«Պուտինյան հինգերորդ ինտերնացիոնալը հիբրիդային պատերազմով փորձելու է իշխանությունը վերադարձնել գողերի համակարգին». Տիգրան Խզմալյան

20-08-2019
1306 դիտում
«Պուտինյան հինգերորդ ինտերնացիոնալը հիբրիդային պատերազմով փորձելու է իշխանությունը վերադարձնել գողերի համակարգին». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր, Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը:

 - Պարո՛ն Խզմալյան, Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է հայկական կողմին չհանձնել Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին։ Դուք գրառում էիք կատարել, թե «Մոսկվան գողերին չի հանձնում, որովհետև իրականում դրանք նրա գողերն են»։ Սա երկրորդ դեպքն է, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանից հետո, երբ ռուսական կողմը մերժում է արտահանձնումը։ Ի՞նչ է կատարվում։

- Մենք պետք է հասկանանք, որ պուտինյան Ռուսաստանն իսկապես Սովետական Ռուսաստանի իրավահաջորդն է։ Եվ եթե Ելցինի ժամանակ աշխարհն ու Հայաստանը կարող էին հույս ունենալ, որ այդ կայսրությունը ժողովրդավարական ուղի է բռնել, ապա Պուտինի պաշտոնավարման առաջին իսկ օրերին բոլոր այդ պատրանքները քանդվեցին, ընդունեցին սովետական օրհներգը, բազմաթիվ այլ խորհրդանիշներ, սկսեցին Ստալինին մեծարել։ Եվ, ինչպես ռուս խոշոր քաղաքագետներն են գրում, նրանք ստեղծեցին հինգերորդ ինտերնացիոնալը։

Հայտնի է, որ Մարքսը ստեղծել էր առաջինը, Էնգելսը՝ երկրորդը, երրորդը ստեղծել էր Լենինը, չորրորդը՝ Ստալինը, իսկ հինգերորդն ստեղծել է Պուտինը։ Այդ ինտերնացիոնալները ժամանակին համաշխարհային կառավարություն էին փորձում լինել, և հինգերորդը գողերի ինտերնացիոնալ է, որովհետև նրանք չունեն այլ գաղափարախոսություն, բացի գողությունից։ Եվ այդ գողությունը արտոնված գողություն է, դա խոշոր օլիգարխիա է։

Պետք է հասկանալ հետևյալը։ Ռուսաստանում, հետևաբար նրա ազդեցության տակ մնացած երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, առ այսօր ֆեոդալական կարգեր են։ Պուտինը փաստորեն դրվել է, որպեսզի այդ ֆեոդալական վարչակարգը բերի իդեալական վիճակի, և նա դա արեց։ Իզուր չէր, որ Պուտինը շնորհավորում էր բանտում գտնվող Քոչարյանին՝ ծննդյան կամ Ամանորի կապակցությամբ։ Այդ ամենը չի ավարտվել, դեռ շարունակվում է։

Այնպես որ, շուտով, մի քանի շաբաթ անց, մենք կտեսնենք, որ այդ գողերի Պուտինյան հինգերորդ ինտերնացիոնալը հիբրիդային պատերազմով փորձելու է վերադարձնել իշխանությունը հենց այդ համակարգին։ Այնպես որ, Միհրան Պողոսյանը մանր դեպք է, դա ընդամենը խորհրդանշական էր, ուղերձ էր այն մասին, որ՝ մենք ոչինչ չենք մոռացել, շարունակում ենք վարել նույն քաղաքականությունը, և դուք պետք է հիշեք, թե ում հետ գործ ունեք։

- Վերջերս Քոչարյանի գործով Հայաստանի իշխանությունների նկատմամբ կարծես ռուսական կողմից ճնշումներ գործադրելու փորձեր արվեցին։ Առաջիկայում հնարավո՞ր են նոր ճնշումներ։ Ընդհանրապես, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ «Պուտինյան հինգերորդ ինտերնացիոնալը փորձելու է վերադարձնել իշխանությունը հենց այդ համակարգին»։

- Քոչարյանը տվյալ դեպքում ընդամենն առիթ է։ Տարբեր երկրներում քոչարյանների անունները տարբեր են։ Դա կարող է լինել Բիձինա Իվանիշվիլի Վրաստանում, Յանուկովիչ՝ Ուկրաինայում։ Նրանք նույն այդ հինգերորդ գողական ինտերնացիոնալի մռայլ ասպետներն են, իրականում գողեր, ավազակներ, մարդասպաններ՝ Քոչարյանից մինչև Յանուկովիչ, սկսած Պուտինից, վերջացրած Պատրուշևով։ Նրանք մարդկության դեմ լրջագույն հանցանք կատարած մարդիկ են։ Եթե վերցնենք միայն Քոչարյանին, ինչո՞ւ ենք մենք խոսում միայն նրա նախագահության վերջին օրվա՝ Մարտի մեկի մասին, չենք խոսում Հոկտեմբերի 27-ի մասին։

