Գարիկ Սարգսյան. Անեկդոտը

13-06-2019
2006 դիտում
Գարիկ Սարգսյան. Անեկդոտը

Կոկորդիլոսների մասին մեր տեղեկատվական բազան փաստորեն ամեն օր կարելի է թարմացնել՝ հետևելով Արարատի մարզպետին: «Ինչ-որ ժամանակ նրանք նույնիսկ թռչել են»՝ երեկ ասել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Մի այսպիսի անեկդոտ կա՝ թռչում են երկու կոկորդիլոս՝ կապույտը և կարմիրը, հատկապես կարմիրը: Առաջին հայացքից անիմաստ անեկդոտ է, բայց մեր իշխանությունում էլ կան ոմանք, որոնք թռչելու բնություն չունեն: Հատկապես Գարիկ Սարգսյանը:

Մի անեկդոտ էլ պետք է հիշեմ: Ինձ նման նիհար, թեպետ այս դեպքում ագրեսիվ մի աղջիկ, կենդանաբանական այգու միջով քայլում է, հանկարծ նրա վրա մի սոված կոկորդիլոս է հարձակվում: Սակայն ավելի ուշադիր նայելով՝ կոկորդիլոսը որոշում է, որ սոված չէ: Մի քիչ հետո ավելի ուշադիր նայելով՝ մտածում է, որ կոկորդիլոսն ինքը չէ: Այսինքն՝ մեջն այլ բնազդներ են աշխատել: Իշխանությունը վերցնելուց հետո մեր պաշտոնյաների մոտ այլ բնազդներ են աշխատում:

Եվ անմիջապես հիշեցնում են մեկ այլ անեկդոտ:

Նեղոսի վրա երկու կոկորդիլոս են հանդիպում: Մեկը մյուսին հարցնում է՝ հը, ո՞նց է որսդ: Ասում է՝ էսօր երկու սևամորթի եմ կերել, իսկ դո՞ւ: Մյուսն ասում է՝ ես էլ մեկ ռուսի: Էն առաջինը զարմանում է՝ չեմ հավատում, հլը հո՛ արա: Գարիկ Սարգսյանին լսելուց հետո ուզում եմ ասել՝ հլը հո՛ արա: Դուք ինչի՞ց եք խոսում:

Հեղափոխությունից ավելի քան մեկ տարի է անցել: Իշխանության գրեթե բոլոր օղակներում շարունակում են ջանադրաբար իրար պարգևավճարել բյուջեի միջոցներով: Իսկ մինչև պարգևատրումը երկրում ի՞նչ է փոխվել: Կարծես թե՝ ոչինչ: Գյուղերում՝ հատկապես:

Մեկ տարվա ընթացքում նույնիսկ մշակվող հողատարածքների հեկտարներում փոփոխություններ չեն գրանցվել: Իսկ կոկորդիլոսներին վերադառնալով մի հարց բաց է մնում. ինչո՞ւ են Հայաստանում կոկորդիլոսաբուծարան բացում, այն էլ՝ էկո-այգի անվան տակ: Այգին այլ նշանակություն է՞լ ունի, եթե ոչ բնապահպանական:

Իսկ բուծարանները բացելու իրական նպատակը նրանց կաշին օգտագործելն է: Բուծարանի հիմնադիրն ասում է, որ այն բացելուց հետո 7-10 տարվա ընթացքում արդեն հնարավոր կլինի կոկորդիլոսների կաշին վերամշակել: Վերամշակել նախատեսում են Գյումրիում:

Եթե հաշվի առնենք, որ այդ նախապատմական սողունների (երբեմնի թռչունների) կյանքի միջին տևողությունը 50-60 տարի է, պարզ է, որ նրանց այստեղ են բերում, որ սպանեն:

Մեկ էլ Թաիլանդում կա կոկորդիլոսաբուծարան: Կոկորդիլոսների կաշին օգտագործվում է թանկարժեք դրամապանակների, ճամպրուկների պատրաստման համար: Նրանց այստեղ են բերում զբոսաշրջության խթանման համար, որ մարդիկ Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոս տեսնեն: Պատկերացնո՞ւմ եք՝ բացում են էկո-այգին և անմիջապես պարգևավճարներ շնորհում ամբողջ մարզպետարանին այն բանի համար, որ սա գլուխ բերեցին:

Զբոսաշրջությունը Հայաստանի նման երկրի համար կարևոր ոլորտ է: Գուցե կոկորդիլոսների կարիք էլ զգացվի: Գուցե նույնիսկ փղեր բերեն մի օր: Որպեսզի զբոսաշրջիկները երթևեկեն նրանց մեջքին նստած:

Ժամանակին բնապահպաններն ընդդիմացան դելֆինարիումին։ Թեպետ այնտեղ կարծես թե դելֆինների սպանդ նախատեսված չէր։ Հիմա կոկորդիլոս են ուզում բուծել կաշվի արտադրությունը խթանելու համար։

Վախենամ՝ ոչ մի կոկորդիլոս չհասցնի թռչել։

Մհեր Արշակյան

MediaLab.am