Արագիլ, էլ բույն չհյուսես բարդու կատարին

01-08-2019
Արագիլ, էլ բույն չհյուսես բարդու կատարին

Խորհրդանիշը կեղտոտվել է։ Արդեն մի քանի օր լրահոսի նյութ է երկրի խորհրդանիշներից մեկի ճենճոտման լուրը։ Բախտի արագիլը, որ պիտի բույն հյուսի բարդու կատարին ու մեր տան մոտ ապրի։ Եթե հինգ տասնամյակ ժողովուրդը երգում է «Իմ տան մոտ ապրիր, բախտի արագիլ»՝ ուրեմն խորհրդանիշ է։

Եթե սովետական ամեն տան ու հիմնարկի՝ կոշկակարի կրպակից մինչև կուլտուրայի մինիստրություն, սև ֆոնին դեղին ծղոտից Արարատն ու արագիլն էին շրջանակի մեջ պատից կախված՝ ուրեմն խորհրդանիշ է։ Եթե հարցնում եք՝ «Ի՛նչ էին խոսում արագիլները չվելուց առաջ», ուրեմն մի բանի խորհրդանիշ է այդ արագիլը։

Բնապահպանականն ու մարդասիրականն առաջին հերթին, բայց խորհրդանիշ մեծարող ու կուլտիվացնող ժողովուրդ ենք, ու լրահոսն ասում է, որ խորհրդանիշը կեղտոտ է, թևերը ճենճոտել են ու թռչել չի կարողանում յուղից։ Փետուրը ծանրացել է։ «Ֆեյսբուքի» օգտատերերը, որ երեկ սահմանադրագետ էին կամ «Գարդասիլի» կոնսուլտանտ, հիմա առաջարկում են քացախով լվանալ արագիլի թևերը, չէ՝ աղաջրով, չէ՝ աման լվանալու հեղուկով, չէ՝ տնտեսական օճառով, լաքահանող հեղուկն էլ թթվածին է արտազատում ու կմաքրի հաստատ։ «Հաստատ»-ը ամենակարևորն է։

Բոլորը պատրաստ են օգնելու կեղտոտված խորհրդանիշին, մաքրելու թևերի յուղը։

Բայց ո՛նց ենք անելու։

Պիտի հատ-հատ բռնենք Արարատի տարածքի արագիլներին, լվանա՞նք թևերը։ Չգիտեմ՝ ո՛նց ենք պատկերացնում արագիլներին լողացնելը։

Մարդասիրական վերաբերմունքից ու մտահոգությունից զատ, արագիլների անօգնական տեսքը չարագուշակ բան ուներ իր մեջ։ Բայց ի՞նչ։ Մի քանի օր, ինչպես սովոր ենք, թեման բարձր ճնշման տակ ներբեռնում ենք «Ֆեյսբուք», խոսակցական բարձր ապրումակցում ցուցաբերում, տեքստով ցանկանում ապաքինում, այսպիսով, մեզ ազատելով ճնշող բացասական զգացմունքներից, ու կառուցում աղետին մեր մասնակցության իմիտացիան։ Մենք՝ օգտատերերս և ՀՀ քաղաքացիներս, բավարարված ենք։

Ենթադրություն կա, որ սա կոնկրետ պարենային յուղի արտանետման պատճառով տեղի ունեցած աղետ էր։ Մի պետության մեջ, որտեղ ամեն ինչ վերահսկելի է դարձել, կարծում եմ՝ վաղուց պետք է հայտնի դարձած լինեին մեղավորները, պարզված պիտի լիներ յուղի տեխնիկական կամ պարենային որակի լինելը, այլ ոչ ենթադրություն մնար, հայտնաբերվեր այն օբյեկտը, որի արտանետումները նախ՝ աղտոտել են Հրազդան գետը, ապա մի երկրի խորհրդանիշ դարձած զարմանալի թռչունների թևերը, ու նրանք մահանում են։ Բայց քանի որ արագիլը բացարձակ ապաքաղաքական և բացարձակ ապաֆինանսական գոյություն է, աղետի հանդեպ «բարձր տոլերանտություն» ցուցաբերվեց։ Քանի որ արագիլը չունի քաղաքական անցյալ, քաղաքական ներկա ու ապագա և, մանավանդ, չկա ֆինանսական ինտրիգ՝ արագիլին լողացնում են անհատները, իսկ մեղավորը չկա։ 

Եթե արագիլին խնդրում ենք, որ մեր տան մոտ ապրի, բույն հյուսի ծառին, որովհետև ինքը բախտի արագիլն է՝ բախտի երաշխավորը, ուրեմն նրան ճենճի մեջ սպանողին գոնե ֆինանսական տույժի ենթարկելը եթե օրենքի պարտադրումը չէ, գոնե ինչ-որ իմաստով «լավ բախտի» երաշխիք է։

Գոնե այսպես։ Քանի որ Հրազդանի աղտոտումը արագիլի կեղտոտվելուց հետո կանգ չի առել, ոչինչ չի պարզվել, և մենք, նախ՝ ունենք գետի աղտոտում, ապա դրա հետևանքով արագիլների վնասում, իսկ մեր Քրեական օրենսգրքի 287-րդ հոդվածն ասում է.

«Մակերեսային կամ ստորերկրյա ջրերը, խմելու ջրամատակարարման աղբյուրները աղտոտելը, աղբոտելը, խցանելը, սպառելը կամ դրանց բնական հատկությունները կամ որակական բաղադրությունն այլ կերպ փոփոխելը, եթե այդ արարքները դիտավորությամբ կամ անզգուշությամբ կենդանական կամ բուսական աշխարհին, ձկնային պաշարներին, անտառային կամ գյուղացիական տնտեսությանը էական վնաս են պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։

Գոնե այսպես։ Գոնե սրանով պայմանավորենք այն հաստատություններին պատասխանատվության ենթարկելը, որոնց բարեկեցությանն ուղղված գործունեության արդյունքում արտանետումները սպանեցին արագիլին գարնան, արագիլին ամռան։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am