Փողոցը և մարդու ապրուստը

12-07-2019
920 դիտում
Փողոցը և մարդու ապրուստը

Օրեր առաջ համացանցում մի նյութ հրապարակվեց, որում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը մի խմբի հետ շրջում էր երեկոյան Երևանում և հրահանգում փողոցային առևտրով զբաղվողներին գնալ շուկաներ:

Փողոցային առևտրի ու դրա առաջացրած խնդիրների մասին շատ է խոսվել ու գրվել: Սա այն դեպքերից է, երբ ես հստակ կարծիք չունեմ, որը կպաշտպանի կողմերից մեկին: 90-ականների Գյումրիում յուրաքանչյուր երրորդը զբաղված էր փողոցային առևտրով, այդ թվում՝ ես:

Գոյության հարց էր, ու որևէ մեկին չէր հետաքրքրում քաղաքի տեսքը: Երբ որոշ ժամանակ հետո տեղափոխվեցինք շուկա, ամեն մեկն իր տեղն ուներ, ու շատ դժվար էր դաշտ մտնողին՝ այդ նույն շուկայի տարածքում գտնել իր երկու քառակուսի մետրանոց անկյունը: Դա տևեց այնքան, մինչև առևտուրը չմեռավ:

Երևանի ու հատկապես Երևանի կենտրոնի պարագայում խնդիրը փոքր-ինչ այլ է: Ես հասկանում եմ քաղաքային իշխանության գործելաոճը, բայց մյուս կողմից՝ ինձ մտահոգում է մարդու գոյության կռիվը: Մեր կովկասյան հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելու պողոտայում, հաստատ չենք հանդիպի խաղող վաճառողի, բայց Մաշտոցի պողոտայում կարող ենք գնել բարիքներ, որքան ուզեք:

Անցորդի, զբոսաշրջիկի, այլ ոլորտի աշխատողի համար միգուցե տհաճ է շրջել փողոցներով, որտեղ առևտուրը խեղդում է բոլորին: Մայթերը զավթված են, ու որոշ դեպքերում նույնիսկ մարդասիրական միջանցք չկա: Բայց սա խնդրի միայն մի կողմն է:

Խնդրի մյուս կողմում կանգնած է օրվա հացը վաստակող քաղաքացին: Նա մուրացիկ չէ, թալանչի չէ, ավազակ ու գող չէ: Մարդ է, որն առավոտից երեկո կանգնած արևի տակ ինչ-որ բան է վաճառում: Լուռ համաձայնության է եկել տեղի շենքերի բնակիչների հետ ու իր գործն է անում:

Իհարկե այստեղ ևս կան վերապահումներ: Այլ բան է բռնիչ վաճառող տատիկը կամ ծաղկավաճառ հայտնի պապիկը, և այլ է դալալը, որը նոր կենսակերպ է ստեղծել ու հանրային տարածքն է զավթում: Սա թերևս այն հարցերից է, երբ յուրաքանչյուրին առանձին մոտեցում է անհրաժեշտ:

Հենց այս անհատական մոտեցումն է ստիպում ուշադրություն դարձնել Մնացականյանի ուղեկիցներից մեկի պահվածքին, որը հորդորում էր փողոցային վաճառականին սրտաճմլիկ բաներ չասել ու խղճի խայթ չարթնացնել: Իսկ հասցեատերն ընդամենն ասում էր, որ օրական 50.000 դրամի դեղ է գնում:

Ես չգիտեմ՝ այդ տղան ճիշտ էր ասում, թե սուտ, բայց որ չինովնիկն իրավունք չունի նման տոնով ու նման ձևակերպումներով խոսել իր հացը վաստակողի հետ, ակնհայտ է:

Կողքից նայողի կամ ինչ-որ տեղ հարմարվածի դիտանկյունից հեշտ է ասել, թե՝ գնա, ուրիշ գործով զբաղվիր: Ուրիշ գործով զբաղվելու համար ուրիշ հմտություններ են պետք, ուրիշ կրթություն: Իսկ պետությունը հոգացե՞լ է:

Աղքատները ծնում են աղքատներ: Մենք շատ քիչ օրինակներ կարող ենք բերել, երբ մանկուց աղքատության շղթայում մեծացածը, 10 տարեկանից ընտանիքի հացի խնդիրներով զբաղվածը կարողացել է ճեղքել աղքատության շղթան:

Աղքատությունը դարձել է փակ և վատ կախարդական շրջափուլ դրանում ներառված քաղաքացիների համար: Պաշտոնապես Հայաստանում աղքատ է մարդկանց 31 տոկոսը: ՄԱԿ-ի որոշ ցուցանիշներով, այդ թիվը հասնում է 70 տոկոսի: Եվ աղքատների ուսերին է շարունակում մնալ հարուստների, ինչպես նաև պետական համակարգի բեռը: Ո՞ւմ վրա ենք հոխորտում:

Մյուս կողմից, այո՛, փողոցային առևտրով զբաղվողը զբաղեցնում է հանրային տարածք: Երբ նրան հորդորում ենք գնալ շուկա, պետք ունենք մի քանի առանցքային հարցերի պատասխանել: Այդ նույն շուկաները՝ որպես հանրային տարածքներ, արդյոք նախկին իշխանությունների օրոք չե՞ն զավթել օլիգարխները: Զավթել են: Արդյոք այդ շուկաները կարո՞ղ են ներառել փողոցային առևտրով զբաղվող բոլոր անձանց: Արդյոք այդ հանրային տարածքները վերադարձվելո՞ւ են:

Որպեսզի գրվածքս չդիտարկվի ուրացում, փաստեմ, որ ինձ դուր է գալիս Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը, սակայն մյուս կողմից՝ մեզ համալիր լուծումներ են անհրաժեշտ, որպեսզի ՀՀ քաղաքացին ստիպված չլինի իր հետ մուննաթախառը՝ տղա ջան-ով խոսող չինովնիկին պատմել դեղերի գնի մասին:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am