Այսօր Սորոսն է, երեկ «Գարդասիլն» էր, ավելի վաղ շրջանում կիբեռնետիկան ու գենետիկան էին, վախեցնում են նրանով, ինչը ժողովուրդը չի հասկանում. Տիգրան Խզմալյան

12-06-2019
1448 դիտում
Այսօր Սորոսն է, երեկ «Գարդասիլն» էր, ավելի վաղ շրջանում կիբեռնետիկան ու գենետիկան էին, վախեցնում են նրանով, ինչը ժողովուրդը չի հասկանում. Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր, «Հայաստանի եվրոպական կուսակցության» համանախագահ Տիգրան Խզմալյանը:

- Պարո՛ն Խզմալյան, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էիք արել, թե Հայաստանում 3 միլիոն դոլար բաժանած Սորոսը «ազգի թշնամին է», իսկ Հայաստանից 3 միլիարդ տարած Ռոբերտ Քոչարյանը՝ «ազգային հերոս»: Ըստ ձեզ՝ ինչո՞վ են պայմանավորված այս հարձակումները: Հնարավո՞ր է անցումային արդարադատության պատճառով է մյուս կողմը նման քայլերի դիմում։

- Ես չեմ կարծում, որ դա կարելի է պայմանավորել անցումային արդարադատությամբ, առավել ևս, որ մենք չհասկացանք, թե ի՛նչ է դա, և կասկածելի է՝ ընդհանրապես գործում է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ խնդիրը շատ ավելի հին է։ Սա առնվազն 100, եթե ոչ 200 տարվա խնդիր է։ Դա վերաբերում է Ռուսաստանի գերիշխող իրավիճակին ոչ միայն Հայաստանի տնտեսական ու քաղաքական, այլև գաղափարական կյանքում։ Ընդհանրապես, մեր հասարակությունն ապականված, խեղված է այդ բազմադարյա ցնորքով, երբ փնտրելով իրեն դաշնակից՝ հայտնվել է պատանդի դերում։

Մենք գործում ենք դասական հոգեբուժության կանոններին համապատասխանող ստոկհոլմյան սինդրոմով՝ դահճի հանդեպ պատանդի վախվորած, մարդկանց համար անհասկանալի սիրով։ Սա խայտառակություն է, սա մեր մտավոր դասի թուլությունը, թուլամորթությունն ու ծախվածությունն է։ Դա սովորական, շարքային քաղաքացիների ոչ քաղաքացի լինելու, այլ բնակիչ, քաղքենի լինելու պատճառով է բացատրվում։ Դա բավական խոր հիվանդություն է, որը պետք է բուժել մտավորականների, պատասխանատու քաղաքացիների, քաղաքական դասի իրական վերնախավի միջոցով։

- Հայաստանում ստեղծված իրավիճակը որքանո՞վ է պարտադրվում դրսից։ Հաշվի առնելով, որ Սորոսի հանդեպ այդքան մեծ է անհանդուրժողականությունը, հնարավո՞ր է, որ դրա նպատակն այն է, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում արգելվի նման գործունեությունը։

- Սորոսը միայն անվանում է, ես, անկեղծ ասած, Սորոսի մասնագետը չեմ և Բաբուխանյանի նման Սորոսի հիմնադրամից ոչ մի լումա երբեք չեմ ստացել։ Հետևաբար, ես չեմ կարող հեղինակավոր կարծիք հայտնել, բայց ակնհայտ է, որ եթե չլիներ Սորոսը, կլիներ մեկ այլ անուն, օրինակ՝ քեռի Սեմ։

Սա ուղղակի խրտվիլակ է, որ օգտագործվում է «բոբո» նպատակներով և դա սպասարկում է չեկիստական հին հնարքը՝ չունենալով ոչ մի բան առաջարկելու աշխարհին, այդ թվում՝ սեփական ժողովրդին ու հայությանը, ոչ տեխնոլոգիայի, ոչ գիտության, ոչ մարդու իրավունքների որևէ ասպարեզում, նրանք կենտրոնանում են մարդկանց ընկալման մեկ այլ ոլորտում՝ մեր վախերի, մղձավանջների, ֆոբիաների, և եթե չկա, ընդհուպ ստեղծում են այդպիսի ֆոբիաներ։

Դա այսօր Սորոսն է, երեկ «Գարդասիլն» էր, ավելի վաղ շրջանում կիբեռնետիկան ու գենետիկան էին։ Այսինքն՝ ինչպես սովորաբար երեխաներին վախեցնում են նրանով, ինչը նա չի հասկանում՝ ոստիկաններով, կոկորդիլոսներով, մթությամբ, այդպես էլ ժողովրդի հետ են վարվում։

Պետք է ճշմարտություն, լույս, թափանցիկություն, որպեսզի հնարավոր լինի կանգնեցնել այս մղձավանջը։ Պետք է երեխայի ձեռքից բռնած տանել մութ սենյակ, միացնել լույսը՝ ասելով, որ ընդամենը լույս ես միացնում, ու բոլոր բոբոները կորչում են։ Նույնն էլ այս դեպքում է, պետք է այդ ամենին շատ լուրջ վերաբերվել, և, ինչպես տեսանք, ինչ-որ մարդիկ հրապարակեցին Սորոսի հիմնադրամից շահառուների ցանկը։

