«Ես կարծում եմ, որ Սամվել Բաբայանը հենց Քոչարյանի աջակիցն է, ուստի որևէ շանս նրանք չունեն». Վահան Բադասյան

17-07-2019
798 դիտում
«Ես կարծում եմ, որ Սամվել Բաբայանը հենց Քոչարյանի աջակիցն է, ուստի որևէ շանս նրանք չունեն». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

- Պարո՛ն Բադասյան, Արցախում նախագահական ընտրություններից 10 ամիս առաջ արդյոք լարվածությունը Արցախում պատճառաբանված ու տրամաբանակա՞ն է՝ հաշվի առնելով, որ կան որոշակի ինտրիգներ՝ կապված Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի հետ։ Ընդհանուր առմամբ ի՞նչ պատկեր ունենք այս փուլում։

- Դեռևս երկու-երեք ամիս առաջ ես խոսել եմ այս թեմայի շուրջ և ասել, որ նախ՝ հակաօրինական է ընտրություններից մեկ տարի առաջ սկսել քարոզչությունը, երկրորդը՝ ես միշտ ասել եմ, որ չի կարելի լարվածություն մտցնել հասարակության մեջ, որովհետև դրանով խաթարվում է հասարակական համերաշխությունը։ 

Եթե լինեին ուրիշ զարգացումներ, ոչ թե քարոզչական, այլ տարբեր հարցերով տեսակետների վերաբերյալ՝ տնտեսություն, հասարակություն, պաշտպանություն, արտաքին ու ներքին քաղաքականություն, ապա դա նորմալ կլիներ։ Բայց երբ քարոզչություն է իրականացվում, և դա տևում է ոչ թե 25-30 օր, ինչպես սովորաբար լինում է, այլ ավելի երկար, ապա դա բերում է բախումների։ 

- Այս պահին ներքին բախումներ նկատելի՞ են։ 

- Փոքր բախումներ եղել են, որոնք չեմ ուզում անձնավորել։ Երկրորդ վտանգն այն է, որ չի կարելի Սահմանադրությունը մեկ մարդու համար փոխել։ Եթե տվյալ անձը ցանկություն ուներ ինքնառաջադրվելու նախագահի թեկնածու, ապա թող ժամանակին գար ու բնակվեր Արցախում։ Առավելևս, որ ինքն ասում է, որ մեծ ներդրումներ ունի արած Արցախում, հերոս է և այլն։ Նա 15 տարի է՝ ազատության մեջ է և երկրից հեռու։ Ես միշտ էլ ասել եմ, որ այդ մարդն ուզում է միայն առաջին դեմքով ապրել Արցախում։

Իսկ եթե դա չի ստացվում, նա անտարբեր է, թե Արցախում այս տարիների ընթացքում ինչեր են եղել կամ չեն եղել։ Այդ ամենի հանդեպ նա անտարբեր է եղել և որևէ առնչություն չի ունեցել կամ էլ եթե ունեցել է, միայն՝ հեռակա։ Հեռվից ակտիվ պասիվություն է դրսևորել։ 

Երրորդ պատճառը, որ Սահմանադրության նրա առաջարկած փոփոխությունն օրինական չէ, այն է, որ մարդը պահանջում է, որ ՀՀ քաղաքացին ընտրվելու իրավունք ունենա, բայց ընտրելու իրավունք չունենա։ Իսկ եթե ընտրելու իրավունք էլ ունենա, ապա Արցախի Սահմանադրությունը դառնում է անիմաստ, պետք է լինենք միասին մեկ պետականություն։ Եթե մենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով Արցախը ներկայացնում ենք որպես առանձին պետություն, ապա այդ նույն պատճառաբանությամբ արտաքին մարտահրավերները հաշվի առնելով, չի կարելի նման քայլի գնալ։

Հաջորդը՝ ինչպե՞ս կարելի է մարդուն ընտրվելու իրավունք տալ, բայց ընտրելու իրավունք չտալ։ Այս հակասություններն են, որ գոյություն ունեն։ Ստորագրահավաք կազմակերպողները խնդում են, որ ավելի քան 14 հազար ստորագրություն արդեն հավաքել են։ Ես ունեմ տեղեկատվություն, որ այդ ստորագրողների առնվազն 80 տոկոսը չի իմացել, թե ինչ տեքստի տակ է ստորագրում։ 

