«Կարող ենք արձանագրել, որ ԲԴԽ-ն արդեն լիովին կազմալուծված կառույց է»․ Նորայր Նորիկյան

15-06-2019
557 դիտում
«Կարող ենք արձանագրել, որ ԲԴԽ-ն արդեն լիովին կազմալուծված կառույց է»․ Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

- Պարո՛ն Նորիկյան, արդեն ԲԴԽ հինգերորդ անդամն է հրաժարական տալիս։ Արդյոք սա նշանակում է, որ դատարանների մուտքերը փակելու ակցիան, ըստ էության, իր արդյունքը տվեց և արդյոք այս վիճակը ճգնաժամային չէ։

- Կարող ենք արձանագրել, որ ԲԴԽ-ն արդեն լիովին կազմալուծված կառույց է։ Եթե ընդունենք, որ ԲԴԽ-ն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, իսկ նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ԲԴԽ անդամների մեծամասնությունը, իսկ դա նշանակում է, որ ԲԴԽ 10 անդամներից առնվազն 6-ը պետք է մասնակցեն, հետևաբար, կարող ենք արձանագրել, որ փաստացի այսօր մենք չունենք Բարձրագույն դատական խորհուրդ։

Այս պահին ԲԴԽ 4 անդամ են մնացել։ Ես չեմ կարող ասել, թե ինչի հետևանք է այս վիճակը, արդյոք դատարանների մուտքեր փակելու պատճառով եղավ, բայց ակնհայտ է, որ դատական իշխանության շուրջ ստեղծված ճգնաժամի հետևանքը հենց ԲԴԽ-ի լիկվիդացումն էր որպես օբյեկտիվ հանգամանք այն առումով, որ ԲԴԽ-ն իր կարգավիճակով այն սահմանադրաիրավական բացառիկ մարմինն է, որի միակ առաքելությունը դատարանների անկախության երաշխավորումն ու ապահովումն է։

ԲԴԽ-ի գործունեության արդյունքում հիմնավորվեց և բոլորս ականատես եղանք, որ այն այդպես էլ չդարձավ այն մարմինը, որ կոչված էր դատարանների անկախությունն ապահովելուն։ Ավելին ասեմ, դատելով ԲԴԽ-ի շուրջ զարգացումներից և առհասարակ այդ կառույցի գործունեությունից, ինձ մոտ համոզմունք ձևավորվեց, որ դա ընդհանրապես կեղծ մարմին, և ապագայում պետք է քննության առնվի այդ մարմնի գործունեության նպատակահարմարության հարցը։

Ցավոք պետք է արձանագրել, որ այս մարմնի կարգավիճակն ամրագրված է Սահմանադրության 7-րդ գլխում, իսկ այդ գլխում փոփոխություններ անելու միակ լեգիտիմ ձևաչափը հանրաքվեն է։ Այստեղ խնդիրն այն է, թե ապագայում էլ նոր ԲԴԽ ձևավորվելուց հետո արդյոք այս մարմինը կարո՞ղ է ապահովել դատարանների անկախությունը, թե՞ ոչ։ Եթե մենք գնում ենք այնպիսի դատական իշխանության ձևավորման, որը կոչված կլինի իրապես արդարադատություն իրականացնելուն, մենք շատ լուրջ պետք է վերլուծենք, թե արդյոք սա այն մարմի՞նն է, որն ապահովելու է դատարանների իրական անկախությունը։

Գործող ընթացակարգը բերել է այն համոզման, որ միայն իրավաբան գիտնականների ընտրվելու հանգամանքը բավական է հանգելու հետևության, որ այդ մարդիկ քաղաքական համակրանքների, ճաշակի, քմահաճույքի արդյունքում են հայտնվել ԲԴԽ-ում։ Դա նշանակում է, որ հետագայում որպես ԲԴԽ անդամ կարող են ազդեցություն ունենալ նրանց քաղաքական համակրություններն ու ճաշակը։

Եթե մենք խնդիր ունենք ամբողջ ԲԴԽ-ի վերակառուցման, նոր ԲԴԽ-ի ձևավորման, չարժի՞ արդյոք քննության առնել այդ մարմնի հետագա գործունեության նպատակահարմարությունը։

