Հուլիսի 5-ից մեկ օր առաջ

05-07-2019
468 դիտում
Հուլիսի 5-ից մեկ օր առաջ

Ամենածանոթ չճանաչված հանրապետության ճակատագիրը կարող էր այլ լինել, եթե 1921-ի հուլիսի 5-ին Կավբյուրոյի նախագահ Սերգո Օրջոնիկիձեն ու իր տեղակալ Սերգեյ Միրոնովիչ Կիրովը փոխած չլինեին Կավբյուրոյի որոշումը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին։ Դրանից ընդամենը մեկ օր առաջ՝ հուլիսի 4-ին, Կավբյուրոյի ընդլայնված նիստում որոշվել էր Լեռնային Ղարաբաղը միացնել Սովետական Հայաստանին։

Եթե այնպես լիներ, որ Կավբյուրոյի՝ հուլիսի 4-ի որոշումը չչեղարկվեր, հաջորդ յոթանասուն տարիներին Լեռնային Ղարաբաղը կլիներ Հայաստանի կազմում, իսկ հետագա տարիներին՝ ըստ տրամաբանության։

Նախ՝ չէր լինի պատերազմը, հազարավոր մարդիկ ողջ կլինեին, կծնվեին նրանց երեխաները, կարվեին նրանց գործերը։

Ընդամենը մի որոշում, ավելի ճիշտ՝ նախորդ օրը կայացված մի որոշման չեղարկում, հուլիսյան, երևի մի շատ շոգ օր, Նարիմանովի ճնշմամբ ու պահանջով, Սերգեյ Միրոնովիչ Կիրովի, որը 1920-ի ապրիլի 28-ին կարմիր բանակի կազմում մտել էր արդեն սովետական Ադրբեջան, իսկ մեկ տարի անց՝ հոկտեմբերին, դարձել Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, և Օրջոնիկիձեի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանին։ Մի քանի ստորագրություն, մի որոշում, և ամեն ինչ փոխվեց։

Յոթանասուն տարի Լեռնային Ղարաբաղը ապրեց թվացյալ բարեկեցիկ ու խաղաղ կյանքով։ Յոթանասուն տարվա մեջ կտրուկ աճեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ադրբեջանական բնակչության թիվը, ու կամաց-կամաց Լեռնային Ղարաբաղը սեղմվում էր պատին։ Այնպես աննկատ, որ բնակչությունն առանձնապես չէր զգում։ Եթե հուլիսի 4-ին կայացրած որոշումը մնար ուժի մեջ, արդեն յոթանասուն տարի Լեռնային Ղարաբաղը կլիներ Հայաստանի կազմում։ Չէր լինի Ղարաբաղյան շարժումը, չէինք ասի՝ «մեր վերածննդի ժամանակները», «զարթոնքի տարիներ», չէին լինի Ղարաբաղյան շարժմամբ ստացված բազում-բազմաթիվ քաղաքական գործիչներ։

Ի՞նչ պատկեր կունենար հայկական բանակը, հավանաբար՝ այլ։ «Էս ղարաբաղցիք» արտահայտության կարիքը հավանաբար չէր լինի, ու երկու տասնյակ տարի հնչած այս արտահայտությունը ձևավորված չէր լինի։

Յոթանասուն տարի Լեռնային Ղարաբաղը կտոներ Հայաստանում տոնվող տոները։ Լեզուն էապես տարբերություն չէր զգա, կլիներ այնպիսին, ինչպիսին կա. Ստեփանակերտում կլինեին ռուսական դպրոցներ՝ ռուսերենի սեփական տարբերակով, գյուղերում կլիներ հյութեղ բարբառը, գյուղի դպրոցները կլինեին հայկական, ինչպես և եղել է, շրջկենտրոններում կլինեին ռուսական դպրոցներ՝ մեծ աշակերտական կոնտինգենտով և ռուսական կրթություն ստանալու մեծ մոլուցքով, ինչպես Հայաստանում։ Պատերազմից հետո Ստեփանակերտի խոսվածքն ու բարբառների հնաբանությունները իրենց տեղը զիջեցին գրական հայերեն բառերին, եթե հուլիսի 4-ի որոշումը մնար ուժի մեջ, դա ավելի վաղ տեղի կունենար։ Եթե չլիներ 1921-ի հուլիսի 5-ի որոշումը, հայ գրականության մեջ կբացակայեր Վ. Սիրադեղյանի «…ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից…» արտահայտությունը, որովհետև Եվրոպան սկսված կլիներ Երևանի վետերոկներից։