Մենք չենք խոսում այն մասին, որ Երևանը՝ սեյսմիկ գոտում գտնվող միլիոնանոց քաղաքը, դարձել է պոտենցիալ գերեզմանոց, մեր դպրոցների ու մանկապարտեզների գլխին բազմահարկ շենքեր են կառուցված։ Դա ռումբ է, որը մի օր պայթելու է, մենք գերեզման ենք սարքել մեր երեխաների գլխին, և դրա ուղիղ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է՝ իր ագահ հանցավոր կլանի հետ միասին։ Այնպես որ, Պուտինն ընդամենը փորձում է վերականգնել դա։

Բայց, փառք Աստծո, Պուտինն ինքն անչափ թուլացել է, և Պուտինին շուտով փոխարինելու են, որովհետև նա խնդիր է առաջացնում Ռուսաստանի համար։ Եվ, ամենայն հավանականությամբ մենք շատ շուտով՝ ամիսներ անց, Ռուսաստանում կտեսնենք լուրջ փոփոխություններ, որոնք բերելու են Հայաստանում երկար սպասված փոփոխությունների։

- Ռուսաստանում անցկացվող ակցիանե՞րը նկատի ունեք։

- Մենք երբեք չպետք է շփոթենք հետևանքները պատճառների հետ։ Երբ դուք ջրի մեջ քար եք գցում, պետք է քարը հիշել, ոչ թե ալիքները, որը նա առաջացնում է։ Այդ ակցիաներն ալիքներ են, որոնք առաջացել են պատժամիջոցների, համաշխարհային մեկուսացման հետևանքով, այն բանի հետևանքով, որ բազմաթիվ միլիարդատերեր չեն կարողանում Ռուսաստանում յուրացնել իրենց գողոնը, որովհետև սառեցված են օֆշորային հաշիվները։ Եվ, բնականաբար, դա արտացոլված է հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ երիտասարդության վրա, որը, մնալով Ռուսաստանում, չի ուզում ապրել այն բանտում, որն իր համար պատրաստել են Պուտինն ու իր գողական ընկերները։

- Ամուլսարի հանքավայրի դեմ պայքարին անդրադառնալով դուք հարցադրում էիք արել, թե ինչո՞ւ են Թեղուտի, Կապանի, Ալավերդու մասին լռում, արդյոք այն պատճառո՞վ, որ դրանք կապ ունեն ռուսական կողմի հետ։ Այսինքն՝ դուք ուղղորդո՞ւմ եք տեսնում Ամուլսարի այս հարցում։

- Բնականաբար։ Մենք ընդհանրապես չպետք է մոռանանք, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ձևավորվեց բնապահպանական պայքարից։ Մեր սերունդը՝ որպես քաղաքացիական հասարակություն, սկսեց վերականգնվել 2011-2012 թվականներին Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված պայքարով, որը ինչ-ինչ պատճառներով հաջողությամբ պսակվեց։ Բայց մենք պարտվեցինք բազմաթիվ այլ կարևոր հարցերում՝ դա և՛ Թեղուտն էր, և՛ Ալավերդու, և՛ Կապանի սարսափելի բնապահպանական աղետներն են, որոնք բերել են նրան, որ Հայաստանը ուռուցքային հիվանդությունների ցուցանիշով բարձր դիրքեր է զբաղեցնում աշխարհում։

Դա թաքցվում է, որովհետև թաքցվում էր նաև Սովետի ժամանակ։ Թաքցվում էր նաև «Նաիրիտի» սարսափելի ազդեցությունը, իսկ Երևանն ընդհանրապես կառուցվում էր որպես «Նաիրիտին» կից բնակավայր։ Շատերը դա հիմա մոռանում են, բայց «Նաիրիտը», որն արտադրում էր աշխարհի սինթետիկ կաուչուկի 10-12 տոկոսը, կարևոր նշանակություն ուներ սովետական ռազմական արդյունաբերության համար։

Այնպես որ, Հայաստանն այդ զոհասեղանին էր դրված։ Եվ բնապահպանությունն այստեղ քաղաքականության առանցքն է։ Ցավոք սրտի, մեր բնապահպանները, ովքեր կամ չեն գիտակցում, կամ գիտակցաբար են փորձում բնապահպանական հարցերը տարանջատել քաղաքական հարցերից, չարաչար սխալվում են։ Դա բերելու է ուղղակի հերթական պարտության։

Հայաստանը պետք է բոլորովին այլ հարցերի պատասխանի, բնապահպանական հարցերն ածանցյալ են գլխավոր հարցից։ Իսկ գլխավոր հարցը քաղաքակրթական է և քաղաքական՝ ո՞րն է Հայաստանի ապագան, տնտեսական, քաղաքական ի՞նչ մոդել է ընտրում Հայաստանը։ Ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ նրա բնապահպանությունն է։ Ամենաբարգավաճ ու բարվոք բնապահպանական երկրները տնտեսապես ամենահարուստ ու բարգավաճ երկրներն են։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am