«Կտրում է հենց այն ծառը, որի վրա բույն է դրել, ձագ է ունեցել, բարիքներից օգտվում է, համամիտ եմ, որ սա ուղղորդված ակցիա է». Էդուարդ Զորիկյան

19-07-2019
«Կտրում է հենց այն ծառը, որի վրա բույն է դրել, ձագ է ունեցել, բարիքներից օգտվում է, համամիտ եմ, որ սա ուղղորդված ակցիա է». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը։

- Պարո՛ն Զորիկյան, Իջևանում մի խումբ մարդիկ բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով թույլ տալ, որ ապօրինի անտառահատումներ իրականացնեն։ Այսինքն՝ մարդկանց մեջ ապօրինություններ անելու ձգտումը շարունակում է մնալ, ինչո՞ւ։

- Առայժմ ապրում են մինչհեղափոխական չգրված օրենքներով։ Այսինքն՝ ըստ երևույթին նախքան հեղափոխությունը թույլ են տվել կտրել, ինչ-որ գումար վճարել։

Ես ուրիշ բանի վրա եմ զարմանում. սովորաբար ամբողջ աշխարհում կառավարություններն են որոշում նման բաներ անել, ժողովուրդն է ոտքի կանգնում, թույլ չի տալիս։ Եվ պարտադիր չէ, որ դա անպայման հանքարդյունաբերության, բնության աղտոտման ու պոչամբարների հետ կապված լինի։ Եթե բնության մեջ ինչ-որ բան խախտվում է, տարբերություն չկա՝ հանքարդյունաբերություն կլինի, թե անտառ։

Եվ զարմանալին այն է, որ մեզ մոտ ժողովուրդն է բողոքում ու այն ժողովուրդը, որը հենց այդ շրջանում է ապրում։ Այսինքն՝ ինքը կտրում է հենց այն ծառը, որի վրա բույն է դրել, ձագ է ունեցել, որի բարիքներից օգտվում է։ Ի վերջո, բոլոր տեղացիները անտառի բարիքներից օգտվում են։ Լիովին համամիտ եմ, որ սա ուղղորդված ակցիա է։

- Դուք «Ֆեյսբուքում» գրել էիք, որ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում է այս ակցիան։ Ի՞նչ միտում եք տեսնում։

- Այո՛, ինձ թվում է՝ ուղղորդված է։ Հենց այդպես էլ մտածել են, որ վարչապետին պետք է հարվածեն թիկունքից հենց իր զեմլյակները։ Այն սկզբունքները, որով պարոն Փաշինյանն այսօր աշխատում է, 180 աստիճանով տարբերվում են նախկինում գործած սկզբունքներից։ Նախկինում ով նստում էր պաշտոնի, իր քաղաքը, ծննդավայրը թե գյուղը կլիներ, օգտվում էին բոլոր արտոնություններից։

Այս առումով նախկինում յուրաքանչյուր պաշտոնյայի, այսպես ասած, զեմլյակները իր հիմնական թիկունքն էին ամեն հարցում։ Փաշինյանը բոլորովին ուրիշ սկզբունքներով է աշխատում՝ հեղափոխական։ Այդ ամենի վրա խաչ են քաշում, նոր Հայաաստան են կառուցում։ Եվ այստեղ որոշել են հենց դա օգտագործել։ Այսինքն՝ ամենաշատը դժգոհ են լինելու մոտ շրջապատը, ծննդավայրի բնակչությունը։ Ինձ թվում է՝ այդ մահակն են ընտրել թիկունքից հարվածելու համար։ Դա բավական ստոր քայլ է կազմակերպիչների կողմից։

- Հիմա իշխանություններն ինչպե՞ս պետք է հակազդեն այդ անօրինականություններին, բիրտ ո՞ւժ կիրառեն, թե՞ այլ մեթոդներ կան։ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարեց, որ անօրինականության հետ կոմպրոմիս չի լինելու։

