«Հնարավոր է Ամուլսարի որոշումը լավագույնը չլինել որևէ մեկիս համար, բայց դա չի նշանակում, որ մենք պահանջելու ենք իշխանության հրաժարականը». քաղաքագետ

23-08-2019
«Հնարավոր է Ամուլսարի որոշումը լավագույնը չլինել որևէ մեկիս համար, բայց դա չի նշանակում, որ մենք պահանջելու ենք իշխանության հրաժարականը». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

- Պարո՛ն Սաֆարյան, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հասարակության մի հատված ընդվզում է։ Սա ինչպես կարող է ազդել գործող իշխանության վարկանիշի վրա, հնարավո՞ր է վարկանիշի նվազում։

- Կայացված ցանկացած որոշում՝ կլինի հանքավայրի շահագործման օգտին, թե դեմ, անշուշտ ազդելու է իշխանության վարկանիշի վրա։ Ամուլսարի՝ նախկին իշխանություններից մեզ թողնված այս ծանր բեռի լուծումը՝ կամ այս, կամ այն կողմ, իհարկե այդ խնդիրն առաջացնելու է։ Մի կողմ ենք թողնում Ամուլսարը ռևանշիստական նպատակներով օգտագործողներին, բայց հասարակության մեջ, այո՛, կան ընդդիմացողներ։ Ոմանք պնդում են, որ հանքը պետք է շահագործվի, ոմանք՝ որ չպետք է շահագործվի։ Որ որոշումն էլ ընդունվի, մյուս թևը դա չի ընդունելու։

- Հետևաբար, դժգոհողների զանգվածի մեծացումը ի՞նչ կարող է նշանակել իշխանության համար։

- Դա դեռևս չի նշանակում, որ ընդհանուր առմամբ նույնիսկ նրանք, ովքեր դժգոհ են մնալու Նիկոլ Փաշինյանի որոշումից, իսպառ հրաժարվելու են իրենց ձևավորած իշխանությունից։ Ամենևին ոչ։ Ես չգիտեմ, թե կառավարությունն ի՛նչ որոշում կկայացնի, համենայնդեպս, այս պահին դա չի ազդելու իշխանության նկատմամբ իմ վերաբերմունքի վրա։ Եվ ինձ նման շատ մարդիկ կան։ Այսինքն՝ մենք հրաշալի հասկանում ենք, որ այդ որոշումը կարող է լավագույնը չլինել որևէ մեկիս համար, բայց դա չի նշանակում, որ մենք դրանից հետո պահանջելու ենք իշխանության հրաժարականը։

Նորից եմ կրկնում, մի կողմ ենք թողնում քաղաքական ռևանշիստներին, որոնց համար Ամուլսարն ընդամենը միջոց է։ Նրանց երևի հետաքրքիր էլ չէ՝ հանքը կշահագործվի, թե ոչ, նրանք ուղղակի պատճառ են փնտրում իշխանության դեմ կռիվ տալու համար։ Նրանք զավեշտալի ձևով ղարաբաղյան խաղաքարտից զրկվեցին և հայտնվեցին ծիծաղելի վիճակում։ Պնդում էին, թե Նիկոլ Փաշինյանը հողերը հանձնելու է, բայց պարզվեց ճիշտ հակառակը։

- Արդեն նկատելի էր, որ օրերս Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիայի ժամանակ որոշ քաղաքական ուժեր էին ակտիվացել։ Այսինքն՝ հստակ նշմարվո՞ւմ են այն ուժերը, որոնք այս ֆոնին կարող են ակտիվանալ ու փորձել դիվիդենդներ շահել։

- Այո՛, միանշանակ կան այդ քաղաքական ուժերը։ Այդ ուժերի մեջ հատկապես նկատելի են նախկին իշխանությունները, որոնց համար Նիկոլ Փաշինյանի դեմ կռիվ տալը և նրան թուլացած տեսնելը կյանքի երազանք է, եթե անգամ դա տեղի ունենա Հայաստանի թուլացման հաշվին։ Նրանք այդ բոլոր կարմիր գծերը անցել են, և ղարաբաղյան խնդրի շահարկումները ցույց տվեցին, որ նրանք սրբություն չունեն։ Այդ ուժերը կարող են անգամ ամենաանբարոյական մեղադրանքներ հնչեցնել ու կասկածներ սերմանել հասարակության մեջ, թե իբր Ղարաբաղը կորցնում ենք։

Եվ այժմ նրանց ակնհայտորեն մեկ բան է հետաքրքրում՝ ինչ խնդիր գտնեն, որ գործեն։ Կլինի դա Ստամբուլյան կոնվենցիա, Ամուլսար թե որևէ այլ հարց, նրանք այդ խնդիրն օգտագործելու են, որովհետև իրենց չլուծված խնդիրներն են ուզում լուծել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հետ։

- Իշխանության անելիքը որը պետք է լինի։

- Այս ուժերին պետք է առանձնացնել, բայց ականջալուր պետք է լինել հանրության այն հատվածին, որն այս կամ այն կարծիքն ունի՝ կլինի դա հանքի դեմ, թե այլ խնդիր։

- Իսկ ի՞նչ անել ճիշտ որոշում կայացնելու համար, որովհետև ինքներդ եք ասում՝ նախորդ իշխանությունից ժառանգած խնդիրներ ունենք։ Ստացվում է՝ ամեն անգամ նման մի որոշում կայացնելու խնդրի առաջ է կանգնելու իշխանությունը, իսկ մարդիկ սկսելու են դժգոհել։

- Ինչ որոշում էլ ընդունեն, այն պետք է լինի վերին աստիճանի բացատրելի, համոզիչ։ Եվ իշխանությունը պետք է կարողանա այդ որոշումը բացատրել և՛ սեփական հասարակությանը, և՛ նաև Հայաստանի միջազգային գործընկերներին։ Իհարկե այստեղ առաջնայինը հանրային շահն է, մեր բոլորիս առողջության շահն է, երկրի ապագայի խնդիրն է, մեր բնական պաշարների հարցն է, բայց ուզենք թե չուզենք, կա նաև միջազգային դերակատար՝ ի դեմ «Լիդիան» ընկերության, այն երկրների, որոնք իրենց ընկերությանը միայնակ չեն թողնելու, եթե հանքը չշահագործվի։ Եվ, հետևաբար, ցանկացած որոշում պետք է լինի վերին աստիճանի համոզիչ ու բացատրելի հանրության համար։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am