ՀՀ հպարտ քաղաքացիս, որ ֆանատիկ եմ կոչվում հիմա. ոսկեբեր քվարցիտ

18-08-2019
ՀՀ հպարտ քաղաքացիս, որ ֆանատիկ եմ կոչվում հիմա. ոսկեբեր քվարցիտ

Մի անգամ Հադրութի Տող գյուղում խաղողի այգիները վնասող վտանգավոր միջատի անունն էր այսպես դուր եկել ինձ՝ ֆիլոքսերա։ Մեկ միլիմետրանոց միջատը սպառնում էր վերացնել խաղողի հսկա տարածքները. ռումբերն ու ականները չէին վերացրել՝ մեկ միլիմետրանոց միջատը սպառնալիք էր։

Ոսկեբեր քվարցիտ․ սա էլ շատ սիրուն է, փայլ կա մեջը, «քվարցիտից» է, երևի, իսկ «ոսկեբերը» յուղաբերի ու արևագույնի հետ է զուգահեռվում։

Ամուլսարի տակից ոսկեբեր քվարցիտը հանելու պատմությունը մտնում է վերջին փուլ։ 

Մի քանի օր առաջ նոր պետության ջատագովներով մտածում էինք՝ ոնց են դուրս գալու այս, այս ու այս հարցերի տակից, որ բացել են ու մնացել բեռի տակ։ Դրանցից մեկը Ամուլսարն էր։ Մինչ մենք՝ ջատագովներով, ելքեր էինք մտածում, մնալով ազնվության սահմաններում, իշխանություններն այս ծանր բեռը դրեցին մի քանի մարդու ուսերին ու բաց թողեցին մեդիա դաշտ։

Ու նախկին մեր ընկերները ոսկեբերան դարձած ստիպված պատմեցին ոսկեբեր քվարցիտի անվտանգության մասին՝ հընթացս առաջ քաշելով բնապահպաններին ուղղված «․․․Վարդուշին կզարգես, էդ ինչխ էղավ, որ ընձի մե անգամ չզարգեցիր» կոնցեպտը՝ մեղադրելով նրանց միայն Ամուլսարի գործարկման դեմ պայքարելու մեջ, իսկ մնացած հանքերի դեմ՝ ոչ։ 

Այսօր ունենք հետևյալը. նոր իշխանությունները գնում են Ամուլսարի գործարկմանը, քանի որ առանց հիմնավորման հանքի աշխատանքը կասեցնելու դեպքում պետությունը, ըստ իրենց թվերի, ստիպված է լինելու վճարել առնվազն 700 – 750 մլն դոլար։

Բնապահպան, փաստաբան Նազելի Վարդանյանը հայտարարեց, որ «Լիդիանը» օֆշորային գոտում գրանցված կազմակերպություն է, իսկ օֆշորային կազմակերպություններն իրավունք չունեն դիմելու միջազգային արբիտրաժ։ Այդ պատճառով «Լիդիանը» Կանադայում և Բրիտանիայում ստեղծել է երկու կազմակերպություն, որ իրենց միջոցով ազդի, բայց դա հետադարձ ուժ չունի»։ 

Այլ իրավաբաններ պնդում են,որ եթե կողմերը պայմանագրով միջազգային արբիտրաժ դիմելը նախատեսել են,ապա՝ կարող են դիմել: Այստեղ առաջանում է հաջորդ խնդիրը՝արդյոք դա բաց փաստթուղթ է:

Դժվար է պատկերացնել, որ Կառավարությունն այսքանը չգիտի։ Ինչ վերաբերում է 700 մլն դոլարին, ըստ փաստաբան Նազելի Վարդանյանի՝ թիվը հիմնավորված չէ, քանի որ մինչ այդ Տիգրան Ավինյանը հնչեցրել է այլ գումար՝ 2 միլիարդ։

Իսկ ինչ վերաբերում է միջազգային փորձաքննությանը, որի արդյունքների վրա հիմնվելով Կառավարությունը հայտարարում է հանքի անվտանգության մասին, Նազելի Վարդանյանը հարցազրույցում հայտարարեց, որ Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը միջազգային փորձագիտական կազմակերպություն չէ, ուղղակի օտարերկրյա կազմակերպություն է։

