սահմանադրական կարգի տապալման համար, եթե սահմանադրական կարգը չտապալվեր, սպանություններ չէին լինի, վիրավորներ չէին լինի, և այդքան մարդիկ չէին ձերբակալվի:

- Քոչարյանի ազատ արձակումը շատերի մոտ զայրույթ առաջացրեց, այդ թվում ՝զոհերի հարազատների: Ձեր կարծիքով՝ ազատության մեջ գտնվելով Քոչարյանը վտա՞նգ է ներկայացնում քննության համար:

- Իհարկե վտանգ է ներկայացնում, որովհետև ամեն րոպե կարող է խոչընդոտել քննությանը: Նա ունի գումարներ, ծանոթներ, որոնք աշխատել են այն մարդկանց հետ, որոնք այսօր դեռ իրավապահ մարմիններում են, բարձր պաշտոններ են զբաղեցնում: Բնականաբար, հաստատ ազդելու են քննության վրա, և նրան ազատ արձակելը շատ սխալ էր:

-Կարծում եք դատավորներին վեթինգի ենթարկելու որոշումը կապված էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հե՞տ:

- Բնականաբար կապված էր: Ասում են՝ ավելի լավ է ուշ, քան երբեք: Ես կարծում եմ, որ դա պետք է լիներ ավելի շուտ, հեղափոխությունից անմիջապես հետո: Պարոն վարչապետը մտածեց ավելի մարդկայնորեն մոտենա, թողնել, որ մարդիկ ուղղվեն, բայց ինչպես հայտնի ասացվածքում է ասվում՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում: Նրանք այն ժամանակ աշխատել են այդ համակարգում, հիմա էլ նույնն են մնացել: Դրա համար շուտ պետք է նրանց փոխեին: Ի վերջո, արդարությունը պետք է հաղթանակ տանի։

Դատական համակարգում այս փոփոխությունները պետք էլ ավելի վաղ նախաձեռնեին։ Այս փոփոխություններն անհաժեշտություն են, որովհետև տվյալ դեպքում մեր երկրում հեղափոխություն կատարվեց, բայց դատական համակարգում իշխանափոխություն չկատարվեց, ինչը պետք է տեղի ունենար։ Հավատացնում եմ, թեև ուշացումով, բայց դատական համակարգում իշխանափոխություն տեղի կունենա։

Լուսանկարը՝ azatutyun.am

Մանե Հարությունյան

MediaLab.am