«Բռնության մշակույթի դեմն առնելու համար պետք է նախ իշխանություններն իրենց օրինակով ցույց տան այդ մշակույթի մերժումը». իրավապաշտպան

19-08-2019
629 դիտում
«Բռնության մշակույթի դեմն առնելու համար պետք է նախ իշխանություններն իրենց օրինակով ցույց տան այդ մշակույթի մերժումը». իրավապաշտպան

Բռնության ու ատելության քարոզի մթնոլորտը օրենքով հնարավոր չէ փոխել, եթե իշխանությունները իրենց օրինակով չհրաժարվեն բռնության մշակույթից, և եթե մանկապարտեզից ու դպրոցից սկսած պայքար չտարվի այդ երևույթի դեմ։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծին։

«Ես վերապահումով եմ մոտենում այսպիսի նախագծերին։ Մենք Հայաստանում մեծ խնդիր ունենք, որովհետև ընդհանրապես բռնության սպառնալիքի, հայհոյանքի մշակույթ ունենք, որը գալիս է շրջապատից, դպրոցից, նույնիսկ ընտանիքից և տեղափոխվում է պետական կառույցներ, բանակ, էլ չեմ խոսում քրեակատարողական հիմնարկների մասին։ Բռնության ու հայհոյանքի մշակույթը շատ լուրջ սպառնալիք է»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Դրանով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել 226.2-րդ հոդվածով, որով պատասխանատվություն է նախատեսվում անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնությունը քարոզելու համար:

Մասնավորապես, ըստ նախագծի՝ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ նման բռնությունը քարոզելը պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հարցադրում է անում՝ արդյոք օրենքով հնարավո՞ր է բռնության մշակույթի դեմն առնել։

«Ես շատ կասկածանքով եմ դրան վերաբերվում, որովհետև իմ համոզմունքն այն է, որ բռնության մշակույթի դեմն առնելու համար պետք է նախ իշխանություններն իրենց սեփական օրինակով ցույց տան այդ մշակույթի մերժումը՝ իրենց բառապաշարով, վարքով, նույնիսկ իրենց հայացքով։ Երկրորդ՝ եթե իշխանություններն ուզում են բռնության մշակույթի դեմն առնել, մեծ ուշադրություն պետք է դարձնեն կրթության ոլորտին»,- ասում է Իշխանյանը։ Ըստ նրա՝ մանկապարտեզից պետք է մանկավարժների հետ բռնության մշակույթը վերացնելու հատուկ կուրսեր անցկացվեն, որպեսզի դպրոցից սկսած բռնության մշակույթը մերժվի։ Այսինքն, ըստ իրավապաշտպանի, համալիր ծրագիր պետք է իրականացվի։

«Ես կարծում եմ՝ եթե այս քայլերն արվեն, թերևս այդպիսի օրենք ընդունելու անհրաժեշտություն չլինի։ Իսկ ինչ վերաբերում է օրենք ընդունելուն, ապա, կրկնում եմ, ես շատ վերապահումով եմ մոտենում դրան, որովհետև ինչպես Հայաստանում բազմաթիվ օրենքներ ընտրովի են կիրառվում, կասկածներ կան, որ սա նույնպես կարող է ընտրովի կիրառվել։ Բայց դա դնենք մի կողմ, ենթադրենք՝ լավագույն ցանկություններով անգամ այդ օրենքն ընդունվի, ընտրովի մոտեցում չլինի, ապա ես կարծում եմ, որ ինչպես, օրինակ՝ ընտանեկան բռնության մասին օրենքի դեպքում ոչինչ չփոխվեց, նույնկերպ էլ այս օրենքը կմնա թղթի վրա»,- հավելում է Իշխանյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ նկատում է, որ առկա գործիքակազմը բավարար էր, որպեսզի հնարավոր լիներ պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցներում կամ սոցիալական մեդիայում ատելության խոսք տարածողներին ու սպառնալիքներ հնչեցնողներին։ 

«Քրեական օրենսգրքում նախատեսված են այդպիսի դրույթներ. 137-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում սպառնալիքների համար, գիտենք, որ դրույթներ կան տարատեսակ խտրականությունների վերաբերյալ։ Մյուս կողմից՝ վիրավորանքի և զրպարտության համար Քաղաքացիական օրենսգրքում է 1087.1 հոդվածը գործում։ Այնպես որ, մեծ հաշվով եղած գործիքակազմը բավարար կլիներ, եթե կիրառվեր»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ բայց հիմա իրավիճակն այնպիսին է, որ իշխանությունները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն։ Մելիքյանի կարծիքով՝ գուցե եղած օրենսդրական նորմերը պետք է մի փոքր խստացվեին։ «Բայց այնպես, ինչպես հիմա արվում է՝ ընդհանուր ձևակերպումներով, դա կարող է տարատեսակ սուբյեկտիվ մոտեցումների հանգեցնել և տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ։ Եթե պետությունը որոշում է իրավիճակից ելնելով խստացումներ մտցնել, ապա այդ օրինագիծը պետք է շատ հստակ ձևակերպումներ ունենա։ Մասնավորապես, պետք է հստակեցվի, թե ի՛նչ է հասկացվում ատելություն խոսքի տակ, ո՛ր պարագայում է դա կիրառվելու, այսինքն՝ հասկացությունների ձևակերպումը պետք է հստակեցվի»,- ասում է նա։

Ըստ Մելիքյանի՝ հստակություն մտցնելը շատ կարևոր է, որպեսզի խոսքի ազատության առումով որևէ վտանգ չստեղծվի։ Նա նշեց, որ հետևում են գործընթացին, լրագրողական որոշ կազմակերպություններ արդեն քննարկումներ են սկսել, թե ինչ առաջարկություններ կարող են ներկայացնել այս նախագծի վերաբերյալ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am