Բայց կարող եմ նաև ասել, որ նրանց 100 տոկոսը ցանկացել է, որ Սամվել Բաբայանը լինի Արցախի նախագահ, այսինքն՝ արդյունքում ունենում ենք Սահմանադրության փոփոխություն մեկ մարդու համար։ Իմ կարծիքով, նման բաներ անելն անթույլատրելի է, հատկապես որ մենք տեսել ենք, թե Հայաստանում ինչեր են տեղի ունեցել, երբ մեկ մարդու համար Սահմանադրություն են փոխել։ 

Էլ չեմ ասում, որ դեռ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանին հակասահմանադրական ձևով առաջադրեցին նախագահի թեկնածու։ Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ այդ հարցը դնեն հանրաքվեի, արցախցիների ճնշող մեծամասնությունը դա մերժելու է։ 

- Որքանո՞վ է հավանական, որ Արցախի նախագահական ընտրություններին մասնակցեն նոր ուժեր և հաջողություն գրանցեն, թե՞ արդեն ուշացած է նման նախաձեռնությամբ հանդես գալու համար։ 

- Դեռ ժամանակ կա, և նոր ուժերը մասնակցություն ունենալու են այդ ընտրություններին։ Սամվել Բաբայանը, գիտակցված թե առանց գիտակցելու, նպաստել է այդ նոր ձևավորված ուժերի զարգացմանը։ Որովհետև նոր ուժերը, կոնկրետ մենք, ցանկանում էինք, որ եղած Սահմանադրության և օրենքների համաձայն նոր ուժերը զարգացում ունենան և մասնակցեն ընտրություններին։ 

Ինչևէ, ես համոզված եմ, որ շուտով մարելու են թե՛ սահմանադրական փոփոխությունների, թե՛ քարոզչության այս քայլերը, և կսկսվի նոր փուլ, ոչ թե նախընտրական, այլ քաղաքական ուժերի զարգացման նոր փուլ։ Եթե այդ ուժերը ցանկանում են մասնակցել գործընթացներին, նրանց համար կա հնարավորություն, նրանք կարող են գրանցել կուսակցություն և տանել քաղաքական պայքար։

- Եթե ՀՀ իշխանությունների կողմից լինի կոնկրետ աջակցությունն այս կամ այն թեկնածուին, ինչպե՞ս դա կանդրադառնա արցախցու քվեի վրա։

- Ես արդեն ասել եմ, որ Հայաստանը, ըստ երևույթին, չի միջամտելու և չի խոչընդոտելու արցախցիների ազատ կամքի արտահայտմանը։ Ինչ վերաբերում է խոր մարտահրավերներին, որ կարող է բերել ներքին հասարակական պայթյունների, Հայաստանն անշուշտ անտարբեր չի լինի և կմասնակցի, որովհետև Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է:

- Ձեր կարծիքով ի՞նչ վտանգ էր տեսել Արցախի ԱԱԾ-ն, որ հայտարարություն տարածեց՝ նշելով. «Սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի»։

- Ես Արցախի ԱԱԾ-ի տարածած հայտարարությանն այնքան էլ համամիտ չեմ, որովհետև այդ հայտարարությունն իմ հայտնած վտանգների հետ չի խոսում։ Նրանք պարզ պետք է հայտարարեին։ Նրանց հայտարարությունն ուղղված է եղել միայն ու միայն սեփական աթոռի ամրապնդմանը, և ես դեմ էի նման հայտարարությանը։ 

- Իսկ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ո՛ւմ տեսքով կառաջադրվեն այս ընտրություններում։ Որքա՞ն շանս կունենան Քոչարյանն ու իր աջակիցները։

- Ես կարծում եմ, որ Սամվել Բաբայանը հենց Քոչարյանի աջակիցն է, ուստի որևէ շանս նրանք չունեն։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am