- Նախորդ տարիներից մենք հիշում ենք, թե ինչ կարևոր դերակատարում ուներ Հայաստանում քաղհասարակությունը։ Որքանո՞վ է հիմա քաղհասարակությունն իր կարևոր դերակատարման մեջ, որքանո՞վ մենք մեր քաղհասարակություն ձևավորելու խնդիր ունենք՝ հաշվի առնելով, որ նրանցից շատերն այսօր պետական կառավարման օղակներում են։

- Սա մեծ և գրեթե ակադեմիական հարց է, բայց, ցավոք, նման խոսակցություններ մեզ մոտ չեն վարվում։ Կարծում եմ՝ մենք անցել ենք երեք հավասար շրջաններ։ Եթե 1988-ը վերցնենք որպես ելակետ, ապա 1988-ից մինչև 1998 թվականը քաղհասարակությունը զարգանում էր որպես համազգային շարժում, որտեղ որևէ կուսակցական բաժանում դիտվում էր խանդով, և իզուր չէր, որ կուսակցություններին կեղծում էին, օրինակ՝ կային մի քանի Դաշնակցություն, մի քանի կոմկուս, մի քանի հնչակներ ու ռամկավարներ։

Այսինքն՝ դրանք իրական չէին։ Հետո եկավ 1998-ի և 1999-ի հեղաշրջումը և քոչարյանական 10-ամյակը, որը չեկիստական, ԿԳԲ-ական փուլն էր, երբ շարժումը քայքայվեց, վարկաբեկվեց և իսկապես կորավ, այլևս քաղհասարակություն չկար։ Դրա ավարտն էր 2008 թվականի մարտի 1-ը, երբ հասարակությունը ֆիզիկապես ջախջախվեց։ Հաջորդ փուլը ևս տևեց 10 տարի, մինչև 2018 թվականը, որից հետո եկավ թավշյա հեղափոխությունը։ 2008-ից մինչև 2018 թվականը կուսակցությունները վարկաբեկված էին, և նրանց փոխարեն գործում էին հասարակական շարժումներ, կազմակերպություններ։

Դա էկոլոգիական շարժումն էր, Ամուլսարը, դրանից առաջ՝ Մաշտոցի պուրակը, ծածկած շուկան, Աֆրիկյանների տունը։ Այսինքն՝ դա հասարակական շարժումների տասնամյակն էր, իսկ 2018-ից մենք նորից մտանք մի շրջան, որին հասարակությունը պատրաստ չէ։ Դա նոր կուսակցություններ ստեղծելու շրջանն է, որովհետև արդեն հասկանալի է, որ նախկին վարկաբեկված կուսակցությունները դատարկ են, զրոյացված, և առաջին իսկ գույքագրումը կամ մասնակիցների ցուցակի թարմացումը կբերի նրանց ֆիզիկական ոչնչացմանը, որովհետև ոչ ոք չի անդամակցի։

Դրա համար պետք է ստեղծել նոր կուսակցություններ, ոչ թե նախկինի պես ԿԳԲ-ի ենթաբաժինները, այլ դասական կուսակցություններ, որոնք պետք է ներկայացնեն հասարակության տարբեր շերտեր։ Այսինքն՝ պետք է լինի միջին դասի, բանվորական, գյուղացիների կուսակցություններ, ինչպես ամբողջ աշխարհում, որը և ստեղծում է քաղաքացիական հասարակություն: Այնպես որ, քաղհասարակությունը հիմա բաժանված է, թուլացած է և որպես այդպիսին գոյություն չունի։ Հիմա գնում են ֆրագմենտացիաներ, որոնք պետք է գիտակցեն իրավիճակը և դառնան կուսակցություններ։ Դրանցից մեկը ես իմ ընկերների ու համախոհների հետ նախորդ տարի նախաձեռնեցի, որը կոչվում է Հայաստանի եվրոպական կուսակցություն։ Հասարակության մի մասը համարում է, որ Հայաստանի ապագան միայն քաղաքակիրթ աշխարհի հետ է՝ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի մեջ։

- Դուք ակնարկում եք իրական ընդդիմության մասին։ Կարծում եք՝ այդ խնդիրը հիմա Հայաստանում արդիակա՞ն է դարձել։

- Այո՛, իհարկե, որովհետև իրական ընդդիմությունն անհրաժեշտ է ոչ միայն պետությանը որպես քաղաքական համակարգ, այն պետք է նաև իշխանություններին, պետք է ազգին, որովհետև չի կարելի պատասխանատվությունը վերցնել ու դնել մեկ մարդու կամ մեկ խումբ մարդկանց վրա։

Դասական և փորձված ժողովրդավարությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, զուր չէ, որ համագործակցում են ընդդիմության հետ ու ճգնաժամերի պահին նրանք ունեն ստվերային կառավարություններ, որոնք փոխարինում են միմյանց։ Նրանք համագործակցում են, որպեսզի ամենամեծ արժեքը՝ պետականությունը, պահպանվի ու շարունակվի։

Մենք հաճախ պետությունը շփոթում ենք կառավարության հետ, շփոթում ենք իշխանությունն ազգի շահերի հետ։ Մենք պետք է հասկանանք, որ մեզ պետք չէ, որ բոլոր հայերը միանան։ Այդպես չի լինում և պետք էլ չէ, և նորմալ է, որ մարդիկ տարբեր են։ Այդ տարբերությունը մեծագույն արժեք է, որը պետք է գնահատել ևն ճիշտ օգտագործել։ Մի մատով կրակում եմ, մի մատով դաշնամուր են նվագում և այլն։

Մանե Հարությունյան

MediaLab.am