«Եթե ՍԴ անդամների գիտակցությունը հերիքի, որ կամավոր հեռանան, նրանց հեռանալով մեծ վնաս կկանխենք». փաստաբան

19-08-2019
1110 դիտում
«Եթե ՍԴ անդամների գիտակցությունը հերիքի, որ կամավոր հեռանան, նրանց հեռանալով մեծ վնաս կկանխենք». փաստաբան

Սահմանադրական դատարանի անդամներին վաղաժամ թոշակ նշանակելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ստեղծված իրավիճակում դրական լուծում է, «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է փաստաբան Կարապետ Բադալյանը։ 

«Սա վաղ կենսաթոշակի սխեմա է, որը կիրառվել է շատ այլ երկրներում և անցումային փուլի համար կիրառված միջոց է։ Մենք շատ ենք խոսում միջազգային փորձից, օրինակ՝ նույն Հունգարիայում ու Լեհաստանում մարդկանց պաշտոնավարումը առանց սոցիալական երաշխիքների դադարեցրին, որը հսկայական խնդիրներ առաջացրեց։ Իսկ Հայաստանում առաջարկվող տարբերակը շատ դրական ու նորմալ առաջարկ է, որևիցե իրավունք չի խախտում»,- «Մեդիալաբին» ասում է Կարապետ Բադալյանը։

Նա ընդգծում է, որ ըստ նախագծի՝ ոչ թե մարդկանց պարտադրվում է հրաժարական ներկայացնել, այլ հնարավորություն է տրվում, որ եթե սեփական կամքով հեռանան, կարող են վաղ կենսաթոշակի անցնել՝ պահպանելով իրենց վարձատրությունը։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը մշակել ու հանրային քննարկման է դրել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի, եթե Սահմանադրական դատարանի դատավորը այս տարվա օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնի, ապա մինչև պաշտոնավարման ժամկետը կշարունակի ստանալ իր աշխատավարձը, հավելավճարները, ինչպես նաև օգտվել տրված սոցիալական երաշխիքներից։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ թավշյա հեղափոխությամբ պայմանավորված՝ առաջիկայում հնարավոր են նոր սահմանադրական բարեփոխումներ, բայց սահմանադրի կամքը Սահմանադրական դատարան ձևավորելու առումով չի իրագործվի, քանի որ Հայաստանի Սահմանադրության ընդունման պահին դատարանն արդեն ձևավորված էր։ Ըստ Սահմանադրության՝ ՍԴ դատավորները պաշտոնավարում են մինչև 70 տարին լրանալը: Եվ որպեսզի Սահմանադրական դատարանի կազմի փոփոխություն արվի, արդարադատության նախարարությունն այս նախագծով դատավորներին հնարավորություն է տալիս անկախ տարիքից հրաժարական ներկայացնելու դեպքում օգտվել սոցիալական երաշխիքներից։

Այս նախագիծը վերջին օրերին բուռն քննարկվում է, որոշ շրջանակների կողմից կառավարության այս նախաձեռնությունը որակվում է որպես ճնշում ՍԴ գործող կազմի նկատմամբ, որպեսզի նրանք հրաժարական ներկայացնեն։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով քաղաքական որոշման մասին հարցին, լրագրողներին ասել էր, որ այս նախագիծը ստեղծված իրավիճակում առաջարկվող օրենսդրական լուծում է։

«Ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում, դա չի նշանակում կուսակցական։ Դա նշանակում է քաղաքական որոշում, որը, բնականաբար, չի կարող դուրս գալ իրավական պետության սկզբունքների շրջանակներից»,- նշել էր նախարարը։ Ըստ Բադասյանի՝ սա վաղ կենսաթոշակի սխեմա է, որը կիրառվել է շատ այլ երկրներում ու անցումային փուլի համար կիրառված միջոց է։

Անդրադառնալով ՍԴ կազմի վրա ճնշումներ գործադրելու մասին հարցին՝ փաստաբան Կարապետ Բադալյանն ասում է, որ նախագծի հեղինակը արդարադատության նախարարությունն է, որը ներկայացնում է գործադիր իշխանությունը։