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտը լվացվելու է ցիանիդով։ Մեր՝ ՀՀ բնակիչներիս մտահոգությունն այդ ոսկեբերը մահաբերով լվացվող ցիանիդային ջրերի խառնվելն է մեր խմելու ջրերին, հողին, որի բերքը ուտում ենք, օդին, որը շնչում ենք, Ջերմուկի հանքային բուժիչ ջրերին, որով մի ժամանակ նախորդ ջահելների օրոք պետություն էինք պահելու, որը յոթանասուն տարի մեր գլխավոր առողջարանն է, որտեղ ամեն տարի հանգստանում են բազմաթիվ հայաստանաբնակներ և օտարերկրյա մարդիկ, որտեղ հանգստյան տան մեկ տեղանոց համարի մեկ գիշերվա գինը, ի դեպ, 50 հազար դրամ է։ 

Վայոց ձորի գյուղերի բնակիչներն իրենց ծանր առօրյայում հաստատ պարտավոր չեն քննելու ԷԼԱՐԴ-ի ով լինելը, իմանալ ու հասկանալ նրա տված եզրակացության բազմաբարդ կետերը։ Վայոց ձորի բնակչությունը, Հայաստանի մյուս ոչ մասնագետ բնակչության նման ուզում է համոզված լինել։ Համոզված լինելու համար վստահելի կազմակերպության կամ գոնե մարդու խոսք է պետք նրանց։ Ոչ ոք մեզնից անձամբ ու հերթով չի մտնելու նայի, թե պաշտպանիչ շերտը քանի սանտիմետր ու մետր է՝ 90, թե՞ պակաս։

Համացանցում տարածված պատկերավոր ու հանրամատչելի տեսանյութը, որում ասվում է․

«Բացահանքից դուրս է գալիս երկու տեսակի ապար՝ արդյունաբերական մետաղ պարունակող հանքաքար և դատարկ ապար։ Հանքաքարը մանրացնելուց հետո փոխակրիչով տեղափոխվում է կույտային տարալվացման հարթակ, որտեղ կորզվում է ոսկին։ Հանքաքարի վրա կաթիլային համակարգով ավելացվում է ցիանիդի նոսր լուծույթը։ Այնուհետև ոսկով հարուստ հեղուկը լցվում է հատուկ ավազան, որտեղից մղվում է ոսկու կորզման գործարան։ Ոսկին և արծաթը կորզվելուց հետո հեղուկին ավելացվում է ցիանիդ, քանի որ արտադրական պրոցեսում անընդհատ ավելացվում է նոր հանքաքար, արտաքին միջավայր հեղուկ չի գնում, լուծույթն ամբողջությամբ նորից մղվում է արտադրական պրոցես։ Կույտային տարալվացման հարթակն ունի պաշտպանիչ մի քանի շերտ՝ արտահոսքը կանխելու համար։ Այսպիսով սա լիովին փակ ցիկլ է, որի ընթացքում արդյունաբերական նյութը անընդհատ պտտվում է համակարգի մեջ»։

Ինչ խոսք, մանրակրկիտ ու հանրամատչելի բացատրություն է, բայց իրոք փակ ցիկլ է, քանի որ տարիների ընթացքում, ընդ որում, դեռ սովետական շրջանից, Հայաստանի և հետսովետական ողջ բնակչությունը սովոր է, որ իրեն խաբում են փաստարկված ու համոզիչ փաստաթղթերով, և խաբում են ոչ թե մի քիչ ու որոշ կետերում, այլ՝ ամբողջությամբ։ Հետևաբար, եթե անգամ ԷԼԱՐԴ-ը լիներ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունը, եթե անգամ նախկին բնապահպանները շարունակեին տանել իրենց հին գիծը, այլ ոչ Կառավարության գծի բարձրաձայնողը դառնային մեկ օրում, միևնույն է, կասկածը, որ իրենց խաբում են, դեռ երկար լինելու է։ Ուր մնաց թե նշված բոլոր կասկածելի պարագաների առկայության դեպքում։