Ամենայն հավանականությամբ մենք չէինք ճանաչի Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ եղած չէր լինի, եթե կյանքը ընթանար իր սահուն հունով։ Չէին լինի Սումգայիթը, Բաքուն, մարտի մեկը, ինչ իմանաս՝ գուցե նաև երկրաշարժը։

Կլիներ մեծ Հայաստան, ու հավանաբար կմտածեինք՝ ի՜նչ ափսոս, որ Դաշքեսանը, Խանլարը, Շահումյանը մնացին Ադրբեջանի կազմում իրենց հայաշատ, տեղ-տեղ լրիվ հայ բնակչությամբ։ Եթե չլիներ հուլիսի 5-ի որոշումը, մենք ու ադրբեջանցիները անտարբեր կլինեինք միմյանց հանդեպ, հավանաբար։ Ամռանը գուցե Կասպից ծով գնայինք, Բաքուն սիրուն քաղաք էր՝ Երևանի կայարանից երեկոյան վեցին գնացք կնստեինք ու հաջորդ օրը կլինեինք այնտեղ։ Ադրբեջանցիները կմնային Հայաստանում, կբազմանային, հավանաբար, բայց մենք չէինք իմանա, որ իրենք վտանգավոր են, իսկ կարևորը չիմանալն է։

Բաքվում ապրող հայերը կմնային Բաքվում, ամռանը կգնային Լեռնային Ղարաբաղ՝ իրենց պապենական տները։ Իհարկե, պարզ չէ, ի՛նչ կլիներ Սովետական Միության փլուզումից հետո, միգուցե այս դեպքում էլ ադրբեջանցիները սկսեին շարժումն ու պահանջեին չեղյալ համարել 1921-ի հուլիսի 4-ի որոշումը, իսկ միգուցե չպահանջեին։ Ճիշտ չեն ասում, թե պատմությունը «եթե»-ներ չի սիրում, պատմությունը շատ է սիրում «եթե»-ներ, որովհետև միայն պատմության կտրվածքով է հետաքրքիր պատկերացնել՝ «եթե․․․, ապա․․․» տարբերակը։

Դուք պատկերացնո՞ւմ եք ինչի՛ մասին ենք խոսում. ընդամենը մի որոշում, հուլիսյան, հավանաբար, շոգ մի օր, եթե Նարիմանովի պահանջին տուրք չտրվեր, եթե Օրջոնիկիձեն ու Սերգեյ Միրոնովիչ Կիրովը պահեին հունիսի 12-ին Կավբյուրոյի պլենումի որոշումը «Հայաստանի կառավարությանը հանձնարարել Լեռնային Ղարաբաղը ներառել Հայաստանի կազմում», և հուլիսի 4-ի Կավբյուրոյի ընդլայնված նիստի «Լեռնային Ղարաբաղը փոխանցվեց Հայաստանին» որոշումը, մենք, ամենայն հավանականությամբ, չէինք տեսնի մեր տեսած արհավիրքների մեծ մասը գոնե։

Այսպիսով, ուղիղ 23 օր Լեռնային Ղարաբաղը եղել է Հայաստանի կազմում՝ հունիսի 12-ի Կավբյուրոյի պլենումի որոշման օրվանից մինչև հուլիսի 5-ը։ Քսաներեք հրաշալի օր ծանրագույն ժամանակներում։ Այսօր՝ հուլիսի 5-ն է, այդ որոշման 98-րդ տարեդարձը, իսկ երեկ՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու չեղարկված որոշման 98-րդ տարեդարձն էր։ Պատմությունից ավելի պատահական բան հավանաբար չկա։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am