Խաչատրյան քույրերը․Անտարբերության զոհ հայրասպանները

24-06-2019
1635 դիտում
Խաչատրյան քույրերը․Անտարբերության զոհ հայրասպանները

Խաչատրյան քույրերի գործը նոր թափ է հավաքում: Մեկ տարի առաջ նրանք Մոսկվայում սպանել էին իրենց 57-ամյա հորը այն պատճառաբանությամբ, որ ի թիվս այլ բռնությունների, նաև սեռական բռնության են ենթարկվել: Դատախազությունը աղջիկներին կանխամտածված սպանության մեղադրանք է առաջադրել:

Եթե այս ամենը տեղի ունեցած լիներ ամբողջ հասարակության աչքի առաջ, մարդիկ գուցե իմանային՝ ինչ մտածել քույրերի արարքի մասին: Սակայն ոչ միայն հասարակության աչքի առաջ ոչինչ տեղի չի ունեցել: Հայրը՝ զոհը, մինչ այդ աջ ու ձախ հպարտացել է՝ ոստիկանության դուռը քացով եմ բացում:

Նա սա ասել է ընկերներին, դուստրերին, աղջիկների մորը, որին տնից դուրս է հանել տարիներ առաջ: Շշմելի մարդ է եղել Միքայել Խաչատրյանը: Այսինքն, հայրը դուստրերին ոչ միայն բռնացել ու բռնաբարել է, այլև անպատժելիության շնորհանդես է կազմակերպել՝ ինձ ոչ ոք մատով չի դիպչի: Ահա ինչու երեք աղջիկ չի իմացել, թե ում բողոքի հարազատ հոր հրեշավորությունների դեմ:

Սպանության օրերին հասարակության մեջ ընդդեմ դուստրերի եղան այսպիսի արձագանքներ՝ ի՞նչ էր արել որ, ընդամենը ծեծել է: Որովհետև ծեծը, ընկերնե՛ր, նորմալ է: Ո՞վ չի ծեծում: Իսկ ո՞վ ասաց, որ ծեծելը նորմալ է: Եթե բոլորն են ծեծում, ինքնապաշտպանությունը սա է, այսինքն՝ աղջիկներն ո՛ւմ բողոքեին՝ «ո՞վ չի ծեծում» ասողին:

Աղջիկները կատարել են մի քայլ, որը միանգամից բոլորին ազատել է իրենց պատասխանատվությունից, իրենց անտարբերությունից: Սպանության պահից բոլորը միայն դեպքի սպառող են, ազատ են իրենց չտեսնել էդ արարքի մեջ:

Եթե բռնության դեմ հասարակություն չունես, ստիպված ես հասարակություն դառնալ սպանության գնով: Երեք աղջիկ ժամանակ առ ժամանակ բացակայել են դպրոցից, որպեսզի իրենց դեմքի և մարմնի կապտուկները մյուսներին տեսանելի չլինեն:

Ուսուցիչների մոտ նրանց բացակայությունն առաջացրել է երկչոտ հարցեր՝ ի՞նչ էր եղել, աղջիկներ ջան: Ուսուցիչները, բոլորը Միքայել Խաչատրյանի մասին գիտեին որպես բարեգործի՝ քայլող ինդուլգենցիա:

Ընտանեկան բռնությունը ռուսական և, ընդհանրապես, նախկին խորհրդային երկրների ամենացավոտ խնդիրներից մեկն է: Կանայք դրա առաջին «սպառողներից» են, երեխաներն ուղղակի գտնված «սպառողներ» են, նրանք նույնիսկ բողոքել չգիտեն:

Նրանց վախեցնելը հեշտ է, հետո էդ վախը նրանք երկար են քարշ տալիս բռնացողի գոյության դաշտում: Ի՞նչ անեին այս աղջիկները, երբ կարեկից ոչ մի հայացք չեն տեսել, երբ իմաստավորված մտահոգություն չի ծավալվել նրանց շուրջ: Մարդը հայր է եղել և դրանով թեման փակվել է:

Աղջիկների մանկության երազանքը չի եղել հայրասպան դառնալը: Եվ խնդիրն այն չէ, որ ոչ մի քնքշանք չի եղել: Գուցե երբեմն Միքայելը գրկել է նրանց, իր արյունն են, իր հմայքը: Բայց իր սեփականությունն են, սա է հարաբերվելու միքայելյան մեկնակետը, ռուսական մեկնակետը, հայկական մեկնակետը՝ երեխան ծնողի սեփականությունն է: Եթե բոլորն են այդ կարծիքին, ո՛ւմ բողոքես: Ս

պանությունը ոչ մի պարագայում ողջունելի բան չէ, բայց այս մտածողությունը չի խանգարել, որ ծնվեն մոլագարներ, հիտլերներ, կիմչենըներ և այլն:

Այս աղջիկների միջավայր պետք է մտներ բռնության դեմ մի խոսք, որպեսզի սպանություն չլիներ: Ընտանիքի հայրը պիտի պատասխանատվության զգացում ունենար, որպեսզի աղջիկները չգազազեին: Միքայելը պիտի ամաչեր փողոց դուրս գալ, որտեղ ոչ ոք չի հասկանում երեխա ծեծելը:

Էդ մարդը պիտի չկարողանար քնել իր արածներից, որպեսզի չմեռներ: Գուցե այսօր էլ Ռուսաստանի մայրաքաղաքում, Հայաստանի գյուղերում այսպիսի սպանություններ են «խնամվում»:

Ինչպե՞ս իմանալ: Շատ պարզ: Յուրաքանչյուրն իրենով պիտի բացառի բռնացողին, որպեսզի կարողանա ճանաչել նրան, ով բռնանում է:

Չէ՞ որ նրանք պարզապես իրենց տեղը չեն գտնի չծեծողների և դատապարտողների միջավայրում:

Մհեր Արշակյան

MediaLab.am