- Լիովին ճիշտ է ասում, ոչ մի կոմպրոմիս ապօրինության հետ։ Կես քայլ աջ, կես քայլ ձախ՝ մենք գլորվում ենք նույն անդունդը, որում գտնվել ենք մինչ հեղափոխությունը։ Ի սեր Աստծո, նույն անտառի, հանքարդյունաբերության կամ ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված կան օրինական ճանապարհներ, հաշվարկներ, կարող են օրինական օգտվել։ Այսինքն՝ մարդու գործունեությունից անտառը պետք է շահի, ոչ թե տուժի, ջրամբարը պետք է շահի։ 

- Վերջերս վարչապետը նաև ասաց, որ քրեական մշակույթը պետք է դուրս գա մեր միջից։ Ինչո՞ւ դուրս չի գալիս։

- Որովհետև 100 տարի ներարկվել է այդ մշակույթը։ Երբ կառավարիչները չեն կարողանում կառավարել, տեղերում ստեղծում են քրեական օջախներ, ովքեր իրենց փոխարեն կառավարում են։ Բայց սա պետությանը բնորոշ չէ, սա բնորոշ է եղել կալանավայրերին, այդտեղ են արել։

Խորհրդային տարիներին էր այդպես, կալանավայրը տվեք մի «օրենքով գողի», ինքն ամեն ինչ կկարգավորի։ Նույն բանը հետագայում փաստորեն տարածել են նաև կալանավայրից դուրս։ Այն, ինչ ներարկվել ու գործարկվել է մի քանի տասնյակ տարիներ, միանգամից դժվար է դուրս հանել։ Այսինքն՝ դուրս հանելու ճանապարհը հետևյալն է՝ մարդիկ պիտի հասկանան, որ ազնիվ ապրելը ձեռնտու է։

Մեզ մոտ տեսեք ինչն է պարադոքսալ ու ամենասուր խնդիրը՝ գրեթե բոլոր ապրանքները միջազգային գներով են վաճառվում, բայց այդ ապրանքներն արտադրողները չեն ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան աշխատավարձ։ Այսինքն՝ արտադրողը ստանում է գերշահույթներ այն բանի հաշվին, որ մտնում է իր բիզնեսում աշխատող շարքային աշխատակիցների գրպանը։ Ամբողջ աշխարհում վաղուց հասկացել են, որ մեծ բիզնեսները կես տոկոս եկամուտ էլ բերեն, հսկայական գումարներ են։

Իսկ մեր բիզնեսմեններն էսօր չգիտեն եկած գումարն ուր մտցնեն։ Դրա համար են խելքները կորցրած 100-սենյականոց դղյակ սարքում։ Դա պետք է փոխվի։ Կառավարությունը պետք է սահմանի մարդավայել մինիմալ աշխատավարձ, որից պակաս ուղղակի իրավունք չունեն որևէ մեկին վճարելու։ Գրեթե բոլոր երկրներում նման օրենքներ կան, ժամավճարից պակաս իրավունք չունեն վճարելու։ Մեզ մոտ անկախությունից հետո երեք տասնամյակ շահագործել են ՀՀ քաղաքացիներին։ Անունը դնում էին՝ աշխատատեղ են բացում, իրականում ստրուկների էին վերցնում ու աշխատացնում։

Եթե ապրանքները միջազգային գների են, ուրեմն այդ ապրանքն արտադրողը պիտի միջազգային ստանդարտներին համապատասխան աշխատավարձ ստանա։ Եվ այդ ժամանակ լուծվում են միանգամից բոլոր հարցերը՝ և՛ կենսաթոշակի հարցը, և՛ տնտեսությունն է զարգանում, որովհետև մարդկանց ձեռքին փող է հայտնվում, ոչ թե մեկ-երկու հոգու ձեռքին, այլ մարդկանց ձեռքին։

Այդ փողը պետք է ժողովրդին տան, որ ժողովուրդն իր հոգսը հոգա, տնտեսությունն սկսի զարգանալ, շրջանառությունն է տնտեսությունը զարգացնում։ Եվ թող ոչ մի տնտեսագետ չփորձի ինձ համոզել, որ այդ ժամանակ գները կտրուկ կբարձրանան։ Գները չեն կարող բարձրանալ ավելին, քան այսօր կան։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am