«Եվ հավանաբար ծանոթ եք սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ գործադիր իշխանության կարծիքին, երբ վարչապետը հայտարարեց, որ մենք պետք է 2019 թվականին ունենանք 2015-ի Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան։ Եվ ես դրա հետ լրիվ համամիտ եմ, որովհետև մենք հիմա ունենք Սահմանադրական դատարան, որը գործում է ոչ թե 2015 թվականի, այլ 2005 թվականի Սահմանադրությամբ նախատեսված: Այսինքն՝ փաստացի ՍԴ-ի համար 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունները դեռևս ուժի մեջ չեն մտել և ուժի մեջ կմտնեն 2035 թվականին, ինչն աբսուրդ է ու անընդունելի»,- ասում է նա։

Ըստ փաստաբանի՝ առաջարկվող տարբերակը շատ նորմալ մոտեցում է, որպեսզի Սահմանադրությունն ամբողջությամբ գործի։ Իսկ այդ անձինք, ովքեր խցանել են և թույլ չեն տալիս, որ Սահմանադրությունը գործի, պետք է հրաժարական տան և թույլ տան, որ Սահմանադրությունն աշխատի։

«Իմ կարծիքով՝ նրանց գիտակցությունը կբավարարի, որ նրանք հեռանան։ Իսկ սա շատ գործուն տարբերակ է։ Կարող էր այլ տարբերակ էլ լինել։ Օրինակ՝ քննարկում էինք չառաջարկել ոչ մի բան, այլ պարզապես կարող էր հիմք ընդունվել այն տարբերակը, որ 2018 թվականի ապրիլի 9-ից մենք արդեն չունենք ՍԴ անդամներ, և անդամների լիազորություններն օրենքի ուժով դադարած են։ Եվ կարող էին արդեն հերթականությամբ անցնել դատավորների նշանակմանը։

Բայց այստեղ կա նաև մյուս փաստը, որ այդ մարդիկ ծուղակն են ընկել մի քանի անձանց պատճառով, չպետք է դրա հետևանքները կրեն և պետք է սոցիալական երաշխիքներ ունենան։ Ինձ թվում է՝ սա շատ բազմակողմանի մտածված տարբերակ է։ Բոլոր կողմերից փակուղային իրավիճակ է, և ես շատ ուրախ եմ, որ հարցի լուծման քաղաքակիրթ տարբերակ է ընտրվել, իրենց ֆեոդալական քաղաքակրթությանը բնորոշ պնդաճակատությանը առաջարկվում է դեմոկրատական քաղաքակրթությանը բնորոշ և մարդու իրավունքների պաշտպանությամբ ուղեկցվող տարբերակ»,- ասում է Կարապետ Բադալյանը։

Անդրադառնալով ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի այն հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում անաշխատ եկամուտ ստանալ, Կարապետ Բադալյանը հարցադրում արեց՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Ալվինա Գյուլումյանը դիմել դատարան ու 840 հազար դրամի չափով աշխատավարձի հավելավճար պահանջում։

«Լավ է, որ դատարանները ՍԴ անդամին ասացին՝ կներեք, տիկին Գյուլումյան, դուք իրավունք չունեք անաշխատ եկամուտ ստանալ, և մերժեցին։ Նրանք այնքան վնաս են տվել մեր երկրին, որ լավ կանեն հեռանան ու այդ գումարը ստանան։ Եթե նրանց գիտակցությունը հերիքի, որ կամավոր հեռանան, մենք նրանց հեռանալով մեծ վնաս կկանխենք։ Նույն Ալվինա Գյուլումյանի «թեթև» ձեռքով Ռոբերտ Ք ոչարյանը դարձավ նախագահ։ Կեղծ տեղեկանքի հիման վրա անձը եկավ, ընտրություններին մասնակցեց, ու նրան Ալվինա Գյուլումյանի «թեթև» ձեռքով դարձրին նախագահ։ Դե պատկերացրեք՝ այդ վնասը, որը նա պատճառել է Հայաստանին, հնարավո՞ր է հաշվարկել»,- նշում է Կարապետ Բադալյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am