Ամեն ինչի հիմքում փողը որպես պատճառ ու հետևանք տեսնելուց ու հասկանալուց հետո անգամ, նորմալ, միջին վիճակագրական ազնիվ ու գուցե թույլ արտահայտված ռոմանտիկ մարդը, որը որևէ շահ այս թեմայի մեջ չունի, շարունակում է մտածել, թե ո՛րն է ելքը ու ինչպե՛ս փրկել Վայոց ձորի ու մնացած ձորերի հայ բնակիչներին թունավոր նյութ չխմելուց, չուտելուց, չշնչելուց, և ինչպե՛ս վստահել ու հավատալ որևէ մեկին, երբ փողը հիմքն է բոլոր մեծ ու միջին գործերի։ 

Կարելի է նույնիսկ մոռանալ ու ապրել քեզ տրված կյանքը, ապրել՝ ստեղծելով քո միջին հնարավորությունները, ուղղակի մոռանալ ցիանիդի ու բոլոր ցիանիդների մասին ու վայելել այն մի քանի տասնամյակը, որ ունես անձամբ դու։ Բայց երբ Մոսկվայից վերջերս Երևան տեղափոխված բժիշկ բարեկամդ, որը լավ չգիտի Հայաստանի նրբությունները, քեզ միամիտ հարց է տալիս, թե ինչո՛ւ իր՝ քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդների մեծ մասը Ալավերդուց է, անմիջապես ուսանող ժամանակվա բողոքը բարձրանում է մինչև կոկորդդ, ու էլի ուսանող ժամանակվա պես ուզում ես գոռալ՝ «ոնց եք սպանում էս ծանր կյանքից սմքած մարդկանց», ու ձևավորվում է հերթական կարգախոսը, ինչքան էլ դու գիտես, որ ամեն ինչի հիմքում փողն է։

Հետո, այդքանից հետո, սոցցանցում նորիշխանական թևի ամեն հիմարության, սխալի վրա չարախնդացող, չէ՛, չարախնդացող չէ՝ չարահռհռացող մեկը, որին անպայման վստահեցրել են, որ իր հասկացածը ուրիշը չի հասկացել կամ չի տեսնում, կամ այնքան մանկամիտ է, որ շարունակում է երազել, ծաղրում է չափազանց ազնիվ կենսագրությունդ ու անտարբերությամբ այդպես էլ չվարակված ապրելուդ ձևը։ Վրադիր էլ՝ մոտիկ ընկերդ արդեն ֆանատիկ է անվանում մեզ, ովքեր շարունակում ենք ասել՝ ո՛չ։

Մի քանի օրից, ինչպես բոլոր արտառոց դեպքերի ու իրադարձությունների դեպքում էր, կմարի բողոքի հուժկու ալիքը հավանաբար, ու պրոֆիլները հերթական անգամ կփոխեն թեմատիկան, ուստի արագ է պետք մտածել։ Մի քանի օր բոլոր ահավոր տաղտկալի ու բարդ փաստաթղթերը քննություն հանձնողի պարտաճանաչությամբ կարդալուց հետո մտածում ես։ Իսկ մտածելու նյութը սա է. ինչպե՛ս հավատալ, ինչպե՛ս վստահել, ի՛նչ անել, որից հետո կարելի լինի համոզված վստահել, ու ոչինչ չես գտնում։

Եվ առավոտյան իմ սիրելի բանաստեղծ Կարեն Անտաշյանը «Ֆեյսբուքում» գրում է․ «Համաձայն եմ, որ կառավարող ուժը կողմ քվեարկի Ամուլսարի շահագործմանը, եթե նաև համաձայնվի, որ այսուհետ իրենց տներում պետք է խմեն միայն Ամուլսարի մոտակա աղբյուրներից շշալցված ջուրը, իսկ հատուկ ստեղծված ժողովրդական հանձնաժողովը կազմակերպի և վերահսկի դրա կանոնավոր մատակարարումն ու սպառումը»։

Առաքումն ապահովում ենք։ Միայն իրավական հիմք տվեք մեր մտածած «Стакан воды» ակցիային։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am