«Ժողովուրդը միշտ ասել է, որ եկեղեցին հայկական է, մենք էլ եկել ենք այստեղ՝ որպես ծառայություն մատուցող». հայ քահանան՝ Դիմիտրովի ասորական եկեղեցին զավթելու մասին

21-07-2019
775 դիտում
«Ժողովուրդը միշտ ասել է, որ եկեղեցին հայկական է, մենք էլ եկել ենք այստեղ՝ որպես ծառայություն մատուցող». հայ քահանան՝ Դիմիտրովի ասորական եկեղեցին զավթելու մասին

«Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, վարչապետին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ Իրինա Սագրադովա-Գասպարյանը բաց նամակ էր գրել վարչապետին ու Ամենայն հայոց կաթողիկոսին՝ ահազանգելով, որ հայ քահանայի կողմից ասորական եկեղեցին զավթվում է։ Նրա խոսքով՝ Դիմիտրով գյուղում տեր Միքայել քահանա Նուրիջանյանն իր տիկնոջ հետ, ով գյուղի դպրոցի տնօրենն է, օրերս այրել են եկեղեցու ասորական իկոնաներն ու խաչը։ Նա խնդիրը նաեւ մանրամասնորեն ներկայացրել էր «Մեդիալաբին»։

Իրավիճակի շուրջ «Մեդիալաբը» փորձեց նաեւ մեկնաբանություններ ստանալ հակառակ կողմից` տեր Միքայել քահանա Նուրիջանյանից։

- Տե՛ր Միքայել, Սուրբ Մարիամ եկեղեցին, որի շուրջ ստեղծվել է այս վեճը, ո՛ր համայնքին է պատկանում, ի՞նչ տեղեկություն կա։

- Հիմա այս պահին մենք տվյալների ճշտում ենք կատարում։ Որպեսզի այնպես չստացվի, որ այս պահին ասեմ մի բան, որին իրենք պետք է հակադարձեն և այլն, այս պահին եկեք ոչ մի բան չպատասխանեմ ձեզ։ Մի երկու օրից տվյալները հստակ լինելու են, և՛ խնդիրների մասին կխոսենք, և՛ պատկանելության։

- Այսինքն՝ դեռ հստակ չէ՞ ձեզ համար, թե ո՛ր համայնքին է պատկանում այդ եկեղեցին։

- Այո՛, այս պահին դեռ հստակ չէ։ Ես այս պահին այստեղ ծառայում եմ որպես Հայ Եկեղեցու ներկայացուցիչ։ Հիմա իրենք ուզում են, որ ասորական լինի կամ չգիտեմ, նախկինում եղել է։ Հիմա մենք փաստերը կճշտենք։ Արխիվից նյութեր պետք է հանենք, այդ նյութերի հիման վրա հայտարարություն կդնենք մեր թեմի էջում, դուք կտեղեկանաք։ Մայր Աթոռի արձագանքը կլինի այս մեր փաստերի հիման վրա։ Երկուշաբթի առավոտյան մենք մտնելու ենք արխիվ՝ նյութերը վերցնելու համար։

-Եթե դեռ հստակ չգիտեք, թե որ համայնքին է պատկանում եկեղեցին, այդ դեպքում ինչո՞ւ եք այրել ասորական իկոնաներն ու խաչը, ինչի մասին հայտարարեցին համայնքի ներկայացուցիչները։ Նրանք ահազանգում են, որ դուք և ձեր կինը, ով գյուղի դպրոցի տնօրենն է, այրել եք իկոնաները։

- Ոչ մի իկոնա չի այրվել։ Ե՛վ խաչերը, և՛ իկոնաները եկեղեցում կախված են։

- Այսինքն՝ դուք ասում եք, որ սո՞ւտ է այդ տեղեկությունը, որ, նրանց խոսքով, զավթել եք եկեղեցին ու այրել եք իրենց արժեքները։

- Ոչ մի այդպիսի բան չկա։ Եկեք ավելի ոչինչ չասեմ, հստակ կլինեն տեղեկությունները, դրանից հետո մենք կխոսենք։

- Հիմա փաստորեն եկեղեցին որպես հայկական եկեղեցի՞ է ծառայում։ Համացանցում տեսանք, որ միջոցառումներ են կազմակերպվում այնտեղ, քաղցրավենիքի հյուրասիրություն էր։

- Այո՛, մեկ շաբաթ ճամբար էր, այսօր վերջին օրն էր։ 

- Ասորական համայնքից ձեզ նաև մեղադրում են գյուղի մատուռը զավթելու մեջ։ Նրանք պնդում են, որ մատուռը ևս ասորական է։

- Ո՛չ, մատուռում մենք ընդամենը մեկ օր պատարագ ենք մատուցել, ուրիշ ոչ մի բան։

- Այսինքն՝ մատուռը ասորակա՞ն է, դուք հաստատո՞ւմ եք։

- Ես ոչինչ չեմ կարող ասել, որևէ բան չգիտեմ մատուռի մասին։

- Այդուհանդերձ, որպեսզի տեղեկատվությունը հստակ լինի, խնդրում եմ պարզ ասել՝ մինչ այժմ այդ եկեղեցին ծառայում էր ասորական համայնքին, և ինչ-որ պահի՞ց որոշվեց, որ այն հայկական է, թե՞ խնդիրը միշտ առկա էր։

- Ժողովուրդը միշտ ասել է, որ սա հայկական է։ Մենք էլ այդ խոսակցության հիման վրա եկել ենք այստեղ՝ որպես ծառայություն մատուցող։ Կատարել ենք պատարագ, ժամերգություն և այլն։ Բայց քանի որ հիմա բարձրաձայնվել է պատկանելության հարց, մենք էլ փաստերը կճշտենք, ըստ փաստերի արդեն կորոշվի, թե ինչ է արվելու հետագայում։

- Նաև ձեր կնոջն են մեղադրում ազգային խտրականություն ցուցաբերելու մեջ՝ որպես դպրոցի տնօրեն։

- Ո՛չ, այդ հարցը մի՛ խառնեք եկեղեցու հարցին։

- Ասում են՝ ձեզ հետ ձեր կինն էլ է մասնակցել իկոնաները վառելու գործին։ Վարչապետին գրվածն բաց նամակում էլ են բարձրացրել այս խնդիրը։

- Հիմա ամեն գրված ճշմարի՞տ է։ Հիմա մենք այդ փաստերին կհակադարձենք, եթե համապատասխան տեղեկություն լինի։ Մենք փաստաթղթերով կխոսենք, ոչ թե ուղղակի, դուք էլ կտեսնեք, թե որն է իրականությունը։ Հիմա եկեք ոչ մի բան չասենք, իրենք փաստաթղթերով չեն խոսում։

- Այսինքն՝ դուք պնդում եք, որ իրենց եկեղեցական արժեքները չեք ոչնչացրել։

- Ո՛չ, ոչինչ չենք այրել, այն, ինչ արժեք է ներկայացնում, մենք չենք ոչնչացրել։

- Խոսքը իկոնաների մասին է։

- Այդ իկոնաները եկեղեցում կախված են։ Ինչն էլ որ կախված չեն, առանձին տուփերով դասավորված են դարակներում։

Լուսանկարը` տեր Միքայել քահանա Նուրիջանյանի ֆեյսբուքյան էջից։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am