- Քանի որ այդ կառույցը հենց Գագիկ Հարությունյանի համար էր ստեղծել Սերժ Սարգսյանը, կարո՞ղ է ի վերջո խնդիր դրվի ընդհանրապես ցրելու այդ կառույցը։

- Այո՛։ Ասեմ ավելին, այդ կառույցի մի մասը իրավաբան գիտնականներից ձևավորելու կարգից ինձ համար պարզ է, որ այդ դրույթը ներառվեց Սահմանադրության մեջ միայն այն բանի համար, որ Գագիկ Հարությունյանը գար դառնար ԲԴԽ նախագահ, հետևաբար այդ ամենի ողբերգական հետևանքը մենք տեսնում ենք։

Պարզ դարձավ, որ ցանկացած քաղաքական կատակլիզմի դեպքում այս մարմինը նման վիճակում հայտնվեց, այն դեպքում, երբ ԲԴԽ-ն՝ որպես դատարանների անկախությունը երաշխավորող մարմին, պետք է բացարձակապես դուրս գտնվեր քաղաքական ցանկացած վայրիվերումների ազդեցությունից։ Ես համարում եմ, որ մենք լուրջ անելիք ունենք այս ոլորտում, և եթե իսկապես գնում ենք նոր ԲԴԽ-ի ձևավորման ճանապարհով, հետագայում պետք է անդրադառնալ այն հարցին, թե արդյոք այս կազմով ու ձևաչափով ձևավորվող ԲԴԽ-ն է այն մարմինը, որը կարող է ապահովել դատարանների ու դատավորների անկախությունը։

Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի այս կազմին, ինքս հորդորել ու հորդորում եմ ԲԴԽ այն անդամներին, որոնք դեռևս պահպանում են ԲԴԽ անդամի իրենց կարգավիճակը, ողջամիտ գտնվել և առաջիկա օրերին ներկայացնել հրաժարականի դիմում՝ հնարավորություն տալով նոր իրողությունների պայմաններում ձևավորել լրիվ նոր անդամներից բաղկացած ԲԴԽ։

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ սահմանադրական ճգնաժամ է առաջանում՝ հաշվի առնելով, որ ԲԴԽ-ում քվորում չկա, և այդ կառույցը կազմալուծված է։

- Այն, որ իրավիճակն աննախադեպ ու արտառոց է, այդ մասին կասկած չկա։ Ի դեպ, Սահմանադրություն գրողները հենց այն իրավաբան գիտնականներն են, որոնք ԲԴԽ անդամներ դարձան։

Նրանք, մասնավորապես Գագիկ Հարությունյանը, պետք է ունենային հեռատեսություն՝ գնահատելու համար այսպիսի իրավիճակների զարգացման հնարավորությունը։ Իհարկե, մենք չպետք է նաև խելագարության կանխավարկածով առաջնորդվենք, բայց բոլոր դեպքերում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը հստակ կարգավորում է հրաժարականի ներկայացման դեպքում նոր անդամի ընտրման ընթացակարգը։ Կարգը հետևյալն է. տառացիորեն մեկ օր անց ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը պարտավոր է ԲԴԽ անդամ ընտրողին տեղեկացնել հրաժարականի և նոր անդամ ընտրելու ընթացակարգի մասին։

Ըստ էության, ԱԺ-ն այս առումով,եթե  եռամսյա ժամկետում չընտրի ԲԴԽ անդամ, այդ դեպքում ՀՀ նախագահը հնարավորություն կունենա 15-օրյա ժամկետում նշանակել ԲԴԽ անդամ։ Այս համատեքստում ԱԺ-ն պարտավոր է սահմանված ժամկետներում քննության առնել այս հարցը։ Եռամսյա ժամկետ է գործում, բայց կարծում եմ, որ ԱԺ-ն մի փոքր ավելի սեղմ կգտնվի և կաշխատի հնարավորինս արագ ապահովել ԲԴԽ նոր անդամների առաջադրումն ու ընտրությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել ԲԴԽ բնականոն գործունեությունը։

Մանե Հարությունյան

MediaLab.am